Տիգրան Աբրահամեան. «Մկրտիչ Սրբազանն անազատութեան մէջ է, քանի որ Կաթողիկոսի բարեկամն է»

Տիգրան Աբրահամեանի խօսքով՝ իշխանութիւնն ուժային կառոյցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին հարցերին։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը կալանքի տակ է, քանի որ ազգակցական կապ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Հէնց միայն կաթողիկոսի վրայ ներգործելու համար իշխանութիւնը նրան պահում է անազատութեան մէջ։ Գիտէ՞ք, որ նաեւ կաթողիկոսի այլ հարազատներ կան, որոնց վրայ, բառի բուն իմաստով, գործ է սարքւել, եւ նրանք զրկւել են ազատութիւնից։ Այս դէպքում եւս աշխատում են կաթողիկոսի վրայ ներգործելու այս իշխանութեան անարդիւնք միջոցները։ Փաստն այն է, որ մարդիկ ազատութեան մէջ չեն, փաստ է, որ մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացւում, բայց իշխանութեան քայլերը շատ պրիմիտիւ են ու պարզ»,- ասաց Աբրահամեանը։
Պատգամաւորի խօսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն ուժային կառոյցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին կանոնական հարցերին։ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակում, ըստ Աբրահամեանի, կարեւոր է հանրային արձագանքը։
«Այն մարդիկ, որոնք իրենց հանրային կարծիքը չեն բարձրաձայնում, պատարագներին եւ հոգեւոր միջոցառումներին իրենց ներկայութեամբ են ցոյց տալիս իրենց աջակցութիւնը։ Ի տարբերութիւն Նիկոլ Փաշինեանի առաջադրած խաղի, որտեղ բոլոր ուղղութիւններով շրջիկ խմբեր են աշխատում նոյն մարդկանց դէմքերով, նոյն բառապաշարով եւ նոյն անբարոյ կեցւածքով։ Սա նաեւ հասարակութեան համար պարզորոշ ընտրութեան հնարաւորութիւն է ստեղծում իրականում գնահատելու, թէ ինչ է ասում կամ ինչպէս է իրեն դրսեւորում Հայ Առաքելական Եկեղեցին, եւ «նորոգման» անւան տակ ինչ է առաջադրում Նիկոլ Փաշինեանը»,- ասաց պատգամաւորը։
Յիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Դաւիթ Դաբաղեանը մէկ ամսով երկարաձգեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանի կալանքի ժամկէտը։



