«Լլադրօ»-ն արտադրում է «Ղարաբաղեան նժոյգ» ճենապակէ արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչութեան համար
Ցաւօք, այս աշխարհում կարեւորւում են միայն փողն ու ուժը: Միւս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժեւորում են, ինչպիսիք են ճշմարտութիւնը, արդարութիւնը եւ մարդու իրաւունքները, ինքնակործան խաբկանքներ են: Հարուստ ու հզօր մարդիկ եւ երկրները կարող են անել գրեթէ ամէն ինչ: Նրանց կարող են կանգնեցնել միայն աւելի հզօրները։ Թոյլերը հզօր գայլերի ողորմութեան ներքոյ են։
Այս մտքերը ծագեցին գլխումս, երբ նամակ ստացայ Իսպանիայի Վալենսիա քաղաքում ճենապակէ արձանիկներ արտադրող աշխարհահռչակ «Լլադրօ» (Lladro)՝ ընկերութիւնից: Շատերն իրենց տներում ունեն «Լլադրօ» ընկերութեան արձանիկների թանկարժէք հաւաքածուներ: Մարդիկ դրանք յաճախ նւէր են տալիս:
«Լլադրօ»-ից ստացածս նամակը գովազդ էր՝ վաճառելու իր վերջերս արտադրած ճենապակեայ արձանիկը, որը կոչւում է «Ղարաբաղեան նժոյգ»: Նժոյգի պատկերին կից նամակում գրւած էր. «Ղարաբաղեան նժոյգն Ադրբեջանի մշակութային ժառանգութեան եւ նրա աննկուն ոգու խորհրդանիշն է: Մեր նկարիչներն այն պատկերել են ճենապակիայով՝ ընդգծելու այս իւրայատուկ ցեղատեսակի շքեղութիւնն ու գեղեցկութիւնը: Հետեւելով հնագոյն աւանդոյթին՝ նժոյգը ծածկւած է ղարաբաղեան գորգի յայտնի նախշերով՝ զարդարւած վառ գոյներով եւ ոսկեգոյն փայլերով: Բացայայտէ՛ք այս նմուշի բոլոր մանրամասները, որը հասանելի է միայն սահմանափակ քանակութեամբ»։
Վերոնշեալ կարճ պարբերութիւնում «Լլադրօ»-ն մի քանի փաստացի սխալներ է թոյլ տւել։ Նախ, ղարաբաղեան ձին չի կարող լինել Ադրբեջանի խորհրդանիշը, քանի որ Ղարաբաղը (Արցախը) պատմական Հայաստանի մի մասն է։ Իրավիճակն աւելի վատթարացնելով, «Լլադրօ»-ն կեղծօրէն աւելացրել է, որ այս ձին Ադրբեջանի «մշակութային ժառանգութեան եւ նրա աննկուն ոգու» խորհրդանիշն է։ Չկայ Ադրբեջանի «մշակութային ժառանգութիւն» հասկացութիւն, քանի որ երկիրը 100 տարեկանից մի փոքր աւելի է: Ինձ համար անհասկանալի է նաեւ «Լլադրօ»-ի ակնարկն Ադրբեջանի «աննկուն ոգու» մասին։ Որտեղի՞ց է գալիս այդ «աննկուն ոգին»։ Ադրբեջանն իր կարճատեւ պատմութեան ընթացքում զբաղւած է եղել հայ ռազմագերիների բարբարոսական գլխատմամբ, կոտորածներով, էթնիկ զտումներով եւ ցեղասպանութիւններով, աւերել է հայկական եկեղեցիներն ու մշակութային յուշարձանները, խեղաթիւրել պատմութիւնը եւ իրականացրել սեփական քաղաքացիների մարդու իրաւունքների զանգւածային խախտումներ, այդ թւում՝ շինծու մեղադրանքներով լրագրողների եւ քաղաքական այլախոհների բանտարկումը։
Քանի որ ես շատ քիչ բան գիտեմ ձիերի մասին, համացանցում փնտրեցի «Ղարաբաղեան ձիու» մասին։ Ահա թէ ինչ եմ գտել. «Ղարաբաղեան ձիերի ցեղատեսակը կրում է պարսկական ձիերի եւ այլ ցեղատեսակների ազդեցութիւնը, ինչպիսիք են ախալթեքէեան, կաբարդական, թուրքմէնական եւ արաբական ձիերը»: Ախալթեքէեան ձին ծագում է Թուրքմէնստանից, իսկ կաբարդականը՝ Ռուսաստանի Կաբարդա-Բալկարական Հանրապետութիւնից: Այդ նախադասութեան մէջ ես չեմ տեսնում որեւէ յղում Ադրբեջանին։
