Ինչպիսին կը լինի մեր ապագան եթէ Նիկոլի իշխանութիւնը վերարտադրւի

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
Այս յօդւածով ցանկանում եմ ներկայացնել, թէ ինչ է սպասւում մեր երկրին եւ մեզ բոլորիս, եթէ առաջիկայ ընտրութիւններից յետոյ Նիկոլ Փաշինեանը շարունակի ղեկավարել Հայաստանը։ Կարող է թւալ, թէ ասելիքս երեւակայական մտավարժանք է, սակայն պատրաստւում եմ խօսել երեւոյթների մասին, որոնք արդէն իսկ ընթացքի մէջ են, որոնց մասին իշխանութիւնները յայտարարել են, ինչպէս եւ պահանջների մասին, որոնք թուրք-ադրբեջանական եւ Արեւմտեան ուժերի պարտադրանքն են ու, ինչպէս նախորդ տարիների փորձն է փաստել, Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը հնազանդօրէն կիրականացնի դրանք։ Այո, շատ դէպքերում Հայաստանի իշխանութիւնը խնդրել է արտաքին ուժերին թոյլ տալու հետաձգել նրանց պահանջների կատարումը, իսկ այլ դէպքերում սեփական նախաձեռնութեամբ է յետաձգել իր ծրագրերի գործնականացումը վախենալով, որ դրանից յետոյ կարող է զրոյի հաւասարւել գալիք ընտրութիւններում յաղթելու հաւանականութիւնը կամ այնպիսի համաժողովրդական դժգոհութեան մթնոլորտ ձեւաւորւի, որ իր քաղաքական ճակատագիրը կը վճռւի մինչեւ ընտրութիւնները։
Նախ անդրադառնանք արտաքին խնդիրներին, որոնց հետ ուղղակիօրէն շաղկապւած է Հայաստանի ինքնիշխանութեան հարցը։ Աւելի քան ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը վերջին տարիներին իրականացնում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն արմատապէս փոխելու քաղաքականութիւն։ Նա, մի կողմից, փորձում է դա անել աւանդական դաշնակիցներին համոզելով, թէ ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում, միւս կողմից, սակայն, ենթարկւելով արտաքին թելադրանքին, աւանդական դաշնակիցների դէմ կատարում է կոպիտ քայլեր հովանաւորներին հաւաստիացնելու համար, թէ չի շեղւում նախանշւած կուրսից։ Այսպիսի ամենաթարմ օրինակներից մէկը. սոյն թւականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերած եռակողմ պայմանաւորւածութիւններից յետոյ Նիկոլը շտապեց զանգել Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարներին՝ հաւաստիացնելու, թէ այդ պայմանաւորւածութիւնները որեւէ կերպ չեն ազդելու իրենց երկրների միջեւ եղած փոխյարաբերութիւնների վրայ, սակայն արդէն օգոստոսի 15-ին, անհեթեթ պատճառաբանութեամբ (իբրեւ թէ գտնւում է կարճատեւ արձակուրդի մէջ) Հայաստանի ղեկավարը չմեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
Ի դէպ, նա միակ ղեկավարն էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարների նախորդ հաւաքին մասնակցեց հեռավար միացումով։ Հայաստանն արդէն մի քանի տարի հիմնականում ներկայացուցիչ չի ունենում նաեւ ՀԱՊԿ ղեկավարների նիստերին, իսկ հէնց այս տողերը գրելու պահին, Նիկոլի ակնյայտ թելադրանքով, իրեն ենթակայ քաղաքական բախտախնդիրները հանրահաւաք են անում Գիւմրիում տեղակայւած 102-րդ ռազմաբազայի դէմ՝ պահանջելով հեռանալ Հայաստանից։ Նիկոլը յստակօրէն տանում է Ռուսաստանին Հայաստանից քաղաքականօրէն, ռազմական եւ տնտեսական առումներով դուրս մղելու քաղաքականութիւն, սակայն առայժմ դրան չի տալիս վճռական ընթացք՝ վախենալով նախընտրական շրջանում իր համար վտանգաւոր հետեւանքներից։ Նոյն քաղաքականութիւնն իրականացւում է նաեւ այն միակ հարեւանի նկատմամբ, որը վճռականօրէն պաշտպանում է Հայաստանի ամբողջականութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնը։ Իհարկէ, Իրանում վաղուց հասկանում են, որ Հայաստանի ղեկավարը խաբում է իրենց եւ խաղալիք է վերոյիշեալ ուժերի ձեռքին։ Հարեւան ու բարեկամ երկրի նախագահի օրեր առաջ Հայաստան այցից յետոյ իրանցիների արձագանքն այն եղաւ, որ իրենց մտահոգութիւնները փարատւած չեն, որքան էլ որ Նիկոլն իրեն բնորոշ գեղջկական ճարպկութեամբ փորձել է հակառակը համոզել տարածաշրջանում մեր շահերի հետ իր շահերով համընկնող հարեւան երկրի ղեկավարին։
ԵԱՏՄ-ին ու յատկապէս Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելուց յետոյ կասկած չկայ, որ այս տարածքն առանց ռազմական գերակայող ուժի չի մնալու, նախկինին փոխարինելու են Թուրքիան եւ Ադրբեջանը, Հայաստանի սահմանները դառնալու են նրանց առջեւ ամբողջովին բաց։ Նոյնքան աներկբայ է, որ որեւէ եւրոպական երկիր իր զօրքը չի բերելու Հայաստանի սահմանները պաշտպանելու, այլ նրանց անունից են այդ դերը ստանձնելու Թուրքիան եւ, չի բացառւում, Ադրբեջանը։ Այսինքն՝ որեւէ մէկը թող չկասկածի, որ Հայաստանից ռուսական զինւորականութեան դուրս գալուց յետոյ Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի չյայտարարւած գաղութը։ Ի դէպ, հէնց այս օրերին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կատարեցին միանգամայն հակառակ յայտարարութիւններ. եթէ Հայաստանի ղեկավարն ասում է, թէ հնարաւոր է 2026 թւականի պետական բիւջէում պաշտպանական ծախսերի էական աւելացում չլինի, ընդհանրապէս չլինի, պատճառաբանելով, թէ այլեւս խաղաղութիւն է հաստատւել, Ադրբեջանի ղեկավարը նոյն ժամանակ ասում է. «Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը։ Մատակարարւել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։
Պէտք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի»։ Ադրբեջանի ղեկավարը խօսում է վերջին տարիների իրենց մեծ յաղթանակների մասին, իսկ Հայաստանի վախւորած ղեկավարն իր վերջին հարցազրոյցում ասաց, թէ առհասարակ մեր բառապաշարից պէտք է դուրս բերենք յաղթանակ բառը, հնարաւոր չէ անընդհատ յաղթել։ Փաստերը խօսուն ձեւով վկայում են, որ Նիկոլ Փաշինեանը, բացառելով սեփական ուժերով Հայաստանի եւ նրա ինքնիշխանութեան պաշտպանութեան հնարաւորութիւնը, երկիրը տանում է կամաւոր ենթակայութեան։ Ասւածի մասին յաւելեալ փաստում են նաեւ անվտանգային, տնտեսական, էներգետիկ գործօնները։ Դարձեալ այս օրերին խօսւում է այն մասին, որ Ազգային անվտանգութեան ծառայութիւնում տեղի է ունենում կադրային ջարդ։
Բրիտանաթուրքական ուժերի տարիների պահանջն է Հայաստանի դրածոյ իշխանութեանը ոչնչացնել ԱԱԾ համակարգը, որն, իրենց կարծիքով, թելերով կապւած է Ռուսաստանի հետ։ Միւս կողմից՝ վերջին տարիներին ստեղծւեց եւ ուժեղացւում է բրիտանական ազդեցութեանը ենթակայ Արտաքին հետախուզութեան ծառայութիւնը։ Այսպիսով, ընթացքի մէջ է Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգութեան համակարգերի քանդման, դրանց վրայ արտաքին ազդեցութեան լիարժէք հաստատման գործընթացը (յիշենք նաեւ, որ Պաշտպանութեան նախարարութիւնում ներկայումս աշխատում է ԱՄՆ ՊՆ պաշտօնական ներկայացուցիչը, իսկ Հայաստանի սահմաններին տեղի ունեցող ամենափոքր տեղաշարժը վերահսկւում է եւրոպական դիտորդների կողմից)։
