Աբրահամ Գասպարեանը դաժան ծեծի է ենթարկւել. նրա վզի շղթան են գողացել
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունիսի 12-ին, խաղաղ ցուցարարների դէմ ոստիկանութեան գործադրած աննախադէպ դաժանութիւնների ժամանակ, բերման է ենթարկւել նաեւ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարեանը:
Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել կարմիր բերետաւորները, ինչի հետեւանքով Աբրահամ Գասպարեանի մօտ գլխուղեղի ցնցում է ախտորոշւել, նաեւ կողոսկրներն են կոտրւել: Քանաքեռ-Զէյթուն ոստիկանական բաժանմունքից նրան տեղեափոխել են հիւանդանոց, որտեղ նա հոսպիտալացւել է:
Ուշ երեկոյեան, դէպքի առիթով, լրագրողների հետ զրոյցում, նրա փաստբան Տիգրան Գրիգորեանն ասել է. «Չեմ կարծում՝ նրանք իրաւունք ունեն ոստիկանի կարգավիճակ կրելու: Այս պահին պարոն Գասպարեանը ազատ է արձակւել, իր նկատմամբ քրէաիրաւական գործընթաց չկայ: Հակառակն է լինելու, պատասխան են տալու կարմիր բերետաւոր կոչւածները: Ողջ խստութեամբ պատասխանատւութիւն են կրելու, ողջ գործիքակազմը կիրառելու ենք: Սա լկտիութիւն է:
Նախապատրաստում ենք յանցագործութեան մասին հաղորդում տանք, այդ թւում գողութեան: Կարմիր բերետաւորներն առեւանգել են նրա հեռախօսը եւ վզի շղթան էլ են գողացել»: