Վելայաթին՝ «Թասնիմ»-ին տւած հարցազրոյցում. «Թուրքիան ԱՄՆ-ի ու Իսրայէլի փորած փոսում»
Անկարան վերածւել է Վաշինգտոնի եւ Թել Աւիւ գործիքի
«ԱԼԻՔ» – Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Թասնիմ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում պատասխանել է Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում եւ յատկապէս Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ հարցերին։
Իրանի նախկին արտգործնախարարը «Դիմադրութեան առանցք»-ի ճակատում Թուրքիայի դերի մասին հարցին ի պատասխան նշել է. «Ցաւօք, Թուրքիան տեւական ժամանակ է, ինչ գործիքի է վերածւել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ձեռքերում»։
Տարածաշրջանի խնդիրների վերջին տարիների պատմութիւնն ու Թուրքիայի ունեցած դերի մասին Վելայաթին յիշեցնելով «Արարաբական գարուն» անւան ներքոյ զարգացումների մասին նշել է. «Թունիսում իսլամական զարթօնքի մեկնարկից յետոյ, որը նրանք միտումնաւոր անւանել էին «Արաբական գարուն», ժողովուրդը կարեւոր բան արեց հեռացնելով Զէյն ալ Աբեդինին իշխանութիւնից: Նրա փոխարէն իշխող դարձան ժողովրդի իրական ներկայացուցիչները: Տեսնելով զարգացումների ընթացքը ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ում նրանց դաշնակիցները միջոցներ ձեռնարկեցին՝ կանխելու իսլամական զարթօնքի առաջընթացն աշխարհի այլ մասերում։ Նրանց ջանքերն ուղղւած էին երկու ուղղութեամբ. նախ՝ Լիբիայի կառավարութեան տապալումը եւ երկրորդը՝ Բաշշար ալ Ասադի հեռացումը:
Դժբախտաբար թուրքական կառավարութիւնը միացաւ ԱՄՆ-ի վարչախմբին, որպէսզի բաժին ստանայ փլուզւած Լիբիայի հասանելիքից: Մենք յիշում ենք այն օրերը, երբ ԱՄՆ-ի ու բրիտանական ինքնաթիռները օդ էին բարձրանում Իզմիրի եւ Ինջիրլիքի բազաներից Լիբիան ռմբակոծելու համար»:
Վելայաթին յաւելել է, որ Լիբիայից անմիջապէս յետոյ հերթը հասաւ Սիրիային։ Նա յիշեցնելով «Արաբական գարուն» անւան ներքոյ ժողովրդավարութիւն տարածելու պրոպագանդայի մասին, նշել է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի պնդումը եղել է այն, որ քանի որ Բաշշար Ասադը Սիրիայում ժողովրդավարութեանը դէմ է, նա պէտք է տապալւի:
Սակայն միջազգային կարծիքը տւել է իր տրամաբանական հարցը. «Արդեօք այն կառավարութիւնները, որոնք լիովին ենթարկւում են ԱՄՆ-ին, բոլորը դեմոկրատակա՞ն են»:
Այս փաստարկներով ԱՄՆ-ն հրամանատարական կոալիցիայով յարձակում գործեց Սիրիայի դէմ միժամանակ ստեղծեց ահաբեկչական խմբաւորումներ։
Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը նշելով, որ թուրք ժողովրդի հաշիւն այլ է թուրքական կառավարութիւնից, յաւելել է. «Յոյս ունէինք, որ Հաքան Ֆիդանը, ով հետախուզութեան եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում փորձառու անձնաւորութիւն է, կը կարողանայ լուծում տալ այս կարգի խնդիրներին: Սակայն չէինք կարծում, որ Թուրքիան կրկին յայտնւելու է ԱՄՆ-ի ու սիոնիստների փորած փոսում»։
Վելայաթին յաւելել է. «Այսօր Սիրիայի աջակիցներն աւելի շատ են, քան 2011 թւականին (Սիրիայում պատերազմի սկիզբը): Բացի Իրանից, Ռուսաստանից, Լիբանանի «Հեզբօլլահ»-ից, որն այսօր աւելի ուժեղ է, քան երբեւէ, եւ Իրաքի «Հաշդ ալ Շաբին», որը շատ հզօր ուժ է, եւ վերջապէս Եմէնի զինեալ հութիները, ինչպէս նաեւ պաղեստինցիները, բոլորը միասնաբար աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականութեանը եւ գործող կառավարութեանը»:
Զրոյցի աւարտին Թրամփին ուղղւած խորհրդում Գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է, որ եթէ նա ցանկանում է խոհեմ գործել իր կառավարման նոր շրջանում, լաւ կը լինի հետեւութիւններ անի իր կառավարման առաջին շրջանից. «Նրան պէտք է յուշել, որ աշխարհի պայմաններն այսօր աւելի բարդ են, քան նրա տեսած շրջանում էր, եւ ոչ մի ինքնիշխան երկիր դիրքը չի լքելու Թրամփի սպառնալիքների ու լեզւին տալու դիմաց»,- եզրափակել է նա: