Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բենիամին Մատթէոսեան. «Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետութիւնը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ՝ վերլուծելով նախօրէին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանի հնչեցրած ելոյթը:

««Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետութիւնը»

Սեպտեմբերի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հերթական համագումարում ելոյթ ունենալիս Նիկոլ Փաշինեանը հայ հասարակութեանը ներկայացրեց իր միջնաժամկէտ գործողութիւնների ծրագիր։

1. «Քաղաքացիական պայմանագիրը» յաւակնում է ԱԺ-ում սահմանադրական մեծամասնութեան։

Սա նշանակում է, որ Փաշինեանը ցանկանում է ոչ թէ իշխանութեան կոալիցիոն վերարտադրութիւն (ինչպէս Երեւանում 2023-ին), այլ «Քաղաքացիական պայմանագրի» մենաշնորհի շարունակումն ու ամրապնդումը։

Մօտակայ ամիսներին Հայաստանին սպասւում են քաղաքական բռնաճնշումներ, ընդդիմութեան հետապնդումներ եւ վարչական ռեսուրսի մեծածաւալ կիրառում։

2. Վերընտրւելու դէպքում Փաշինեանը ոչ միայն կը փոխի Սահմանադրութիւնը, այլեւ կը չեղարկի Հայաստանի 1990 թւականին ընդունւած Անկախութեան հռչակագիրը՝ հռչակելով չորրորդ հանրապետութիւնը։

3. Փաշինեանը հայկական Արցախը համարում է «ԽՍՀՄ մնացուկ»։ Նա, «ազատելով հայերին հազարամեայ անէցքից» (որը նա համարում է հայկական Արցախը), երկիրն ազատեց նաեւ խորհրդային ժառանգութիւնից։

Փաշինեանի խօսքերում հնչում են դեկոմունիզացիայի մասին ծանօթ յայտարարութիւններ՝ յայտարարութիւններ, որոնք ընկած են Ուկրաինայում հակամարտութեան հիմքում։ Ինչպէս ագահ ուկրաինացի օլիգարխները, Փաշինեանը եւս ցանկանում է ազատւել խորհրդային ժառանգութիւնից, բայց մասամբ։ Ենթակառուցւածքները, տարածքները եւ այլ բարիքներ պէտք է մնան, բայց գաղափարական կառուցւածքները, որոնք հիմնաւորում էին այդ տարածքների, կապուղիների, ենթակառուցւածքների եւ այլ նիւթական բարիքների առկայութիւնը, պէտք է արմատախիլ արւեն։

Հէնց թուրքական երանգներով դեկոմունիզացիան է հիմք հանդիսանալու այդ չորրորդ հանրապետութեան ձեւաւորման համար։ (Ի դէպ, Վերմախտը գրաւեալ ժողովուրդներին նոյնպէս ասում էր, որ նրանց ազատութիւն է բերել։ Թուրքական գլխաւոր շտաբը, ըստ ամենայնի, լաւ է իւրացրել այն ժողովուրդների հետ աշխատելու սկզբունքները, որոնց պէտք է ստրկացնեն)։

Փաշինեանը պնդում է, որ ԽՍՀՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարւածութեան պատճառով Սովետը հայերի մտքերում արմատաւորել են գաղափարներ, որոնք այսօր դարձել են նրանց ինքնութեան եւ հայրենասիրութեան մի մասը։ Այլ կերպ ասած՝ նա կարծում է, որ ԽՍՀՄ-ի եւ ՆԱՏՕ-ի խնդիրները սնուցել են հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը։

Արդեօ՞ք նրա խօսքերում ճշմարտութեան հատիկ կայ։ Ըմմ… Հնարաւոր է։ Բայց արդեօ՞ք Կարիբեան ճգնաժամից առաջ հայ ժողովուրդը դարաւոր դիմակայութիւն չէր ունեցել Թուրքիայի հետ։ Մի՞թէ մեր պայքարի պատմութիւնը դարերի խորքից չի գալիս, երբ Խորհրդային Միութիւնը նոյնիսկ պլաններում չկար։ Այս ցաւով ու կորուստներով լի պատմական ուղին ժողովրդի յիշողութեան մէջ քանդակւել է շատ աւելի վաղ, քան Խորհրդային Միութիւնը յայտնւեց աշխարհի քաղաքական քարտէզի վրայ։

Ընտրութիւններից յետոյ, վերընտրւելու դէպքում, Փաշինեանը ոչ միայն Սահմանադրութիւնը կը փոխի։ Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինեանն իր ձեռքերով Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համակարգի քայքայումը հասցնի տրամաբանական աւարտին. երկիրը դուրս բերի ՀԱՊԿ-ից, Հայաստանից դուրս բերի 102-րդ ռազմաբազան, Հայաստանից դուրս բերի ռուս սահմանապահներին, միակողմանիօրէն խզի ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխօգնութեան պայմանագիրը։ Դրա համար Փաշինեանին «նոր հնգամեակ» է պէտք՝ 2026-ից 2031 թւականները։ Այս ամենից յետոյ թուրքերն ու ադրբեջանցիներն արդէն «տաքսիով են մտնելու Երեւան»։

Փաշինեանի ելոյթը հէնց այդ մասին էր։

Սա չհասկանալը նշանակում է վտանգել ոչ միայն երկիրը, այլեւ անձնական անվտանգութիւնը։ Սա յատկապէս պէտք է լաւ յիշեն նրանք, ովքեր մտնելու են ապագայ նախընտրական մրցապայքար ոչ թէ յաղթելու, այլ Փաշինեանի ռեժիմի տապալումը թոյլ չտալու նպատակով։ Եթէ Հայաստանը կրկնի Արցախի ճակատագիրը, ձեզ չեն փրկի ո՛չ գեներալի ուսադիրները, ո՛չ ձեր փողերը, ո՛չ Փաշինեանին ձեր հաւատարմութիւնը, ո՛չ էլ նրա ռեժիմի կուլիսային աջակցութիւնը։

Այսօրւայ ելոյթը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Թուրքիայի գործոնը լինելու է ամենակարեւորը ապագայ նախընտրական քարոզարշաւի ժամանակ։ Այդ գործօնը պէտք է չեզոքացնել, բայց դա հնարաւոր է անել միայն այլ աշխարհաքաղաքական գործօնով այն հաւասարակշռելով։ Սա է այն իրականութիւնը, որը ձեւաւորւել է 2023 թւականից յետոյ»,- գրել է նա:

Related Articles

Back to top button