Դասախօսութիւն Իրանի փիլիսոփաների միութիւնում

Երեքշաբթի, հոկտ. 20-ին, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը դասախօսեց Իրանի փիլիսոփաների միութիւնում։
Թեման էր. «Մոլտմանի յոյսի աստւածաբանութեան վերաբերեալ խորհրդածութիւն` Միրոսլաւ Վոլֆի տեսանկիւնից»։

Վեր. Դոկտ. Աղամալեանը ներկայացրեց ընդհանուր մտորումներ Եօրգէն Մոլտմանի աստւածաբանութեան վերաբերեալ: Քննարկման ընթացքում բացայայտւեց Մոլտմանի կարեւորութիւնը։ Նա որպէս շատ ականաւոր եւ առաջադէմ աստւածաբան, տասնամեակներ շարունակ քննարկել է սոցիալական, քաղաքական եւ բնապահպանական հարցերի շուրջ` ներկայացնելով աստւածաբանութեան մէջ նոր տեսանկիւններ։ Նա տարիներ համարւել է աշխարհի առաջատար աստւածաբաններից մէկը: Մոլտմանի աստւածաբանութեան ուրւագծերը ծանօթացնելուց եւ նրա կեանքից մանրամասներ յայտնելուց յետոյ, քննարկւեց նրա աստւածաբանութեան մէջ յոյսի թեման՝ Միրոսլաւ Վոլֆի տեսանկիւնից։ Խօսւեց նաեւ Վոլֆի սեփական տեսանկիւնների մասին: Վոլֆը Մոլտմանի ամենաակնառու ուսանողներից մէկն էր եւ մեծ հմտութեամբ կարողացաւ ընդլայնել Մոլտմանի աստւածաբանութիւնը որոշակի ոլորտներում եւ այդ հիման վրայ բարձրացնել այսօրւայ աշխարհում յոյսի, խաղաղութեան, յիշողութիւնների բուժման, էթնիկ թշնամանքի եւ ատելութեան դադարեցման, կրօնի դերը հանրային ոլորտում եւ այլ հարցեր:
Դասախօսութեան աւարտին մասնակից ուսանողները եւ դասախօսները արտայայտեցին իրենց հարցերը եւ տեսակէտները, որոնց խոհեմաբար պատասխանեց դոկտ. Աղամալեանը եւ տարբեր աղբիւրներ առաջարկեց առաւել խորունկ ուսումնասիրութիւնների համար:
Տեղի ունեցաւ նաեւ մտքերի փոխանակում:
Ծրագրի կազմակերպիչն էր Իրանի Փիլիսոփաների միութիւնը: Դասախօսութիւնը վարում էր նոյն միութեան գործադիր տնօրէն՝ դոկտ. Մոհամադ Աքւանը:



