Ռուսաստանում առաջարկել են Եւրոպայում սառեցւած իրենց ակտիւներն օգտագործել ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծերի համար

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը կարող է առաջարկել Եւրոպայում սառեցւած ակտիւներն օգտագործել որպէս երրորդ երկրներում ռուս-ամերիկեան համատեղ նախագծերի ներդրում։ Այս կարծիքը յայտնել է Ռուսաստանի արդիւնաբերողների եւ ձեռնարկատէրերի միութեան ղեկավար Ալեքսանդր Շոխինը ՏԱՍՍ-ի ստուդիայում՝ Ցխինւալիում կայացած Առաջին միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։
«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք մտածել ամերիկացիների հետ համատեղ նախագծերի իրականացնելու մասին եւ ես այստեղ մի անսպասելի միտք կարտայայտեմ… Պէտք է նախայարձակ գործենք եւ թոյլ չտանք, որ եւրոպացիները օգտագործեն մեր սառեցւած ակտիւները։ Դրանք պէտք է առաջարկենք ամերիկացիներին՝ որպէս երրորդ երկրների հետ համատեղ նախագծերում ներդրում»,- ասել է Շոխինը։
Նրա կարծիքով, այս դէպքում ամերիկացիներն իրենք կազդեն Եւրոպայի վրայ՝ այդ միջոցները ապասառեցնելու համար։
«Մենք պէտք է նրանց ասենք. «Ընկերներ, մենք Բրիւսէլում ունենք 200-250 միլիարդ եւրօ։ Տւէք մեզ ձեր 250-ը եւ եկէք իրականացնենք այս նախագծերը… Եւ այդ ժամանակ մենք կը քաղենք այս նախագծերի օգուտները»», – ասաց նա։
Առաջին միջազգային տնտեսական ֆորումը տեղի է ունենում Ցխինւալում սեպտեմբերի 18-ից 20-ը։ Մասնակիցների թւում են Հարաւային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի, Ռուսական արտահանման կենտրոնի եւ Ռուսաստանի բանկի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Ռուսաստանի տարածաշրջանների պատւիրակութիւններ։ Միջոցառմանը կը մասնակցեն նաեւ ՎՏԲ-ի, ՊՍԲ-ի և ՎԷԲ.ՌՖ-ի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Հարաւային Օսիայի բիզնես ասոցիացիաների անդամներ։