Հայ Դատ

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ՝ «Դոնալդ Թրամփի ներկայութիւնը Սպիտակ տանը եւ միջազգային ասպարէզում դրա հետեւանքները»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն (ՀՈՒՍԿ)-ի նախաձեռնութեամբ, երէկ՝ դեկտեմբերի 2-ի երեկոյեան հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր  դասախօսական երեկոյ:

Օրւայ դասախօսն էր ԱՄՆ-ի եւ Մերձաւոր արեւելքի ռազմավարական նկատառումների խմբի գիտական դիտորդ եւ աւագ փորձագէտ դոկտ. Հոսէյն Դահեշեարը: Դասախօսութեան թեման էր. «Դոնալդ Թրամփի ներկայութիւնը Սպիտակ տանը եւ միջազգային ասպարէզում դրա հետեւանքները»:

Սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անունից Մհեր Անդրէասեանը հակիրճ տողերով ներկայացրեց դասախօսին, որից յետոյ դասախօսը համապրփակ գծերով անդրադարձաւ միջազգային ասպարէզում եւ ռազմաքաղաքական ու տնտեսական բնագաւառներում ԱՄՆ-ի վարած ներքին ու արտաքին քաղաքականութեանը, ԱՄՆ-ում երկու կուսակցութիւնների՝ Հանրապետականների ու Դեմոկրատականների ընդհանուր հայեցակարգերին  եւ այլ երկրների նկատմամաբ նրանց որդեգրած քաղաքականութեանը: Դոկտ. Դահեշեարը կարեւորութեամբ ընդգծեց, որ ներկայ աշխարհակարգում իշխում է նա, ով տնտեսապէս հզօրացրել է իր երկիրը, քանզի հզօր տնտեսութեան դէպքում է, որ հնարաւոր է հաշւի նստել աշխարհի տարբեր երկրների հետ եւ նոյնիսկ կամք պարտադրել: Նա յաւելեց, որ ԱՄՆ-ը աւելի քան մէկ դար միայն կենտրոնցած էր իր ներքին տնտեսութիւնը զարգացնելու եւ արտաքին ներդրումներ ներգրաւելու վրայ, իսկ այսօր որպէս գերտէրութիւն իր խօսքն ունի միջազգային ասպարէզում:

Դասախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ ԱՄՆ-ի վարած քաղաքականութեանը Չինաստանի, Ռուսաստանի, արաբական երկրների, եւրոպական երկրների եւ Մերձաւոր Արեւելքի երկրների նկատմամբ, վերլուծելով՝ Թրամփի անցեալ շրջանի նախագահութեան ժամանակաշրջանում արտաքին քաղաքականութիւնը եւ դրանց հիման վրայ այս շրջանում որդեգրւող հաւանական քաղաքականութիւնը: Նա համեմատական եզրեր անցկացրեց ԱՄՆ-ի տարբեր ժամանակաշրջանների նախագահների ներքին ու միջազգային ասպարէզներում իրականացրած քաղաքականութիւնների մէջ:

Վերջում ներկաները հարցեր ուղղեցին դոկտ. Դահեշեարին, ԱՄՆ-Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնների, Գազայի, Սիրիայի եւ Մերձաւոր Արեւելքի ներկայի եւ սպասւող ապագայի մասին:

Related Articles

Back to top button