ՍՏԵՓԱՆ ԶՕՐԵԱՆ
Փողոցը, որի վրայ բացւում է իմ լուսամուտը, բաւական բանուկ փողոց է։ Մի քաղաքամասից միւսն անցնելու համար դա ամենակարճ եւ ամենայարմար ճանապարհն է. ուստի եւ այնտեղից անցնում են ամէն տեսակ մարդիկ, եւ շատ հարուստներ։ Իմ փողոցի վրայ փայտէ ոտով ծերունին բռնում է հարաւային մայթը, իսկ ջահել կինը՝ հիւսիսային։ Իւրաքանչիւրն իր մայթին նայում է իբրեւ սեփականութեան վրայ, ուր անցորդները շահատու կամ անշահ յաճախորդներ են։ Ծերունին մուրում է շատ ժամանակ նստած, իսկ ջահել կինն անընդհատ երթեւեկում է իր մայթի երկարութեամբ եւ յաճախ օրհնանքի ու խնդրանքի խօսքերով, ձեռն անցորդներին պարզած, հետեւում է նրանց մինչեւ փողոցի անկիւնը։ Եւ, որքան նկատել եմ, ամէն անգամ բան չի ստանում։ Այդպէս չէ, սակայն, ծերուկը։ Նա կանգնած ժամանակ անգամ տեղից չի շարժւում, սպասում է խեղճ, մինչեւ որ անցորդը մօտենայ։ Եւ երբ մօտենում է մէկը, նրա ցամաք շուրթերը քրթմնջում են ինչ-որ… ու ինձ թւում է նա տեղից չի շարժւում նրա համար, որովհետեւ մտածում է (երեւի երկար տարիների փորձ է), որ եթէ մէկը ողորմութիւն տալու լինի՝ կը տա՛յ առանց այլեւայլի, իսկ եթէ՝ ո՛չ, որքա՛ն կուզես ետեւից վազիր… երեւի այսպէս է մտածում նա… բայց թւում է, որ ծերուկը տեղից չի շարժւում աւելի շուտ իր փայտէ ոտքի պատճառով։ Չէ ՞որ այնպէս դժւար է փայտէ ոտքով ու յենակով քայլել նեղ մայթի վրայ։ Բացի դրանից, նրան հաւանօրէն ախորժելի չէ իր փայտէ ոտքի թխկոցը՝ թը՜խկ-դրը՜խկ, թը՜խկ-դրը՜խկ… այսպէս է թւում ինձ։ Եթէ նրա ոտքն առողջ լինէր, գուցէ ջահել կնոջ նման նա էլ հետեւէր անցորդներին։ Բայց քանի որ այդ չի կարող, դրանից է երեւի, որ միշտ նախանձով ու ատելութեամբ է նայում երիտասարդ կնոջ կողմը, իսկ կինն, իր հերթին՝ բազէական աչքերից շարունակ զզւանք ու արհամարհանք է թափում նրա գլխին։
Ես այս շատ լաւ եմ նկատում, որովհետեւ շատ ժամանակ նրանք կանգնում են իմ լուսամատի մօտերքը։ Որքան էլ կարճատես, նկատում եմ, այնուամենայնիւ, թէ ինչպէս ոտաբոբիկ կինը քիթ է վեր քաշում ծերուկի վրայ, եւ ես նրանց նայւածքներից հասկանում եմ, թէ ինչ են ուզում ասել իրարու։ Ծերունու նայւածքն ասում է.
– Աներես, անզգամ, չես էլ կորչում այստեղից։
Կնոջ նայւածքը պատասխանում է.
– Ի՜, հողեմ պառաւ գլուխդ, չես էլ սատկում…
Բանը, սակայն, միայն նայւածքներով չի վերջանում։ Ջահել կինն իր վարմունքներով երբեմն սաստիկ վրդովում է ծերունուն, որովհետեւ օրը մի կամ երկու անգամ իր մայթից անցնում է ծերունու մայթը։ Նա այդ անում է այն ժամանակ, երբ նկատում է, որ նրա մայթով գալիս է հարուստ մի անցորդ: Տեսնելով կինն անցաւ իր մայթը եւ պատրաստւում է արդէն ձեռ մեկնել եկողին, ծերուկն անմիջապէս վեր է թռչում տեղից, յենակը դնում կռան տակ եւ ոտքը թրխկացնելով շտապում դէպի կինը։ Հասնելով՝ զայրագնած հրում է նրան մայթից եւ քրթմնջում ինչ-որ։ Նա, հաւանօրէն, հայհոյում է հակառակորդին, որովհետեւ այդպիսի դէպքերում կինը գազազած ետ է դառնում եւ բռունցք թափ տալիս։ Այդ ժամանակ ծերունին ատամները սեղմած` գլուխը շարժում է սպառնալից կամ յենակը թեւատակից հանելով` սպառնում նրանով հակառակորդին։ Եւ ջահել կինը չանչելով ու փնթփնթոցով հեռանում է նրանից։ Բայց պատահում է երբեմն, որ նրանք հեշտութեամբ չեն հեռանում իրարուց։ Կինը զայրացած՝ բռունցքը մօտեցնում է ծերունու դէմքին, իսկ ծերուկը, յենակը պատրաստ, աշխատում է խփել նրան։ Ու սկսւում է կռիւը…
Հոկտեմբերի 14-ը հայ մեծանուն գրող, արձակագիր եւ թարգմանիչ Ստեփան Զօրեանի (1890-1967) յիշատկի օրն է: