Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յովիկ Աւանէսով. «Ադրբեջանն ասում է՝ ցանկացած պահի գնալու է պատերազմի. Հարաւային Կովկասում այսօր պատերազմից մէկ է պակաս»

2020 թւականի 44-օրեայ պատերազմից ու նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութիւնից յետոյ հայկական կողմի առջեւ ծառացած մարտահրաւէրներն աւելի մեծացան, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայից յետոյ մարտահրաւէրները բազմապատկւեցին։

Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտութեան կենտրոնի ղեկավար, պատմաբան Յովիկ Աւանէսովի կարծիքով՝ այդ մարտահրաւէրներին դիմակայելու համար նախեւառաջ անհրաժեշտ է հայ ազգի համախմբւածութիւնը եւ ամենակարեւորը՝ ազգային մտածելակերպով էլիտա, երկրի ղեկավարութիւն, որը կը կարողանայ իր շուրջը համախմբել հայ ազգին ու դիմագրաւել մարտահրաւէրները։

«Այս սպառնալիքներն այսօր ուղղւած են ոչ միայն հայկական պետականութեան, այլեւ տարածաշրջանի դէմ, քանի որ Հարաւային Կովկասում այսօր պատերազմից մէկ է պակաս։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձաւոր Արեւելքում, բնականաբար, մեր տարածաշրջանի վրայ եւս կարող է ունենալ իր ազդեցութիւնը։ Այստեղ պէտք է հաշւի առնենք, որ ԱՄՆ-ում կայացած ընտրութիւններից յետոյ որոշակի իրավիճակ կարող է փոխւել, եւ մենք պէտք է հաշւարկենք, թէ այդ իրավիճակն ի՞նչ դինամիկայով կը փոխւի»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Յովիկ Աւանէսովը։

Նրա խօսքով՝ Հայաստանը թէ՛ հակամարտութիւնների սառեցման, թէ՛ հակամարտութիւնների թէժացման դէպքում պէտք է նախապէս յստակ ճանապարհային քարտէզ ունենայ։ Եթէ չլինի այդ ճանապարհային քարտէզը, բախւելու է է՛լ աւելի մեծ խնդիրների, որին հակազդելու համար որոշումները կայացւելու են պահի ազդեցութեան տակ, որի փորձը Հայաստանն ունեցել է, եւ որի պարագայում երկրի համար ողբերգական ազդեցութիւն է ունեցել։

«Բնականաբար, ՀՀ ներկայիս իշխանութեան օրօք հնարաւոր չէ ունենալ իմ նշած ճանապարհային քարտէզը, դրա համար խօսքիս սկզբում ասացի, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային մտածելակերպով իշխանութիւն։ Պէտք է ազգային օրակարգով մտածող էլիտա, ինչը նշանակում է, որ այդ էլիտան պէտք է ստանձնի երկրի կառավարման ղեկը, համախմբի ազգին ու դիմագրաւի մարտահրաւէրները։

Այսօր այս իշխանութեան կողմից մենք ականատես ենք լինում իբրեւ խաղաղութեան օրակարգով բանակցութիւնների, որի ներքոյ նահանջում են հայկական հարցից, Հայոց Ցեղասպանութիւնից, ինչը երբեք չի կարող դրական արդիւնք տալ։ Այն խնդիրները, որոնց առաջ այսօր մենք կանգնած ենք, ուղղակի շարունակութիւնն է թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպանական քաղաքականութեան։ 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան եւ դրա անպատժելիութեան հետեւանքով ձեւաւորւած մթնոլորտն է, որ յանգեցրել է նրան, որ այսօր ունենք բռնազաւթւած Արցախ, դրանից առաջ՝ շրջափակում, էթնիկ զտում ու բռնի տեղահանութիւն։ Դրա համար, երբ իշխանութիւնը, այսպէս կոչւած, խաղաղութեան օրակարգի համար հրաժարւում է ազգային ամենակարեւոր առաջնահերթութիւններից, բնականաբար, լաւ բաներ սպասել պէտք չէ, սրանով մեզ համար նոր մարտահրաւէրներ են ստեղծում»,- յաւելել է նա։

Յովիկ Աւանէսովի բնորոշմամբ՝ ազգային հարցերից հրաժարւելով՝ ՀՀ իշխանութիւնը թուրք-ադրբեջանական տանդեմին հայկական պետականութեան դէմ գործելու համար յաւելեալ խաղաքարտ է տալիս։

Ինչ վերաբերում է Ալիեւի վերջին ռազմատենչ յայտարարութիւններին, պատմաբանն ընդգծեց, որ Ադրբեջանն ամէն ինչ անում է իր տարածքային յաւակնութիւնները բաւարարելու համար՝ առաջ մղելով «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրը։

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն ասում է՝ ցանկացած պահի գնալու է պատերազմի, սա պէտք է ՀՀ իշխանութիւնը հասկանայ։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի ապառազմականացում, հայկական կողմից դրան հակադարձում չկայ, չեն ասում, որ դա ՀՀ ներքին խնդիրն է։ Միջազգային իրաւունքի տեսակէտից, Հայաստանն ազատ է ցանկացած երկրի հետ գնալու ռազմական համագործակցութեան եւ ձեռք բերելու զինատեսակներ։

Հայկական կողմը պէտք է հասկանայ, թէ ինչ պէտք է սպասել Ալիեւի յայտարարութիւններից յետոյ, նախապէս քայլեր ձեռնարկի»,- եզրափակել Յովիկ Աւանէսովը։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button