Մանէ Թանդիլեան. «Ալիեւը հերթական անգամ խօսում է Ադրբեջանի բնակիչների՝ ՀՀ վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիւ է քշում»
«ԱԼԻՔ» – Ալիեւը հերթական անգամ խօսում է իր Ադրբեջանի բնակիչների՝ ՀՀ վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիւ է քշում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցութեան հիմնադիր Մանէ Թանդիլեանը:
«Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խօսում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, որին ի պատասխան Հայաստանի վարչապետը լուռ հեծանիւ է քշում։
Հարկ եմ համարում յիշեցնել, այդ թւում միջազգային գործընկերներին, որ Հայաստանի տարածքում երբեք Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիներ չեն ապրել։
ՀԽՍՀ տարածքում 1989 թ. դրութեամբ ապրել են մօտ 80,000 ադրբեջանցիներ, ովքեր ինքնակամ վերադարձել են Ադրբեջան բացառապէս ԽՍՀՄ փլուզման հետեւանքով, այնպէս, ինչպէս բազմաթիւ ադրբեջանցիներ վերադարձել են Ադրբեջան նախկին ԽՍՀՄ այլ երկրներից։
Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից յետոյ Վրաստանը լքել են աւելի քան 100,000 ադրբեջանցիներ։
Նոյնիսկ ադրբեջանական աղբիւրներում, չկայ որեւէ յիշատակում, որ ադրբեջանցիները Հայաստանը լքել են հարկադրւած, հետեւաբար, նրանք արդէն վերադարձել են եւ վերադարձել են իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Ի տարբերութիւն սրա, աւելի քան 400,000 հայեր Ադրբեջանի տարածքում ենթարկւել են ցեղասպանութեան, բռնի տեղահանման։
Այս ամէնի կողքին բոլորովին անընդունելի է համեմատութիւնը նաեւ Արցախում ապրած հայերի հետ, ովքեր ապրել են իրենց հայրենիքում հազարամեակներով՝ ունենալով նաեւ հայապատկանութիւն իրենց հայրենիքի նկատմամբ։
Հետեւաբար, ադրբեջանական կողմի մեկնաբանութիւնները հերթական անհեթեթութիւնն են, որոնց նպատակը բացառապէս Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ շարունակւող ագրեսիան է»,- գրել է նա։