Նեթանիահուն ՄԱԿ-ից պահանջել է Լիբանանից դուրս բերել խաղաղապահներին
«ԱԼԻՔ» – Իսրայէլի եւ հարաւային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջեւ լարւածութիւնը շարունակում է աճել, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն կոչ է արել մարտական գործողութիւնների շրջաններից դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակաւոր ուժերը (UNIFIL):
Դիմելով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին՝ Նեթանիահուն եբրայերէն ասել է. «Ժամանակն է, որ դուք դուրս բերէք UNIFIL-ը «Հեզբօլլահ»-ի յենակէտերից եւ մարտական գործողութիւնների շրջաններից»:
«Իսրայէլական բանակը բազմիցս խնդրել է դա եւ բազմիցս էլ մերժումներ ստացել, որոնք բոլորն ուղղւած են եղել «Հեզբօլլահ»-ի համար կենդանի վահան ապահովելուն:
Պարոն գլխաւոր քարտուղար, հեռացրէ՛ք UNIFIL-ի ուժերին վտանգից։ Դա պէտք է արւի հէնց հիմա, անմիջապէս», – շարունակել է Նեթանիահուն անգլերէնով:
«UNIFIL-ի զինւորներին տարհանելուց ձեր հրաժարումը նրանց դարձնում է «Հեզբօլլահ-ի» պատանդներ: Սա վտանգում է ինչպէս իրենց, այնպէս էլ մեր զինւորների կեանքը»,- ասել է Իսրայէլի վարչապետը։
Ըստ Նեթանիահուի՝ Իսրայէլը «ցաւում է խաղաղապահների վիրաւորւելու համար», եւ որ Իսրայէլն անում է ամէն ինչ, որպէսզի դա տեղի չունենայ։
«Սակայն դա ապահովելու պարզ եւ ակնյայտ միջոցը, պարզապէս, նրանց վտանգի գօտուց դուրս բերելն է»,- ասել է նա:
Բացի այդ, նրա կարծիքով՝ եւրոպացի առաջնորդները պէտք է քննադատեն «Հեզբօլլահ»-ին, ոչ թէ Իսրայէլին, «UNIFIL-ը որպէս կենդանի վահան օգտագործելու համար»:
Նշենք, որ UNIFIL-ն աւելի վաղ յայտնել էր, որ իսրայէլական բանակը հարւածներ է հասցրել UNIFIL-ի մի շարք դիրքերի վրայ, այդ թւում՝ Նաքուրայում գտնւող նրա կենտրոնակայանին։ Այս միջադէպերի հետեւանքով UNIFIL-ի զինծառայողներ են վիրաւորւել։