Նիկոլն ու նիկոլանմանները 10-15 տարի առաջ մեծ աղմուկ էին բարձրացրել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան համար՝ կասկածելով դրա արդիւնաւէտութեան մէջ եւ յատկապէս համարելով, որ այն լինելու է Հայաստանի ինքնիշխանութեան կորստի հաշւին։ Կարճ ժամանակ անց բոլորը համոզւեցին, որ տնտեսական առումով Հայաստանի համար այս շուկային այլընտրանք գոյութիւն չունի, միւս կողմից դժւար է փաստելը, թէ քաղաքական առումով ԵԱՏՄ-ն սահմանափակել է Հայաստանի, տրամաբանօրէն նաեւ միութեան միւս անդամների, ինքնիշխանութիւնը։ Եւրոպացիք միանալով նիկոլական նախընտրական հանկերգին՝ յաջորդ գարնանը գալու են Հայաստան եւ անորոշ ժամանակի համար խոստանալու են անդամակցութիւն Եւրամիութեանը, սակայն ընտրութիւնների ցանկացած ելքի պարագայում մենք ստանալու ենք այն, ինչ ստացել են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ էլի ուրիշներ։
Հզօր քաղաքական ու ռազմական դաշինքների հետ կապերի խզումը եւ անպաշտպան յայտնւելը թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ նշանակելու է վերջնականօրէն թաղել Արցախի հարցը, նշանակելու է սահմանադրական այնպիսի փոփոխութիւններ, որոնք ոչ միայն կարձանագրեն Արցախից, Հայոց Ցեղասպանութեան հարցից, Արեւմտահայաստանի յիշատակումից անգամ հրաժարումը, այլեւ կը զրկեն պետութիւնը ազգային դիմագծից։
Սփիւռքն իր գրպանում տեղաւորելու Նիկոլի ցանկութիւնները ջուրը լցւեցին, եւ այս անգամ նա պարզապէս խզելու է Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ եղած բոլոր կապերն ու կամուրջները։
Նոր «յաղթանակից» յետոյ Նիկոլը վերջնականօրէն լուծելու է եկեղեցու հետ ունեցած իր խնդիրները եւ 1700-ամեայ ազգային եկեղեցուն փոխարինելու կը գայ Նիկոլին ենթակայ մի սրբապիղծ աղանդ՝ ղեկավարւող այն անբարոյական դուրսպրծուկների կողմից, ովքեր որպէս ինքնակոչ հոգեւորականներ անարգանքներ են տարածում Մայր եկեղեցու հոգեւոր առաջնորդների դէմ։ Նա, ով կը ձգտի Նիկոլ Փաշինեանին կրկին բերել իշխանութեան, պէտք է յստակ հասկանայ, որ մասնակցում է 1700-ամեայ Հայոց Սուրբ Եկեղեցու քանդման, Հայաստանի ինքնիշխանութեան ոչնչացման գործին, ինչպէս որ 2021 թ. Նիկոլին բերածների խղճի վրայ է ծանրացած Արցախի կործանման եւ հազարաւոր հայորդիների նահատակման մեղքը։
Չպէտք է կասկածել նաեւ, որ գալիք ընտրութիւններում Նիկոլի յաղթանակին յաջորդելու է Հայաստանի նոր տարածքների զիջման գործընթացը, որի մասին Նիկոլն ակնարկեց Վաշինգտոնեան բանակցութիւններից անմիջապէս յետոյ։ Թերեւս աւելորդ է յիշեցնելը, որ Ադրբեջանը, ամրանալով արդէն ստացած եւ գրաւած տարածքներում, պահանջում է նորերը, ոչ մէկ անգամ չխօսելով այն մասին, թէ ինքն էլ ինչ որ բան պիտի զիջի, կամ թէ իր համար որեւէ նշանակութիւն ունի Հայաստանի տարածքի չափերի մասին Փաշինեանի կողմից անընդհատ կրկնւող թիւը։
Փաշինեանի յաղթանակը կը նշանակի 300.000 ադրբեջանցիների բնակեցումը յատկապէս Սիւնիքում եւ Հայաստանի հարաւի փաստացի գրաւումը։
