Մահացել է Լիբանանի հնգակի նախկին վարչապետ Սալիմ Հոսը
«ԱԼԻՔ» – Լիբանանի հնգակի նախկին վարչապետ Սալիմ Հոսը, որը զբաղեցրել է այդ պաշտօնը իր երկրի ժամանակակից պատմութեան ամենաբուռն տարիներին, կիրակի մահացել է 94 տարեկան հասակում:
Վարչապետի պաշտօնակատար Նաջիբ Միքաթին Հոսին անւանել է «Լիբանանի խիղճը»։
Նա յաւելել է, որ Հոսը «կեանքից հեռացաւ ամենադժւար եւ նրբանկատ փուլում, երբ Լիբանանը խղճի կարիք ունի»։
«Հոսը ականաւոր տնտեսագէտ էր եւ օրինակ՝ իր փորձառութեան, էթիկայի եւ գիտելիքների շնորհիւ: Նա իր բոլոր պատկերացումներից վեր էր դասում երկրի եւ քաղաքացիների շահերը»,- նշել է Միքաթին:
Հոսին յաճախ տեխնոկրատ էին անւանում եւ յարգում որպէս հազւագիւտ պետական գործչի մի երկրում, որը նշանաւորւում էր քաղաքական եւ միջկրօնական տարաձայնութիւններով։
1975-ից 1990 թւականները տեւած 15-ամեայ քաղաքացիական պատերազմի ընթացքում նա չորս ժամկէտ զբաղեցրել է վարչապետի պաշտօնը։ Նրա պաշտօնավարման վերջին ժամկէտը եղել է 1998-2000 թւականներին։