Արցախում ոչնչացւում են հայկական պատմական յիշողութեան նիւթական վկայութիւնները

Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմեն Յովիկ Աւանէսովը գրել է.
«Արբանեակային լուսանկարների փաստագրական վերլուծութեան համաձայն՝ 2024 թւականի ապրիլի 19-ից մինչեւ 2025 թւականի յուլիսի 12-ն ընկած ժամանակահատւածում Ադրբեջանի կողմից ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Շոշ գիւղում դիտաւորեալ ոչնչացւել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների յուշարձանը եւ Արցախեան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Յարութիւնեանի յիշատակը յաւերժացնող յուշակոթողը։
Արձանագրւած աւերածութիւնները վկայում են ոչ միայն առանձին յուշարձանների ֆիզիկական ոչնչացման, այլեւ Արցախի հայկական պատմական յիշողութեան նիւթական վկայութիւնների վերացման շարունակւող վտանգի մասին։
Հարկ ենք համարում առանձնայատուկ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնութեան քրէական օրէնսգրքի 243.4-րդ յօդւածը նախատեսում է պատասխանատւութիւն նաեւ ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի յիշատակին նւիրւած յուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումների համար:
Այս իրաւական դրոյթը կարեւոր է այն առումով, որ պատերազմների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանների ոչնչացումը չի կարող դիտարկւել որպէս սովորական շինարարական կամ տարածքային վերափոխման գործընթաց։ Այն առնչւում է զոհերի յիշատակի, պատմական ժառանգութեան եւ հանրային յիշողութեան պահպանութեան հիմնարար հարցերին:
Այս քաղաքականութեան զոհ են դարձել տասնեակ յուշարձաններ եւ յուշահամալիրներ։ Դրանց ոչնչացումն ու վնասումը յանգեցնում են ոչ միայն առանձին յուշակոթողների կորստի, այլեւ պատմական միջավայրի ձեւափոխմանը, համայնքների յիշողութեան նիւթական հետքերի վերացման եւ անցեալի մասին վկայող խորհրդանիշների կորստի։
Շուշի
Շուշիում ամբողջութեամբ ոչնչացւել է Հայոց Ցեղասպանութեան, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցւում են ադրբեջանական թանգարան, մզկիթ եւ հրապարակ՝ հայկական յիշողութեան ամբողջական վերացման եւ պատմական միջավայրի վերաձեւակերպման նպատակով։
Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են Խորհրդային Միութեան կրկնակի հերոս Նելսոն Ստեփանեանին նւիրւած կիսանդրին։
Քանդւել է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Խորհրդային Միութեան պետական նշանաւոր գործիչ Իւան Թէոսեանի կիսանդրին։
Մեծ Թաղեր գիւղ
Աւերւել են Խորհրդային Միութեան աւիացիայի մարշալ Արմենակ Խանփերեանցի կիսանդրին եւ «ՄիԳ-17» կործանիչ-յուշարձանը։ Այս յուշարձանները ոչ միայն յիշատակի կոթողներ էին, այլեւ պատմական դարաշրջանի, ռազմական աւանդոյթի եւ հայ ժողովրդի անցած ուղու նիւթական վկայութիւններ։
Ազոխ գիւղ
Ոչնչացւել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակին նւիրւած երեք առանձին յուշարձաններ։ Բացի այդ, պղծւել ու աւերւել է Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանը։
Բերձոր
Քաղաքի կենտրոնում ամբողջութեամբ վերացւել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի յիշատակին նւիրւած յուշահամալիրը՝ վերացնելով նաեւ այդ վայրի հետ կապւած հանրային յիշողութեան կարեւոր նիւթական վկայութիւնը։
Ստեփանակերտ
Ոչնչացւել են Խորհրդային միութեան հերոս ԽՍՀՄ նաւատորմի հայազգի ծովակալ Յովհաննէս Իսակովի (Յովհաննէս Ստեփանի Տէր-Իսահակեան) կիսանդրին եւ Խորհրդային Միութեան զօրավար եւ մարշալ Յովհաննէս Քրիստափորի Բաղրամեանի արձանը։ Այս յուշարձանների կորուստը հարւած է պատմական յիշողութեանն ու Արցախի քաղաքային մշակութային միջավայրին։
Ասկերանի շրջան
Ասկերանի յուշահամալիրը եւս ամբողջութեամբ ոչնչացւել է։
Աստղաշէն
Համաձայն Google Earth-ի արբանեակային լուսանկարների համեմատական վերլուծութեան՝ 2024 թւականի ապրիլի 19-ից մինչեւ 2025 թւականի յուլիսի 15-ն ընկած ժամանակահատւածում Ադրբեջանի իշխանութիւնները ոչնչացրել են ժամանակաւորապէս բռնազաւթւած Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Աստղաշէն գիւղում գտնւող՝ Արցախեան ազատամարտում զոհւած աստղաշէնցի մարտիկների յիշատակը յաւերժացնող յուշարձանը :Այն կանգնեցւել էր 2012 թւականին՝ ի յիշատակ հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերած ազատամարտիկների։
