Հասարակական

Համբարձում. դէպի լուսեղէն երկինք տանող ուղին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Յիսուս Քրիստոսի համբարձմանը նւիրւած տօնը յիշատակում է Յարութիւնից քառասուն օր յետոյ: Համբարձումը՝ Յիսուսի փառաւորեալ մարմնով երկինք բարձրանալու եւ Հօր աջ կողմը նստելու յիշատակն է (Մարկոս 16:16-20, Ղուկաս 24:50-53, Գործք. 1:4-11): Այս տօնը շարժական է եւ նշւում է ապրիլի 30-ից մինչեւ յունիսի 3-ը ընկած ժամանակահատւածում: Քանի որ Համբարձման տօնը կատարւում է Յարութեան կիրակիից՝ Զատիկից քառասուն օր անց, այն միշտ տօնւում է հինգշաբթի օրը: Տօնակատարութիւնը տեւում է տասը օր մինչեւ Հոգեգալուստ:

Համբարձումը տեղի ունեցաւ Ձիթենեաց լեռան (այժմ՝ Համբարձման լեռ) վրայ առաքեալների ներկայութեամբ: Յարութեանը յաջորդած քառասուն օրերի ընթացքում յարուցեալ Տէրը խորհրդաւոր կերպով, բայց մարմնապէս երեւում էր աշակերտներին, տալիս Իր պատգամները, խօսում նրանց հետ եկեղեցու կազմաւորման, Աստծու արքայութեան, նրանց առաքելական կոչման, հետագայ գործունէութեան եւ այլ կարեւորագոյն հարցերի շուրջ: Քրիստոս այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց՝ երեւալով ոչ միայն Իր աշակերտներին, այլեւ մօրը, իւղաբեր կանանց եւ այլոց։ «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով քառասուն օրերի ընթացքում խօսելով Աստծու արքայութեան մասին» (Գործք Առաքելոց 1:3-4)։ Իսկ վերջին օրը, երբ յայտնւեց աշակերտներին, պատւիրեց չհեռանալ Երուսաղէմից, այլ սպասել Սուրբ Հոգուն, որ Աստծոյ խոստման համաձայն պէտք է իջնէր: «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ Ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1:8):

Այս ամենից յետոյ Քրիստոս՝ աշակերտների ուղեկցութեամբ գնաց մինչեւ Բեթանիայի Ձիթենեաց լեռը: Ապա ասաց. «Ամէն իշխանութիւն տրւեց Ինձ երկնքում եւ երկրի վրայ: Ինչպէս որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպէս էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրէք: Մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Սովորեցրէ՛ք նրանց այն բոլոր պատւիրանները, որ տւեցի ձեզ: Եւ ահա Ես ձեզ հետ կը լինեմ միշտ՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 28:18-20): Յարուցեալը բարձրացրեց ձեռքերը, օրհնեց Իր աւետաբերներին եւ աստիճանաբար սկսեց հեռանալ նրանցից. «Եւ մինչ Նա օրհնում էր, բաժանւեց նրանցից՝ բարձրանալով դէպի երկինք» (Ղուկաս 24:50): Քիչ յետոյ լուսաւոր մի ամպ Նրան ծածկեց առաքեալների տեսողութիւնից:

Մինչ առաքեալները զարմացած նայում էին Տիրոջ երկինք համբարձւելուն, այդ պահին երեւացին երկու սպիտակազգեստ մարդիկ ու ասացին. «Ո՛վ գալիլէացիներ, ինչո՞ւ էք կանգնած նայում երկնքին, այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացաւ, գալու է նոյն ձեւով, ինչպէս տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Առաքելոց 1:11): Այս խօսքերով հրեշտակները առաքեալներին յայտնում են Քրիստոսի երկինք բարձրանալը եւ վերստին գալուստը:

Լսելով հրեշտակներից այդ սփոփիչ լուրը՝ առաքեալները մեծ ուրախութեամբ երկրպագեցին Արարչին, թողեցին Ձիթենեաց լեռը ու Երուսաղէմ վերադարձան: Առաքեալները ուրախ էին, քանի որ Տէրն ասաց. «Իմ հօր տան մէջ շատ տեղ կայ, եթէ այդպէս չլինէր, չէի ասի ձեզ, թէ գնում եմ եւ ձեզ համար տեղ կը պատրաստեմ: Եւ երբ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ Ինձ մօտ, որպէսզի, որտեղ Ես եմ գտնւում, դուք եւս լինէք այնտեղ» (Յովհաննէս 14:2-3):

Համբարձման օրը ժողովրդական լեզւի մէջ կոչւում է նաեւ վիճակ: Նոյն օրը, աղջիկներ, գոյնզգոյն զգեստ հագած, յատկապէս կարմիր ու կանաչ, ծաղկազարդ վայրերում կազմակերպում էին զբօսանք եւ վիճակախաղ:

Այլ գաւառներում Հայմբարձման տօնը կոչւում էր նաեւ «Ջան գիւլում»-ի օր, որովհետեւ վիճակի համար պատրաստւած տաղերը վերջանում էին «Ջան գիւլում»-ով: Ջան գիւլումը ծաղիկի, մասնաւորապէս վարդի փառաբանանքն է, եւ այս երեւոյթը ոմանց ենթադրել է տւել, որ Համբարձման վիճակը, տերեւ ու ծաղիկ հաւաքելը կարելի է Վարդավառի տօնակատարութիւնից մնացած սովորութիւն համարել:

Ժամանակին մեծ տօնախմբութիւն էր Համբարձման «Ջան գիւլում»-ը եւ միայն աղջիկներին վերաբերող տօն էր համարւում: Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի), աղջիկները դաշերից, այգիներից տուն էին բերում ծաղիկներ եւ փնջեր կապում, որոնցից մեծը, որ խաչաձեւ էր լինում, կոչւում էր Ծաղկամէր:

Համբարձմամբ թէեւ Տէրը մարմնով բաժանւեց մեզանից, սակայն Հոգով միշտ մեզ հետ է եւ Իր ամենազօր ձեռքերի տակ է առնում բոլոր նրանց, ովքեր Տիրոջ կամքն են կատարում։

Ամէն տարի Համբարձման տօնի օրը յիշատակւում է նաեւ 1441 թ.-ին Սսից հայոց Հայրապետական Աթոռի՝ կաթողիկոսական նստավայրի փոխադրումը Սուրբ Էջմիածին: 485 թ. սկսած Հայրապետական Աթոռը փոխադրւել է Դւին, Արուճ, Աղթամար, Արգինա, Անի, Թաւբլուր, Ծամնդաւ, Ծովք, Հռոմկլա եւ Սիս։

Թէեւ Հայրապետական Աթոռը թափառեց տեղից տեղ, սակայն նրա աստւածահաստատ վայրը մնաց Ս. էջմիածինը, որովհետեւ այստեղ էր իջել Յիսուս Քրիստոս, եւ այստեղից էր դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն բաշխւում այն փառքի լոյսը, որը Քրիստոս յանձնել էր հայոց հողին։

Կազմեց ԿԱՐԻՆԷ ՍՈՒԳԻԿԵԱՆԸ

Related Articles

Back to top button