Հայաստան - Արցախ

Իշխան Սաղաթէլեանը` Փաշինեանի յայտարարութեան մասին. ««Խաղաղութեան օրակարգի» ձախողման եւ մօտալուտ պատերազմի հրապարակային խոստովանութիւն»

Yerkir.amի հարցերին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Պարո՛ն Սաղաթէլեան, ինչպէ՞ս կարձագանգէք Փաշինեանի` Գաւառում ունեցած այսօրւայ (յունւարի 13-«ԱԼԻՔ») յայտարարութիւններին, որոնք արւեցին ի պատասխան Ալիեւի։

– Դա հրապարակային խոստովանութիւն էր այն մասին, որ ինքը ձախողել է իր «խաղաղութեան օրակարգը» եւ երկիրը կանգնեցրել նոր պատերազմի առաջ: Դա Նիկոլ Փաշինեանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բաւարարւել, զօրքերը ՀՀ տարածքից դուրս չի բերելու, աւելին՝ նոր տարածքային յաւակնութիւն ունի Հայաստանի նկատմամբ. այն ամէնը, ինչի մասին մենք ասում ենք աւելի քան երեք տարի։ Երեք տարի մեր ժողովրդին խաբել են, թէ՝ մեզ պահէք իշխանութեան՝ խաղաղութիւն կը բերենք, հիմա էլ ասում են՝ չի ստացւում, քանի որ Ադրբեջանը խաղաղութիւն չի ուզում։ Բայց զաւեշտն այն է, որ վերջում Նիկոլն ասում է՝ միեւնոյն է՝ գնալու ենք այդ ճանապարհով:

Ի՞նչ պէտք է անել այս իրավիճակում։

– Անվտանգութիւն եւ խաղաղութիւն ունենալու համար պէտք է կազմակերպել երկրի համալիր պաշտպանութիւնը եւ վարել արդիւնաւէտ արտաքին քաղաքականութիւն, մի բան, ինչը սրանք բազմաթիւ անգամ ապացուցել են, որ չեն կարող անել: Խնդիրը, որը մինչեւ հիմա չենք կարողացել լուծել, շարունակում է մնալ նոյնը։ Մենք մեր ժողովրդին պէտք է հանգամանալից բացատրենք, որ սրանք խաղաղութեան անւան տակ մեզ տանում են նոր ցեղասպանութեան եւ Արցախից յետոյ երկրորդ հայկական պետականութեան կորստի։ Եթէ այդ վտանգի գիտակցութիւնը մեր ժողովրդի մեծամասնութեանը կարողանանք տեղ հասցնել, կը կարողանանք նաեւ արագօրէն լուծել բոլոր հարցերը։

«ԱԼԻՔ»- Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 13-ին, Գաւառ քաղաքում անցկացւող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախաձեռնող խմբի նիստին անդրադառնալով նախօրէին Ադրբեջանի նախագահի կատարած յայտրարութեանը, նշել էր, որ ի հեճուկս պայմանաւորւածութիւնների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, եւ որ դա լրջագոյն հարւած է խաղաղութեան գործընթացին:

Related Articles

Back to top button