Մէկ այլ ակնյայտ սխալի մէջ «Լլադրօ»-ն իր էլեկտրոնային նամակում բացատրել է, որ «Ղարաբաղեան ձի» նշանակում է «Ոսկէ ձի», որը սխալ է։ «Ղարաբաղ» անունը կազմւած է երկու բառերից՝ «ղարա», որը թուրքերէն նշանակում է սեւ, եւ «բաղ», որը պարսկերէն նշանակում է այգի։ Ուստի Ղարաբաղ նշանակում է Սեւ այգի։
«Լլադրօ»-ն վաճառում է «Ղարաբաղեան նժոյգ» ճենապակէ արձանիկը՝ իւրաքանչիւրը 6580 դոլարով։ Այն «սահմանափակ քանակութեամբ» արտադրութիւն է՝ ընդամէնը 750 օրինակ։ Արձանիկը կշռում է 9 կգ, նրա չափերն են՝ բարձրութիւնը՝ 43 սմ, լայնութիւնը՝ 51 սմ եւ երկարութիւնը՝ 20 սմ:
«Ղարաբաղեան նժոյգի» արձանիկը գովազդելու համար «Լլադրօ»-ն իր շնորհանդէսն անցկացրել է Բաքւի Շիրւանշահ պալատի թանգարանում, որտեղ Ադրբեջանի ազգային կոնսերւատորիան կենդանի երաժշտական համերգ էր կազմակերպել: Հրաւիրւած բանախօսը եղել է Եաշար Ղուլուզադէն, որն ամենամեծ թւով ղարաբաղեան իսկական ձիերի տէրն է:
Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս ներկայացնելու եւ ղարաբաղեան ձիու տարածմանն ամբողջ աշխարհում նպաստելու համար, նախագահ Ալիեւը 2022 թւականին Անգլիայի թագուհի Եղիսաբէթ II-ին նւիրել է ղարաբաղեան ձի եւ ձիասպորտի թեմայով երկու քանդակ։ Սա արդէն երկրորդ անգամն է, որ թագուհին ղարաբաղեան նժոյգ է ստանում Ադրբեջանից։ Առաջինը եղել 1956 թւականին։
Քանի որ «Լլադրօ»-ի ղեկավարներին հետաքրքրում է միայն շահոյթը, ապա հայերը եւ նրանց աջակիցները պէտք է հակազդեն ղարաբաղեան նժոյգի օգտագործմանը որպէս ադրբեջանական քարոզչութեան գործիք՝ բոյկոտելով «Լլադրօ»-ի բոլոր ապրանքների գնումը: Բողոքները պէտք է ուղարկւեն «Լլադրօ»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Աննա Ռոդրիգես Նոգէյրասին, որի էլեկտրոնային փոստի հասցէն է՝ agonzalez@es.lladro.com։
Ես չգիտեմ, թէ ինչ բիզնես պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել Ադրբեջանի ղեկավարների եւ ««Լլադրօ»-ի միջեւ։ Ո՞վ քանի տոկոս է ստանալու վաճառքից եւ ո՞վ է անձամբ օգտւելու ստացւած եկամուտից:
Զարմանալի է, որ «Ղարաբաղեան նժոյգի» արձանիկները դեռեւս սպառւած չեն, քանի որ դրանք թողարկւել են մի քանի ամիս առաջ։ Քանի որ Ադրբեջանի ղեկավարները շքեղ նւէրներ են ընծայում Ադրբեջան այցելող օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաներին, ինչո՞ւ նրանք չեն գնել «Ղարաբաղեան նժոյգի» ճենապակեայ բոլոր 750 օրինակները եւ դրանք չեն տւել որպէս յուշանւէրներ: Համոզւած եմ, որ նախագահ Ալիեւը, որը միլիարդատէր է, կարող է հեշտութեամբ իրեն թոյլ տալ գնել բոլոր 750 օրինակները՝ իւրաքանչիւրը 6580 դոլարով՝ 4,9 միլիոն դոլար ընդհանուր արժողութեամբ։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