ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութիւնը գնահատել է Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի միջոցառումներին երիտասարդութեան եւ աշակերտութեան ներգրաււածութիւնը

«ԱԼԻՔ» – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը այս տարի թէ՝ Ապրիլի 24-ին առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած միջոցառման եւ թէ ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում Կենտրոնական ծրագրի ընթացքում մեծ դերակատարութիւն էր տւել հայոց դպրոցների հայ աշակերտութեանը եւ երիտասարդներին:

Միջոցառումները աւարտւելով կատարւած աշխատանքները հանրագումարի բերելով ազգային առաջնորդարանի դահլիճում զրոյց էր կազմակերպւել  Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, 111-ամեակի ոգեկոչման Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Մհեր Անդրէասեանի եւ յանձնախմբի անդամ եւ միջոցառումներին երիտասարդների հարցերով պատասխանատուների հետ:

Զրոյցի ընթացքում Հայր Սուրբը անդրադառնալով  աշակերտների, պատանիների եւ երիտասարդների ներգրաււածութեանը Ապրիլեան միջոցառումներին  ընդգծեց, որ համայնքում ունենալով գիտակից ազգային իշխանութիւն, յանձնառու ուսուցիչներ եւ գիտակից ծնողներ ու ջանասէր աշակերտներ, նաեւ ազգասէր ու հետամուտ երիտասարդներ, որոնց արեան մէջ է Ապրիլի 24-ի ոգին, իրապէս նման ներգրաււածութիւնը յոյժ կարեւոր է: Հայր Սուրբը նաեւ գնահատանքով անդրադարձաւ հայ երիտասարդի մօտ պահանջատիրական ոգու առկայութեան մասին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւս իր գնահատանքը յայտնեց թէ՛ Կենտորնական յանձնախմբին, թէ՛ Կրթական խորհրդին եւ բոլոր նրանց որոնց ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ երկրում տիրող պատերազմական իրավիճակնում նշել Սրբադասւած նահատակների յիշատակի մեծարման միջոցառումները:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Մհեր Անդրէասեանը անդրադառնալով թեմային ընդգծեց, որ յանձնախումբը հէնց առաջին նիստում որոշեց, որ այս տարի առաւել պէտք է ներգրաււել երիտասարդութեանը եւ աշակերտութեանը կազմակերպւող միջոցառումներին, որպէսզի իրենք եւս իրենց մասնակից համարելով ծրագրերին աւելիով ներկայութիւն ունենան: Նա նշեց, որ թէեւ իւրաքանչիւր տարի ՀՈՒՍԿ հաստատութիւնն էր նախաձեռնում նկարչութիւնների ստացման պրոցեսը համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, սակայն այս տարի ելնելով երկրի իրավիճակից եւ դպրոցները փակ լինելով ուղղակի դիմեցինք Կրթական խորհրդին եւ խորհուրդը անմիջական կապ հաստատեց դպրոցների տեսուչների ու փոխտեսուչների հետ եւ անմիջապէս կազմակերպեց այս աշխատանքը եւ կազմակերպւեց աշակերտական նկարչութեան ցուցահանդէսը: Իսկ սկաուտների պարագային եւս գնահատելի աշխատանք դրսեւորւեց:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի անդամ եւ Կենտրոնական յանձնախմբի կապ Մարիա Ղազարեանը նշեց որ Կրթական խորհուրդը անսալով յանձնախմբի որոշմանը եւ ելնելով այն հանգամանքից, որ մեր սիրելի աշակերտները իրենց մասնակցութիւնը բերեն աշխատանքներին, դիմեց հայոց դպրոցների տեսուչներին, փոխտեսուչներին եւ ուսուցիչներին, եւ նրանք յանձնարարեցին տարրական եւ միջնակարգ  օղակի աշակերտութեանը, որպէսզի նոյն օրը իրենց հետ բերեն նկարչութիւնները եւ յանձնեն Կրթական խորհրդին, եւ անմիջապէս նկարները հէնց առաւօտեան դասաւորւեցին եւ ամրացւեցին Ցեղասպանութեան Յուշարձանին յարող տարածքում պատերի վրայ: Նկարչութիւնների թիւը աւելի քան 350 էր: Գնահատելի է դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերի, Ծնողական խորհուրդների եւ ծնողների համագործակցութիւնը եւ մեր շատ սիրելի աշակերտների աշխատանքները:

Յանձնախմբի անդամ Ժորժ Աղայեանը անդրադառնալով Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում եւ երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» համերգասրահում կազմակերպւած միջոցառումներին  սկաուտների եւ երիտասարդների ներգրաււածութեանը նշեց, որ քանի որ հայ սկաուտը միշտ պատրաստ է, ուստի կապ հաստատեցինք մեր միութիւնների սկաուտապետերի հետ եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի, Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների եւ Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան սկաուտները ընդհանուր թւով մօտաւորապէս 150 սկաուտներ առաւօտեան արարողութեանը, իսկ երեկոյեան Կենտրոնական ծրագրին կազմակերպւած երդման եւ ջահերի արարողութեանը մասնակցել էին 50 սկաուտներ նշւած միութիւններից եւ 15 երիտասարդներ «Ռոստոմ» Երիտասարդական միութիւնից:

Այսպիսով հայ սկաուտը եւ երիտասարդը ապացուցեց, որ միշտ պատրաստ է ու պահանջատէրը իր ժողովրդի արդար Դատին:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button