ԵԱՏՄ-ի հետ կապերի խզումը նշանակում է կտրել այն ճիւղը, որի վրայ նստած ենք։ Անհեթեթութիւն է մտածելը, թէ Եւրոպան իր դռները կը բացի մեր ապրանքների առջեւ եւ մատչելի գներով կը հոգայ Հայաստանի տնտեսական կարիքները։ Դրա փոխարէն Փաշինեանի վերընտրութեան, կամ արտաքին ուժերի աջակցութեամբ վերանշանակման պարագայում, առաջին հերթին՝ Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան նպատակ են դնելու զաւթել Հայաստանի հարաւի հազւագիւտ եւ թանկարժէք բնական պաշարները։ Որպէսզի ընթերցողին չթւայ, թէ սա արծարծւած թեմա չէ եւ գուցէ երեւակայութեան արդիւնք է, յիշեցնեմ 2025 թ. օգոստոսի 22-ին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Դաւիթ Խուդաթեանի յայտնած միտքը «Արմէնպրես»-ին. «Ինչ վերաբերւում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցութեանը, Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է եւ հետաքրքրւած է դրանով։ Համագործակցութեան տրանսպորտային բաղադրիչն արտայայտւած է հէնց «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծն է նաեւ TRIPP-ը՝ «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» ծրագիրը։ Մենք ակտիւօրէն պատրաստւում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցութիւնների բացմանը»։ Գիշատիչ այս երկրների առջեւ Հայաստանի տնտեսութեան բացումը նշանակելու է Հայաստանի թէ՛ արդիւնաբերական, եւ թէ՛ գիւղատնտեսական արտադրութեան ոչնչացում, ինչպէս եւ Հայաստանի սահմանափակ շուկայի կլանում։ Յիշենք, որ Սահակաշւիլու կառավարման շրջանում ադրբեջանաթուրքական տնտեսական աքցանի մէջ յայտնւած Վրաստանի ազգային իշխանութիւնը ներկայումս դժւարութեամբ փորձում է յետքայլ անել, ձերբազատւել այս կաշկանդումից։
Ռուսաստանի հետ ամէն տեսակի կապերի խզման բրիտանաթուրքական ծրագրի մաս պէտք է համարել մի քանի անգամ հնչած այն յայտարարութիւնը, թէ Հայաստանը կարող է գազ գնել Ադրբեջանից։ Թուրք-բրիտանական պահանջների թւում է նաեւ Հայկական ատոմակայանի փակման պահանջը եւ Ամերիկեան, այսպէս կոչւած, Մոդուլային ատոմակայանի գործարկումը Հայաստանում։ Սրանք քայլեր են, որոնց կատարմանը, վերընտրութեան դէպքում, վստահաբար մղելու են արտաքին ուժերը՝ մի կողմից՝ ոչնչացնելով Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ անկախութիւնը, եւ, միւս կողմից, ամբողջովին երկիրը կախման մէջ դնելով արտաքին ուժերից՝ մասնաւորապէս Ադրբեջանից ու Թուրքիայից։
Յաջորդ ազգադաւ եւ պետականաքանդ ծրագրերը, որոնք սկսեց Նիկոլ Փաշինեանը, բայց մինչեւ ընտրութիւնները ժամանակաւորապէս կասեցրեց, Հայաստանում կրթական եւ գիտական համակարգերի կազմաքանդումն էր։ Այս տարի Հայաստանում արդէն իսկ փակման լուր էին ստացել հարիւրաւոր դպրոցներ։ Շատ հասկանալի պատճառներով ծրագիրն այս տարի չիրականացւեց։ Սկսւեց, բայց ձգձգւեցին նաեւ Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրն ու դանդաղօրէն երեւանեան բուհական շէնքերի դատարկումը, գիտական եւ ուսումնական հանրութեան մեծ բանակի դուրսբերումը մայրաքաղաքից։ Յայտարարւեց, սակայն յետաձգւեց Հայաստանի Ազգային Ակադեմիայի լուծարման գործընթացը։ Պաշտօնապէս կառավարութիւնը ներկայացնում է՝ իբրեւ թէ ակադեմիական ինստիտուտները կցւելու են բուհերին, իսկ իրականում բուհերը կը կարողանան կիսատ-պռատ չափով աշխատանքի տեղաւորել ակադեմիական գիտնականների մօտ 10%-ին, իսկ մնացած թանկարժէք ներուժը կը կորչի ակադեմիական գիտութեան հետ միասին։
Հայաստանը հումքային, սպասարկման եւ ծառայութիւնների շուկայի վերածելու, նրանում լուսաւորութեան, ու ազատութեան ձգտումը մեռցնելու համար անհրաժեշտ է նիկոլական ժեխի վերածել ողջ հայութեանը։ Առանց դրա ոչ միայն արտաքին ուժերը, այլեւ հենց Նիկոլը, չեն կարողանայ իրենց ենթարկել եւ ստրկացնել Հայաստանը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ազգի մտաւոր մակարդակն իջեցել այն աստիճանին, որ նրան կարողանան դաս տալ ոմն անգրագէտ Նիկոլ եւ Աննա։
Անշուշտ այս նպատակին է ծառայում նաեւ դպրոցական եւ բուհական կրթական ծրագրերի փոփոխութիւնը, հայագիտական առարկաների դասաւանդման սահմանափակումը, դրանց աղաւաղումը, պարզունակացումը՝ պարպումը ազգային բովանդակութիւնից եւ ոգուց։ Նիկոլ Փաշինեանն այս աշխատանքը կը հասցնի իրեն ցանկալի աւարտի, եթէ ապազգային ու տգէտ զանգւածը իրականացնի գլոբալիզմի ճորտերի վերարտադրութիւնը։ Դրանից յետոյ Հայաստանը կը դառնայ գաղութացւած, ազգային դիմագծից զուրկ մի տարածք, որի ազգային տնտեսութեան փլուզման հետեւանքով տեղի կունենայ կենսամակարդակի խիստ անկում, դրամի արժէզրկում եւ այլն։ Բնականաբար, գաղութատիրական շահագործումից բացի, տնտեսական այլ յարաբերութիւններ, ներդրումներ նման երկրում չեն կարող ակնկալւել։
Նկատի ունենալով նաեւ արտաքին ուժերի առջեւ բաց դաշտի վերածւելու պարագան՝ Հայաստանը կը յայտնւի ներքին ու արտաքին գործօններով պայմանաւորւած անկայունութեան ու ցնցումների տուրբուլենտ ընթացքի մէջ։ Անկայունութեան ներուժով աղքատացող երկրում, աճող դժգոհութիւնները լռեցնելու համար աւտորիտար իշխանութիւնը պարտաւորւած է լինելու գնալու ընդլայնւող ու խորացող մշտական բռնութիւնների։ Շահի ու մորթապաշտութեան վրայ հիմնւած ապազգայինների թիմը չի կարող մշտապէս լինել միակամ ու միաձոյլ եւ երկու-երեք տարուց նման իշխանութիւնը ճեղքւելու եւ պառակտւելու է մասերի։ Ապագան ոչ մի լաւ բան չի խոստանում ինքնանպատակ իշխանութիւնից կառչած խունտային, նրանք չեն կարողանալու խուսափել այն օրինաչափութիւններից, որոնց աշխարհն ականատես է եղել դարերի ու հազարամեակների ընթացքում։ Նիկոլի ստեղծած հեղինակապետական վարչակարգը ինքնաոչնչացնող համակարգ է, եւ այն վերջ ի վերջոյ խժռելու է իր ստեղծողներին։
Մեզ համար, սակայն, այս ամէնն այլեւս նշանակութիւն չի ունենայ։ Հայաստանը պէտք է փրկել, թոյլ չտալով, որ սկսւի քանդման վերջին փուլի աղէտը։ Վերջապէս մեր երկրում մարդիկ պէտք է սովորեն կատարել ոչ թէ ընդդեմի, այլ յանունի ընտրութիւն, ոչ թէ ատելութեան վրայ հիմւած հաճելի ստի, այլ ծրագրի ու գաղափարի ընտրութիւն, ոչ թէ սեփական ստամոքսի, այլ հաւաքական շահի ընտրութիւն՝ հայրենիքի եւ իրենց զաւակների անկախ, ազատ եւ արժանապատիւ ապագայի ընտրութիւն։ Նրանք, ովքեր մտածելու ընդունակութիւն ունեն, պարտաւոր են լրջօրէն խորհել այս ամէնի մասին, գուցէ չհամաձայնել ինչ որ բաների հետ, բայց եւ անել սեփական եզրակացութիւնները։
Վստահ եմ՝ այս երկրում դեռեւս շատ են այն մարդիկ, ովքեր գիտակցութեան ու արժանապատւութեան առումով կապ չունեն կենդանական բնազդներով ապրող ամբոխի հետ։ Ինչպէս եղել է դարեր շարունակ, ազգային ինքնագիտակցութեամբ օժտւած նւիրեալների խաչն է հայրենիքի փրկութեան գործը։
«Դրօշակ» թիւ 8, 2025 թ.