Չպատերազմ եւ Չխաղաղութիւն

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Ինչպէ՞ս խափանել 2026-ի ընտրութիւնների մասին Փաշինեանի խաղաղութիւն, թէ պատերազմ կեղծիքը. մէկ ճանապարհով՝ ձեւակերպել ընտրութիւնների մասին սեփական բովանդակութիւնը։
1. Չպատերազմ-ի կառավարում
Իշխանափոխութեան դէպքում պատերազմի հաւանականութիւնը զրոյական է։ Ընդդիմադիր հատւածից ով էլ գայ, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, միւս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առաւելագոյն լաւ լուծումները։ Խելագար չկայ, որ գնայ պատերազմի։
Դրա փոխարէն՝ մեծ է հաւանականութիւնը, որ նոր ուժերով եւ նոր ձեւակերպումներով, աւելի լայն հանրային կոնսոլիդացիայով հնարաւոր կը լինի մեզ համար աւելի շահաւէտ պայմաններով բանակցել։
Այնուամենայնիւ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի յաջողւում այս ամէնի մասին ճիշտ շեշտադրումներով խօսել եւ հանրութեանը վստահութիւն ներշնչել։
Իրականութիւնն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թէ խաղաղութիւն, այլ՝ Չպատերազմ, եւ 2026-ի ընտրութիւնների կարեւորագոյն բովանդակութիւնը Չպատերազմ վիճակի հետագայ կառավարումն է։
Նոր սոլիդ իշխանութեան ձեւաւորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնութեան եւ մեր շահերի պաշտպանութեանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցութեան բալանսը, որը ենթադրելու է ե՛ւ ապաշրջափակում, ե՛ւ շփումներ, ե՛ւ ցաւոտ հարցերի աստիճանական լուծում։
2. Ներհայաստանեան ընտրութիւններ
2026-ի ընտրութիւնները մեր մասին են. դրանք ներհայաստանեան ընտրութիւններ են՝ ներհայաստանեան կեանքի մասին։
Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թէ՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրաւորանքների, չդադարող քրէական գործերի ու կալանքների։
Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թէ՞ կայուն վիճակ ստեղծել եւ կեանքի պլանաւորման հորիզոնը գոնէ մի քանի տարի դարձնել։
Ուզում ենք, որ պետութիւնը մնայ մէկ հոգու խաղալի՞ք, թէ՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարւող պետութիւն։
Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղութեան ու հոգեւոր ուրախութեան կենտրո՞ն, թէ՞ կեղտոտ յարձակումների ու այլանդակ արշաւների թիրախ։
Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիւ գործարարութեան ու բարեկեցիկ կեանքի առողջ միջավա՞յր, թէ՞ 02-ի անվերջ թողարկում յիշեցնող կեանք։
Եօթ տարի է՝ ապրում ենք երկրի թիւ 1 աշխատասենեակից անդադար թափւող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, եւ երկրում ու երկրի բոլոր աշխատասենեակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։
Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանեան մթնոլորտը, կեանքը փոխում ենք։ 2026 թւականի ընտրութիւնները դրա մասին են։ Խաղաղութիւնն ընտրութիւնների հետ որեւէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։
Սա պէտք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգւածներին։
Եթէ այս երկու կէտի շուրջ կայ ընկալում, համաձայնութիւն, ապա դա ապահովում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որեւէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։
Ամենաթարմ սոցհարցումը
Երէկւայ ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Յովհաննավանքի «պատարագը», որին գրեթէ ոչ ոք ներկայ չէր։ Եթէ հանում ես վարչական ռեսուրսը, եւ պարտադրանքը, ապա տակը պրակտիկօրէն հանրութիւն չի մնում։ Յովհաննավանքի խօսուն դատարկութիւնն այս կիրակի ցոյց է տալիս 2026-ի ընտրութիւնների իրական սոցիոլոգիան։



