Հասարակական

Հետաքրքրական գիտելիքներ խաչի մասին

Սիրելի ընթերցող, գիտէի՞ր թէ…

– Հայկական «Ծաղկեալ խաչ»-ը իր իւրայատուկ կազմւածքով յայտնում է հայ քրիստոնեայի դիտանկիւնից խաչի խորհուրդի հասկացողութիւնը: Մենք խաչին մէջ յարութիւնն ենք տեսնում, դրա համար հայկական խաչին վրայ խաչեալ Քրիստոսի պատկերը չկայ: «Ծաղկեալ խաչ»-ով մենք հաստատում ենք, թէ խաչը մեր համար մահւան գործիք չէ, այլ կեանքի ու յաղթանակի խորհրդանիշ: Ծաղիկներով զարդարւած հայկական խաչը մեզ յուշում է Դրախտում գտնւող Կեանքի Ծառը (Ծն 2.9), որը նշան է յաւիտենական կեանքի եւ անմահութեան: «Ծաղկեալ խաչ»ով յայտարարւում է նաեւ մեր հայկական ինքնութիւնը, որովհետեւ խաչի այս տեսակը յատուկ է միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցուն: Այս առումով, որոշ գրական աղբիւրներ երբեմն «Ծաղկեալ խաչ» անւան փոխարէն օգտագործել են «Ազգային խաչ» անունը:

– «Դուք Խաչապաշտեր էք»: Վստահաբար այս մեղադրանքը լսել ես աղանդաւորական շարժումների հետեւորդների կողմից, որոնք կիսատ փաստերով փորձում են քեզ համոզել, թէ հայ ժողովուրդը խաչապաշտ է: Քա՛ւ լիցի, որ մենք խաչապաշտ լինենք: Մենք խաչը չենք պաշտում, մենք խաչեալի՛ն ենք պաշտում: Այս հաստատումը կարելի է բացատրել հետեւեալ օրինակով. ենթադրենք, թէ մեր մօտ մեր մօր լուսանկարը ունենք: Յանկարծ մի անծանօթ մարդ այդ լուսանկարը առնելով, պատռում է կամ ոտնակոխան է անում: Ի՞նչ զգացում կունենանք: Վստահաբար կը նեղանանք, նոյնիսկ կարող է որ այդ անձին ծեծենք իր կատարած արարքի համար: Ինչո՞ւ: Որովհետեւ ճիշդ է թէ այդ լուսանկարը մեր մայրը չէ, բայց այն մեզ մեր մօրն է յուշում: Նոյնն է պարագան նաեւ խաչին. խաչը Քրիստոսը չէ, բայց այն մեզ Քրիստոսին է յուշում: Ուստի, ինչ որ Քրիստոսի հետ կապ ունի, ինչ որ մեզ Քրիստոսին է յուշում. այն մեզ համար սուրբ է եւ նւիրական: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է.- «Ուր որ է խաչը, այնտեղ է նաեւ Խաչեալը (Քրիստոսը)»: Հետեւաբար, մենք խաչին մէջ նիւթը չենք տեսնում, այլ Քրիստոսի՛ն ենք տեսնում:

– Խաչի չորս թեւերից իւրաքանչիւր իր իմաստը ունի: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է.- «Իր քառաթեւ ձեւով խաչը փրկութիւն է մեզ համար, քանզի խորհրդանշում է Քրիստոսի չորս բարերարութիւնները: Խաչի վերին մասը ցոյց է տալիս Երկնքի Արքայութեան բացւելը, ստորին մասը՝ Դժոխքի աւերումը, աջը՝ շնորհների բաշխումը, իսկ ձախը՝ մեղքերի թողութիւնը» (Ս. Գրիգոր Տաթեւացի, Քարոզ Սուրբ Խաչի մասին, Երեւան, 1995, էջ 6):  

– Ի՞նչ նշանակութիւն ունի խաչակնքումը: Խաչակնքման գործողութեան ընթացքին, երեք մատները միացնում ենք իրար որպէս Ամենասուրբ Երրորդութեան երեք անձերի՝ Հօր, Որդու եւ Ս. Հոգու խորհրդանիշ: Միւս երկու մատները սեղմում ենք ափին որպէս Քրիստոսի Աստւածային եւ մարդկային բնութիւնների միութեան նշան: Խաչակնքելով խոստովանում ենք մեր ուղղափառ դաւանանքը, ասելով.- «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Ամէն»: Այսպիսով մենք դաւանում ենք, թէ Քրիստոս Հօր Աստծոյ կողմից ուղարկւեց աշխարհ: Աշխարհում Նա քարոզեց, բժշկեց, հրաշագործեց, դատապարտւեց, չարչարւեց, խաչւեց, յարութիւն առաւ, ապա համբարձաւ եւ նստեց Հօր Աստծոյ աջ կողմը: Որից յետոյ ուղարկեց Ս. Հոգուն, որպէսզի առաջնորդի եկեղեցու կեանքը, մինչեւ որ Ինք դարձեալ գայ եւ դատի աշխարհը: Վերջում ասում ենք «Ամէն»: «Ամէն» բառը երեք իմաստ ունի. Ա) թող այդպէս լինի, Բ) ճշմարիտ է եւ Գ) Աստւած ճշմարիտ արքայ է:

– Հայ եկեղեցին խաչի նւիրւած չորս տօներ ունի, նրանք են. Ա) Երեւման Խաչի, Բ) Խաչվերացի կամ խաչի վերացման, Գ) Վարագայ Ս. խաչի եւ Դ) Գիւտ խաչի տօները:

Կազմեց՝

ԱՌԱՔԵԼ ԱԲԵՂԱՅ ԳԱՏԵՀՃԵԱՆԸ 

Related Articles

Back to top button