ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Սւաբոդնայա պրեսսա». «Ադրբեջանը դառնում է Իրանի եւ Ռուսաստանի վրայ ճնշման գործիք»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնը մեզ ստիպել է աւելի ուշադիր նայել Բաքւին ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական տեսանկիւնից»: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է ռուսական «Սւաբոդնայա պրեսսա» առցանց պարբերականը։

«Ռուսաստանում ադրբեջանական համայնքի յանցաւոր գործունէութեան, ձերբակալութիւնների եւ արտաքսումների ալիքի պայմաններում, ստւերում է մնում հարցը, որը կարող է որոշիչ դառնալ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ յարաբերութիւնների ապագայի համար։ Դա Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարաւորութիւնն է եւ այս կովկասեան հանրապետութեան տարածքում թուրքական ռազմական բազայի յայտնւելը։

Ըստ երեւոյթին, Ադրբեջանն իր ընտրութիւնն արել է։ Ղարաբաղում յաղթանակից յետոյ Բաքուն սկսել է մտածել ՆԱՏՕ-ի հետ աւելի լայնածաւալ խաղի մասին։ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազայի հնարաւոր կառուցման մասին հաղորդագրութիւնները հաստատում են, որ այդ երկիրը դառնում է Իրանի եւ Ռուսաստանի վրայ ճնշման գործիք։

Մէկ այլ մտահոգիչ ազդանշան էր այն, որ Բաքուն սկսեց անտեսել Մոսկւայի հետ տնտեսական նախագծերը, ներառեալ՝ «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքը։ Ռուսաստանը, որը մինչեւ 2030 թւականը նախատեսում էր այս նախագծի համար յատկացնել մինչեւ 280 միլիարդ ռուբլի, այժմ բախւել է իր ծրագրերը վերանայելու անհրաժեշտութեան հետ։

Թուրքիան անմիջականօրէն ներգրաււած է Կովկասում ՆԱՏՕ-ի ազդեցութեան ընդլայնման գործում։ Ղարաբաղում Ադրբեջանին ցուցաբերած աջակցութիւնն ինքնին պերճախօս է. դա տարածաշրջանային առաջնորդի դեր խաղալու փորձ է օգտագործելով Ադրբեջանը որպէս Ռուսաստանի եւ Իրանի վրայ ազդեցութեան գործիք»,- գրում է առցանց պարբերականը։

Related Articles

Back to top button