Դաշնակցական Բեմ

CIA-Ը, MI6-Ը ԵՒ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ՝ ԸՆԴԴԷՄ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ…

Դերենիկ Մելիքեանի ոսպնեակից

Մեր հայրենի երկրում, արդէն աւելի քան մէկամսեայ Սրբազան պայքարը ինչպէսեւ ակնկալւում էր, դէմ-յանդիման է կանգնում ներքին ու առաւել եւս արտաքին խոչընդոտների եւ արգելքների։

Ներքին առումով, իշխանական աթոռներից կառչած հայրենադաւները, երկրում մնացած իրենց միակ ապաւէն՝ ոստիկանական ուժերով դեռեւս փորձում են համաժողովրդական շարժումն իբր ձախողեցնել։

Այդ ճամբին կիրառւում է՝ բիրտ, անհամաչափ եւ փողոցային-խուլիգանական պահւածքը՝ խաղաղ ակցիաների ժամանակ, որպէսզի վախի մթնոլորտ ստեղծեն ցուցարարների շարքերում։

Միւս կողմից, որպէս լրացուցիչ ճնշամիջոց, իշխանամէտ քարոզչամեքենան, ինչպէս անցնող վեց տարիներին, ընդդիմադիր որեւիցէ շարժմանը վարկաբեկելու մարտավարութեան կիրառմամբ, այժմ եւս, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը փորձում է ներկայացնել լոկ արկածախնդրական մի ընդվզում։

Ներքին ճակատում, հայրենադաւները դիմում են մի այլ ստոր քայլի եւս, երբ լկտիաբար սպառնում են քաղաքացիներին ու յատկապէս երեւանաբնակ արցախցիներին, որպէսզի խուսափեն ցոյցերին ու մանաւանդ հանրահաւաքներին մասնակցելուց։ Այլապէս՝ առաջինները գործազուրկ կը լինեն, իսկ երկրորդները՝ կը զրկւեն առանց այդ էլ աննախանձելի տարբեր «նպաստներից»…

Իշխանախմբի կողմից ներքին ճակատի վերոգրեալ միջոցառումներն ինքնին ոչ մի կերպ չեն կարողացել ընկրկել ու նահանջի ենթարկել Սրբազան շարժմանը։ Ուստիեւ Շարժումը համբերատար, բայց վճռական, շարունակում է իր երթը, հասնելու համար հայրենակործանների հեռացման նպատակային առաջին եւ հետագայի համար խիստ վճռորոշ հանգրւանին։

Անշուշտ,  այդ հանգրւանը թեւակոխելը արագ, հարթ ու սահուն եղանակով չի լինելու, որովհետեւ իշխանական դրածոյ խրտւիլակների թիկունքին կանգնած են արտաքին՝ միջազգային այնպիսի ուժային կենտրոններ, որպիսիք են՝ ոչ աւել-ոչ պակաս՝ CIA-ը, անգլոսաքսոնական MI6-ը եւ սրանց տարածաշրջանային պատմա-աւանդական արբանեակ՝ թուրք-ադրբեջանական հայատեաց ու հայաստանատեաց դաշինքը։

Այս փաստացի եւ մեզ համար՝ ձախորդ իրողութիւնը ոչ թէ այսպէս ասած՝ «դաւադրութիւնների թէորիայի» ժանրից, այլ ուղղակիօրէն ապացուցւած եւ նոյն ուժային կենտրոնների կողմից իսկ բազմիցս բարձրաձայնւած իրավիճակ է, որով էլ բացայայտւում է նրանց տարածաշրջանային եւ ինչու ոչ՝ գլոբալ  հեռահար նպատակը։ Իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ նոյն տարածաշրջանից ռուսական գործօնի հեռացումը, ՆԱՏՕ-ի, ասել է թէ՝ Թուրքիայի գլխաւորութեամբ միջինասիական տարածքներ եւ յատկապէս Կասպից ծովափնեայ շրջաններ ներթափանցելը՝ կրտսեր եղբօր՝ Ադրբեջանի խնամակալութեամբ…։

Արդէն պարզ է յարգելի ընթերցողի համար, որ նման նպատակների իրականացման ճամբին, քաղաքական ու անվտանգային ինչ կարգի ներուժ սպառնալիքների դէմ-յանդիման է կանգնում նաեւ Հայաստանի միակ վստահելի ու բարեկամ հարեւան Իրանը։

Սա՝ տարածաշրջանային տեսանկիւնից, սակայն, ինչ վերաբերում է մեր հայրենի երկիր Հայաստանին, պէտք է անվարան ասել, որ հաւաքական արեւմուտքի համար ՀՀ-ն լոկ դիտարկւում է որպէս  հարթակ՝ վերոգրեալ ճանապարհին, յար եւ նման ուկրաինական հարթակի, որն անտարակուսօրէն տանում է դէպի կործանման…։

2018-ից սկսեալ, երբ ԱՄՆ  անվտանգային բարձր խորհրդական Ջոն Բոլտոնն էր այցելում ՀՀ-ում սորոսական դրածոյ իշխանախմբին, ապա՝ 2020 թւականի  ըստ էութեան անգլիական MI6-ի սադրած պատերազմից յետոյ այցելող եւ ընդհուպ՝ մինչեւ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-CIA-ական եւ  բրիտանական համանման բարձրաստիճան պաշտօնեաներն, արդէն վխտում են երեւանեան իշխանական կուլիսներում…։

Միթէ՞ պարզ չէ, թէ ինչե ՜ր են քննարկում նրանք՝ հայանուն ազգադաւ պաշտօնեաների հետ՝ իրենց գովերգող «խաղաղութեան», սահմանազատման-սահմանագծման ու ամենազաւեշտալին՝ «նիկոլական ժողովրդավարութեան» պահպանման մասին…։

Ահաւասիկ, վերոնշեալ ներքին ու արտաքին համադիր ու համատեղ ուժերի կարճաժամկէտ եւ յատկապէս հեռահար շահերի դէմ է ըմբոստացել հայկական իրական բնազդի եւ  կամքի արտայայտութիւնը։

Արտայայտութիւն, որն ակունք է առել հայրենապաշտական սրբազնագոյն գաղափարներից, որոնց նորովի կենսագործման ճամբին աներեր ու աննահանջ է լինելու ազգը՝ իր համազգային յարատեւ ու յաղթական երթի շնորհիւ …։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

Related Articles

Back to top button