Միքայէլ Սրբազանը՝ ոստիկանութեան գործողութինների մասին. «Պետական խուլիգանութիւն է, պետութիւնը զաւթւած է խուլիգանների կողմից»
«ԱԼԻՔ» – Պետական խուլիգանութիւն է, պետութիւնը զաւթւած է խուլիգանների կողմից՝ տգէտ, անբարոյական, լկտի, ցինիկ խուլիգանների կողմից։ Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը լրագրողների հետ զրոյցում, այսպէս է մեկնաբանել յունիսի 12-ին Բաղրամեան պողոտայում ոստիկանական ուժերի գործողութիւնները:
«Խուլիգանն ամէն ինչի ընդունակ է, այնպէս որ, իրենք իրենց համապատասխան են գործում, զարմանալու բան չկայ: Նրանք հասարակական կարգ չեն ապահովում, ինչպէս իրենք են յայտարարում, այլ՝ ընդամէնը մէկ անձի ֆիզիկական գոյութիւնն են ապահովում։ Այդպէս պիտի հիմնաւորեն, բոլոր բռնատիրութիւններն էլ այդպէս են հիմնաւորում»,- ասել է նա:
Միքայէլ Սրբազանը նշել է նաեւ՝ այս ամէնը հակառակ ազդեցութիւնն է ունենալու, ժողովուրդը աւելի շատ է հաւաքւելու.
«Ումի՞ց վախենալ՝ վախկոտի՞ց։ Քաջից վախենալն ուրիշ բան է, վախկոտից վախենալը՝ լրիւ խայտառակութիւն։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի զգալի հատւածը վախկոտից վախեցող է, իսկ մեր առջեւ վախկոտներ են, ողորմելիներ են։ Իրօք ցաւում եմ, որ մեր պետութիւնը այսօր ներկայացնող մարդկանց ստիպւած եմ այս մակդիրներով «նախշել», բայց դա է այսօրւայ իրականութիւնը»,- ասել է նա։
Շիրակի թեմի առաջնորդն առողջութիւն է մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են ոստիկանական բիրտ ուժի գործադրումից ու լուսաձայնային նռնակների կիրառումից: