«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 28-ին, տեղի ունեցաւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից Մասուդ Փեզեշքիանին Հանրապետութեան նախագահի պաշտօնում նշանակելու պաշտօնական արարողութիւնը: Արարողութեան ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդէս է եկել ելոյթով, որի ընթացքում կարեւոր ցուցումներ է տւել նախագահին, կառավարութեանը, ժողովրդին եւ ընտրութիւններին մասնակցած թեկնածուների համակիրներին:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է այն հանգամանքը, որ ընտրութիւններն անցան հանդարդ, մրցակցային եւ թափանցիկ մթնոլորտում, ինչն ըստ նրա՝ Իսլամակական յեղափոխութեան ամենամեծ ձեռքբերումներից է. «Վերջին 40 տարիներում տասնեակ ընտրութիւններ են անցկացւել մրցակցային, առողջ մթնոլորտում, եւ ժողովրդի մոտիւացւած մասնակցութեամբ, թէեւ երբեմն մասնակցութիւնը եղել է բարձր, երբեմն՝ աւելի քիչ, բայց առաջնայինը ժողովրդի մոտիւացիան է, որը միշտ եղել է»,- ասել է նա:
Այաթ. Խամենէին Հանրապետութեան նախագահին եւ կառավարութեանը կոչ է արել յատուկ ուշադրութիւն դարձնել երկրում առկայ մարդկային եւ բնական ռեսուրսներին, եւ խնդիրների կարգաւորման համար առաջին հերթին ապաւինել հէնց այդ հսկայական ներուժին: Նա յատուկ ընդգծել է, որ կառավարութիւնն իր աշխատանքներում պէտք է առաջնորդւի «ժողովրդի համար, ժողովրդի հետ, ժողովրդի կողքին» սկզբունքով:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կրկին անգամ կարեւորել է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների համակարգւած համագործակցութիւնը՝ նշելով. «Ե՛ւ խորհրդարանը պէտք է օգնի կառավարութեանը, ե՛ւ կառավարութիւնը պէտք է հաշւի առնի խորհրդարանի զգայունութիւնները։ Դատական իշխանութիւնը նոյնպես պէտք է ակտիւօրէն ներկայ լինի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»:
Այաթ. Խամենէին նախագահին եւ կառավարութեանը կոչ է արել յատուկ ուշադրութիւն դարձնել երկրի առաջնահերթ խնդիրներին՝ ընդգծելով յատկապէս տնտեսական վիճակի բարելաւման անհրաժեշտութիւնը: Նա կարեւորել է յատկապէս ազգային արժոյթի արժեւորման, արդիւնաբերութեան, ներդրումների եւ բիզնես մթնոլորտի խնդիրների կարգաւորման հարցը:
Գերագոյն առաջնորդն ընդգծւած կարեւորել է խնդիրների կարգաւորման գործում ներքին ռեսուրսներին ապաւինելու հարցը. «Կենտրոնացէք ներքին ռեսուրսների վրայ, որպէսզի «Մենք կարող ենք»-ը մնայ որպէս մշտական կարգախօս:
Ոչ մի իմաստուն մարդ չի ասում, որ չպէտք է օգտագործել արտաքին հնարաւորութիւնները, այլ պէտք է օգտագործել բոլոր ներքին ու արտաքին հնարաւորութիւնները, երբեմն նոյնիսկ մեր թշնամիներն են անում մի բան, որը մեզ ձեռնտու է, եւ մենք պէտք է օգտագործենք դա: Բայց չի կարելի անտեսել ներքին հնարաւորութիւնները, եւ խնդիրների կարգաւորումը պայմանաւորել արտաքին գործօններով»:
Այաթ. Խամենէին քաղաքական ակտիւիստներին եւ ժողովրդին կոչ է արել թօթափել ընտրական մթնոլորտին յատուկ զգայնութիւնները եւ չտրւել հասարկութեան բեւեռացման գայթակղութեանը: Նա ընտրութիւններում որեւէ թեկնածուի կամ քաղաքական հոսանքի յաղթանակը կամ պարտութիւնը համարել է բնական երեւոյթ, որը բխում է ընտրութիւնների բնոյթից. «Անցկացւած բոլոր ընտրութիւններում, բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել, անկախ նրանից, թէ նրանց թեկնածուն յաղթել է, թէ ոչ, յաղթանակած են դուրս եկել ընտրութիւններից, որովհետեւ Իրանի ժողովուրդն է յաղթել, եւ մենք պարտւողներ չունենք ընտրութիւններում»: