
«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռուստատեսութեան առաջին ալիքի լրատւական նախագծին տւած բացառիկ հարցազրոյցում ընդգծել է, որ երկրի համար կարեւոր հարցերի վերաբերեալ որոշումների կայացման գործընթացը, այդ թւում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցութիւնները, ունեն բոլորի համար պարզ եւ ընդունելի որոշումների կայացման գործընթացներ եւ ԱԳՆ-ը՝ որպէս կատարող, բնականաբար իրականացնում է այն, ինչ համակարգը կը որոշի։
Նա պատասխանել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի Տաջիկստան եւ Ռուսաստան կատարելիք այցերի եւ արտաքին քաղաքականութեանն առնչւող մի շարք հարցերի:
ԱԳ նախարարը Հանրապետութեան նախագահի Մոսկւա կատարւելիք այցի կարեւորագոյն նպատակներից է համարել՝ «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ համապարփակ ռազմավարական պայմանագրի» ստորագրումը, եւ նշել. «Այս պայմանագիրը նոր երեւոյթ չէ: Այն առաջին անգամ ստորագրւել է Իրան-Ռուսաստան Համատեղ համագործակցութեան պայմանագրի տեսքով՝ դոկտ. Խաթամիի կառավարութեան օրօք՝ 10 տարւայ համար եւ համաձայնութիւն է ձեռք բերւել, որ այն ինքնաբերաբար երկարաձգւի իւրաքանչիւր 10 տարին մէկ: 2008-ին այն աւտոմատ կերպով երկարաձգւեց, իսկ 2019-ին դոկտոր Ռոհանիի կառավարութիւնում, երբ մենք ստորագրեցինք 25-ամեայ պայմանագիրը Չինաստանի հետ, մենք առաջարկեցինք Ռուսաստանին թարմացնել նախկին պայմանագիրը եւ երկարացնել դրա ժամկէտը, որը բնականաբար տեղի է ունեցել երկու կողմի համաձայնութեամբ»:
Արտգործնախարարը անդրադարձել է «Իրան-Ռուսաստան Համապարփակ պայմանագրի» մշակման գործընթացին եւ նշել. «Այն շարունակական գործընթացի շարունակութիւնն էր, եւ շուրջ 4 տարի է պահանջւել, որպէսզի վերջնական փաստաթղթի շուրջ համաձայնութիւն ձեռք բերւի։ Համագործակցութիւնների ծաւալի ու ժամկէտների շուրջ բանակցութիւններից յետոյ այն վերջնականապէս պատրաստ էր ստորագրման համար: Սակայն մի քանի ամիս առաջ մենք որոշեցինք երկու երկրների նախագահների ժամանակացոյցի հիման վրայ ամսաթիւ նշանակել, ինչը վրայ է հասնելու յունւարի 17-ի այցի ժամանակ»:
Նշելով, որ մենք այս պայմանագիրը չենք համարում ռազմական դաշինքի պայմանագիր կամ նման նպատակներով չէ ստորագրւելու այն, Արաղչին յաւելել է. «Երկու երկրները երկարաժամկէտ հեռանկարներով են առաջ գալիս: Կողմերը շահագրգռւած են տնտեսական համատեղ համապարփակ համագործակցութեան մէջ մտնելու հարցում»:
Ընդգծելով, որ պայմանագիրը կազմւել է միջազգային իրաւունքի սկզբունքների եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան հիման վրայ՝ ԱԳ նախարարն ընդգծել է. «Այս պայմանագիրը ոչ թէ որեւէ երրորդ կողմի դէմ է, այլ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութեան պայմանագիր, որը կարգաւորում է երկու երկրների յարաբերութիւնները եւ յստակեցնում է համագործակցութեան հեռանկարներն ու ոլորտները»:
Անդրադառնալով ՌԴ կատարած այցի օրակարգին, Արաղչին նշել է. «Բացի նշւած պայմանագրից, նախագահը կարեւոր բանակցութիւններ է վարելու մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնցից մէկը Իրան՝ ռուսական գազի ներկրման առաջարկն է, որով Իրանն ապահովելու է իր տարածքով ռուսական գազի տարանցումը դէպի արտաքին աշխարհ, ինչը կարող է Իրանը վերածել տարածաշրջանի էներգետիկ եւ գազային հանգոյցի»։