Նոյն ժամանակահատւածում հողին է հաւասարեցւել նաեւ Հայրենական մեծ պատերազմում զոհւած աստղաշէնցիների յիշատակը յաւերժացնող յուշարձանը, որը կառուցւել էր դեռեւս 1970-ական թւականներին։
Այսպիսով, նոյն բնակավայրում ոչնչացւել են տարբեր պատմական ժամանակաշրջանների պատերազմների զոհերի յիշատակին նւիրւած երկու յուշարձաններ։ Դրանց կորուստը նշանակում է ոչ միայն յուշակոթողների ֆիզիկական վերացում, այլեւ սերունդներին փոխանցւող պատմական յիշողութեան կարեւոր նիւթական վկայութիւնների կորուստ։
Այգեստան
Համաձայն արբանեակային լուսանկարների վերլուծութեան՝ 2024 թւականի ապրիլի 19-ից մինչեւ 2025 թւականի յուլիսի 15-ն ընկած ժամանակահատւածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացւել են Այգեստանում Արցախեան ազատամարտում զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւերժացնող խաչքարը եւ գիւղի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհւած այգեստանցիների յիշատակը յաւերժացնող յուշարձանը։
Այս փաստերը եւս ընդգծում են, որ վտանգի տակ են յայտնւել տարբեր սերունդների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակութիւնից եւ համայնքի կեանքում ունեցած դերից։
Խաչքարերն ու յուշարձանները պարզապէս քարէ կառոյցներ չեն։ Դրանք ազգային ինքնութեան, պատմական շարունակականութեան, կոլեկտիւ յիշողութեան եւ մարդկային կորուստների մասին վկայող նիւթական արժէքներ են։ Դրանց ոչնչացումը զրկում է ապագայ սերունդներին պատմական անցեալի անմիջական վկայութիւններից եւ խաթարում է պատմական միջավայրի ամբողջականութիւնը։
Արցախի այլ բնակավայրեր
Հաթերք, Վանք, Եմիշճան, Քարինտակ, Խնածախ, Մարտունի, Աւետարանոց եւ Արցախի բազմաթիւ այլ բնակավայրերում աւերւել կամ վնասւել են Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան ազատամարտի զոհերի յիշատակին նւիրւած յուշարձաններն ու յուշահամալիրները։
Վերոնշեալ ցանկը ամբողջական չէ։ Գրեթէ իւրաքանչիւր ամիս արբանեակային նոր լուսանկարները բացայայտում են հերթական աւերածութիւնները՝ արձանագրելով Արցախի պատմական եւ մշակութային միջավայրում տեղի ունեցող փոփոխութիւնները, յուշարձանների ոչնչացման ու վնասման դէպքերը։
Արբանեակային պատկերների համեմատական ուսումնասիրութիւնը եւ դրանց հետեւողական փաստագրումը կարեւոր նշանակութիւն ունեն այդ գործընթացները բացայայտելու, ժամանակագրութիւնը վերականգնելու, ապացոյցները պահպանելու եւ միջազգային հանրութեանը ներկայացնելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է իւրաքանչիւր արձանագրւած դէպքի վերաբերեալ իրականացնել մասնագիտական ստուգում՝ հնարաւորութեան դէպքում համադրելով արբանեակային տւեալները, լուսանկարները, պատմական աղբիւրներն ու այլ անկախ ապացոյցները։
Մշակութային ցեղասպանութեան վտանգը շարունակւում է իրական ժամանակում, իսկ արձանագրւող աւերածութիւնների աշխարհագրութիւնն ու ծաւալները տարեցտարի ընդլայնւում են։
Միջազգային կառոյցների, մասնագիտացւած կազմակերպութիւնների եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ոլորտում գործող հաստատութիւնների առջեւ ծառացած է հրատապ խնդիր՝ արձանագրել փաստերը, ապահովել դրանց անկախ ուսումնասիրութիւնը, պահանջել պատասխանատւութիւն եւ ձեռնարկել արդիւնաւէտ քայլեր՝ մշակութային արժէքների հետագայ ոչնչացումը կանխելու ուղղութեամբ։
Անհրաժեշտ է իրականացնել Արցախի պատմական եւ մշակութային ժառանգութեան օբիեկտների շարունակական արբանեակային մշտադիտարկում՝ պարբերաբար փաստագրելով դրանց նկատմամբ իրականացւող փոփոխութիւնները, վնասման, ոչնչացման եւ վերափոխման դէպքերը։
Պատմական յիշողութեան ոչնչացումը չի կարող մնալ անարձագանգ։ Իւրաքանչիւր յուշարձան, իւրաքանչիւր խաչքար եւ իւրաքանչիւր յուշահամալիր պատմական վկայութիւն է, որի պահպանումը միջազգային հանրութեան ընդհանուր պատասխանատւութիւնն է։
Փաստագրել։ Պահպանել պատմական յիշողութիւնը։ Պահանջել պատասխանատւութիւն։ Կանխել մշակութային ժառանգութեան հետագայ ոչնչացումը»։
Yerkir.am










