«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով, նախագահի առաջին փոխնախագահ է նշանակւել Մոհամմադ Ռեզա Արեֆը:
73-ամեայ բարենորոգչական փորձառու գործիչը, փոխնախագահ է եղել նաեւ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրօք: Նա եղել է նաեւ Իսլ. խորհրդարնի պատգամաւոր: Ներկայումս նա Մշակութային յեղափոխութեան գերագոյն խորհրդի անդամ է եւ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհրդի անդամ:
Փեզեշքիանի մէկ այլ հրամանագրով, նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակւել Մոհսէն Հաջի Միրզային:
65-ամեայ քաղաքական գործիչը նոյնպէս յարում է բարենորոգչականներին: Նա Ռոհանիի կառավարութեան վերջին երկու տարիների ընթացքում ստանձնել է Կրթութեան նախարարի պաշտօնը: Բացի դրանից, 11-րդ եւ 12-րդ կաբինետների օրօք, 6 տարի եղել է կառավարութեան քարտուղարը: