«Թրամփի ուղին» եւ Իրանի մտահոգութիւնները

«ԱԼԻՔ» – Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրէին հրաժեշտի ասուլիս ունեցաւ՝ ընդհանուր առմամբ իր առաքելութիւնը Երեւանում գնահատելով յաջող։
Ըստ նրա՝ այդ առաքելութեան ընթացքում յաջողւել է էականօրէն խորացնել երկկողմ համագործակցութիւնը շատ ոլորտներում, թէեւ դեսպանը նաեւ խոստովանեց, որ հայ-իրանական յարաբերութիւններում առկայ ներուժը դեռ լիովին իրացւած չէ։
Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ Իրանն ամուր կանգնելու է իր սկզբունքային դիրքորոշումներին, աջակցելով ՀՀ ազգային ինքնիշխանութեանը, տարածքային ամբողջականութեանն ու սահմանների անխախտելիութեանը։ Խօսելով «Թրամփի ուղու» եւ ընդհանուր առմամբ վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների մասին, դեսպան Սոբհանին շեշտեց՝ Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր ճանապարհի հարցում, ապա պարզաբանեց, որ այդ պահերը վերաբերում են օպերատորի գործողութիւններին կամ նրան, թէ ինչ լիազօրութիւններ է ունենալու ստեղծւելիք հայ-ամերիկեան ընկերութիւնը:
«Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործւող գործողութիւնները, մանրամասները յստակ չեն, խօսքն այն քննարկումներ մասին է, որի արդիւնքում պէտք է համատեղ ընկերութիւն ստեղծւի, որը միեւնոյն ժամանակ ներգրաւելու է ներդրումներ, այս մասին որեւէ մանրամասն յստակ չէ»,- նշել է Սոբհանին: Սակայն նա նաեւ ասել է, թէ շատ հարցեր երկկողմ զրոյցների ընթացքում յստակեցւել են։
Խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհների ապաշրջափակման պայմանաւորւածութիւնների մասին, Մեհդի Սոբհանին յիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրւել են համատեղ յայտարարութեան մէջ: Դեսպանը մանրամասնեց՝ այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, իրաւազօրութիւնը, սահմանների անխախտելիութիւնը եւ փոխադարձութիւնը»:
Ճանապարհների ապաշրջափակման հարցում Սոբհանին շեշտեց փոխադարձութեան սկզբունքը, մանրամասնելով, որ եթէ, օրինակ, Նախիջեւանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի եւ Ջուլֆայի միջով պէտք է կարողանայ կապ հաստատել Իրանի հետ:
«Եթէ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նոյն իրողութիւնը պէտք է նաեւ Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանայ Նախիջեւանի միջոցով նաեւ Իրան գնայ: Բնականաբար, եթէ բոլոր երկրները կարողանան օգտւել այդ տրանսպորտային հնարաւորութիւններից, դա կը բխի բոլորի շահերից: Եթէ դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դէմ չի լինի»,- նշել է նա:
Անդրադառնալով հնարաւոր ռիսկերին, իրանցի դիւանագէտն ընդգծեց՝ «ռիսկը կը լինի այն դէպքում, որ այդ նախագծի մի մասն իրագործւի, իսկ միւս մասը՝ ոչ»: Հեռացող դիւանագէտն իր խօսքն աւարտեց 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆէզ Շիրազիի խօսքերով.
«Ով զեփիւռ, եթէ անցնես Արաքս գետի ափով, համբուրիր նրա հողը եւ թարմացրու քո շունչը»:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168․am-ի հետ զրոյցում ասել է, որ Իրանի դեսպանի մօտեցումները չեն նշանակում Իրանի կարմիր գծերի մեղմում կամ դրանցից հրաժարում։
Ըստ նրա՝ դիւանագիտական բառապաշարն ունի իր առանձնայատկութիւնները եւ սահմանափակումները, որոնք երբեմն լիովին ընկալելի չեն։
Վերլուծաբանի խօսքով՝ բաւարար է այն, որ իրանական կողմը խօսում է անհասկանալի հանգամանքների ռիսկերի ու մտահոգութիւնների մասին, պաշտօնեաները երբեմն կարող են աւելի կոշտ արտայայտւել։
Նա յիշեցրել է, որ Իրանի նախագահի այցը ՀՀ այդ պայմանաւորւածութիւններից յետոյ ցոյց էր տալիս նաեւ Իրանի զգայունութիւնն այդ հարցերի նկատմամբ։ Փորձագէտի կարծիքով, Իրանը հետեւողականութիւն է ցուցաբերում այն բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Իրանի անմիջական հարեւանութեամբ։
«Իրանն առաջնորդւում է այն պայմանաւորւածութիւններով, որոնք ամրագրւած են եւ նրանով, թէ ինչ պարզաբանումներ են տալիս կողմերը, ու ինչպիսի իրավիճակ է ռեգիոնում։
Այստեղ առանցքային հարցն այն է, որ կան շատ հարցեր, որոնց շուրջ պայմանաւորւածութիւններ, վերջնական որոշումներ դեռ չկան։ Ակնյայտ է, որ Իրանի մտահոգութիւնները պէտք է վերաբերեն իր հարեւանութեամբ ԱՄՆ գործունէութեանը, սակայն, երբ այդ գործունէութեան մանրամասները յստակեցւած չեն, Իրանը միայն կարող է աշխատել կողմերի հետ իր դիրքորոշումներն ու ռեգիոնալ շահերն առաջ մղելու համար։ Մտահոգութիւնների միւս բաժինը վերաբերում է ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների լիարժէք պահպանմանը։ Այսինքն՝ մտահոգութիւնները ռեգիոնալ են ու աշխարհաքաղաքական։
Իրանն աշխատում է, բանակցում, յարաբերութիւնները խորացնում, նաեւ տրանսպորտային համատեղ ու ռեգիոնալ պրոյեկտներն ակտիւացնում վտանգները չէզոքացնելու նպատակով։ Կարծում եմ՝ շատ գործընթացներ հրապարակային չեն, սրանք այն հարցերն են, որոնց շուրջ աշխատանքը ծաւալւում է քաղաքական մակարդակում եւ որոշ գերատեսչութիւնների մակարդակում»,- նման կարծիք է յայտնել Ալի Սալամին։
Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցւած չեն, ռեգիոնալ դերակատարները կարող են ազդեցութիւն ունենալ դրանց նկատմամբ, քանի որ կայացւող որոշումները վերաբերում են ռեգիոնալ անվտանգութեանը, որն ունի նաեւ որոշակի աշխարհաքաղաքական բաղադրիչ։
«Աշխարհաքաղաքական բաղադրիչն այն է, որ Իրանի հարեւանութեամբ ԱՄՆ ներկայութիւնը, բնականաբար, խնդրայարոյց հարց է Իրանի համար, հաշւի առնելով մի քանի ամիս տեղի ունեցած յարձակումն Իրանի նկատմամբ։ Ուստի սա Իրանի համար չափազանց զգայուն հարց է, բազմակողմ աշխատանքը շարունակւելու է այս ուղղութեամբ յանուն ռեգիոնալ բոլոր երկրների կայունութեան»,- ասել է Ալի Սալամին։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