Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Գալստեան. «Իշխանութիւնը չի կարող յիշել Արցախի անկախութեան օրը. նա լռութեամբ փորձում է աւարտին հասցնել իր ծրագիրը»

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախութեան հռչակման 33-րդ ամեակն է։ Չնայած այս պահին Արցախի Հանրապետութիւնն ամբողջովին օկուպացւած է Ադրբեջանի կողմից, իսկ արցախահայութիւնը՝ բռնի տեղահանւած, միեւնոյն է՝ այդ օրը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութիւնում տեղի կունենայ միջոցառում, որպէսզի արցախահայերը հաւաքւեն այնտեղ ու հերթական անգամ ցոյց տան, որ Արցախի հարցը լուծւած չէ, եւ իրենց վերադարձը դէպի պատմական հայրենիք չունի այլընտրանք։

168.am-ի հետ զրոյցում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանն ասել է՝ Արցախի անկախութեան օրը՝ սեպտեմբերի 2-ին, իր տեղեկութիւններով՝ Արցախի իշխանութիւնների կողմից ներկայացուցչութիւնում կը կազմակերպւի ընդունելութիւն եւ այց Եռաբլուր։

«Բոլոր այն հայերը, ովքեր Արցախը համարում են հայկական եւ չեն համարում, որ Արցախի հարցը վերջնականապէս փակւել է, պարտաւոր են Արցախի անկախութեան օրն իրենց ներկայութեամբ ու որոշակի քայլերով ցոյց տալ, որ Արցախը չի մոռացւել։ Այո՛, այսօր Արցախն օկուպացւած է Ադրբեջանի կողմից, բայց այն պատմականօրէն հայկական է եւ մի օր պէտք է վերադարձւի իսկական տէրերին»,- նշել է Դաւիթ Գալստեանը։

Արցախի ԱԺ պատգամաւորն իրատեսական չի համարում, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած ՀՀ իշխանութիւնը կարող է որեւէ կերպ յիշել Արցախի անկախութեան օրը:

«Նիկոլ Փաշինեանը երբ ընդդիմադիր պատգամաւոր էր, շոուներ էր կազմակերպում՝ Արցախը համարելով իր հայրենիքը։ Նիկոլ Փաշինեանը եւ իր թիմակիցները՝ ՔՊ-ական ակնառու ներկայացուցիչները, Ակնայից ժամանակին նկար էին հրապարակում, ասում էին՝ Ակնան մեր հայրենիքն է։ Ցաւօք, երբ եկան իշխանութեան, մոռացան, որ Ակնան իրենց հայրենիքն է, քանի որ ոչ Հայաստանի շահերից բխող ծրագիր էին իրականացնում, որտեղ որեւէ կերպ չպէտք է լինէր հայկական Արցախ։ Հետեւաբար, նման իշխանութիւնը չի կարող որեւէ կերպ յիշել Արցախի անկախութեան օրը, աւելին՝ նրանք առիթը բաց չեն թողնում ոտնձգութիւններ թոյլ տալ Արցախի ներկայացուցչութեան նկատմամբ, չեն խորհրդակցում Արցախի որեւէ կառոյցի կամ ինստիտուտի հետ։ Այս ամէնն ապացուցում է, որ ներկայիս իշխանութիւնը դեռեւս չի աւարտել իր ծրագիրը, լռութեամբ փորձում է աւարտին հասցնել այն, ինչի համար իրենց բերել են իշխանութեան»,- յաւելել է նա։

Դաւիթ Գալստեանը չի բացառել, որ այս անգամ եւս, երբ Արցախի ներկայացուցչութիւնում որեւէ միջոցառում տեղի ունենայ, իշխանութիւններն ակտիւացնեն իրաւապահներին, սկսեն ստուգումներ արցախահայերի բնակարաններում, մեքենաներում։

«Կրկնում եմ՝ այս իշխանութեանը բերել են նրա համար, որ Արցախի հարցը վերջնականապէս փակի, բայց պայքարելու ենք։ Թող իրենք ջղաձգւեն, որովհետեւ Արցախը պատմաիրաւական առումով հայկական է, եւ այս իշխանութեան կողմից նման ոտնձգութիւնները, իհարկէ, անսպասելի չեն լինելու մեզ համար։ Այս ամէնը մեզ չի ընկճում, եւ մեր բոլոր ջանքերը պէտք է ուղղւած լինեն արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրաւունքի պաշտպանութեանը եւ դրա բարձրաձայնմանը։ Յոյս ունենք, որ Հայաստանում կը լինի հայամէտ իշխանութիւն, որը ջանք ու եռանդ չի խնայի՝ հայկական Արցախը վերադարձնելու համար»,- եզրափակել է Դաւիթ Գալստեանը։

Յիշեցնենք, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում էր կատարել եւ հայութեանը կոչ էր արել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետութեան հռչակման օրը, հաւաքւել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան մօտ՝ Արցախի Անկախութեան օրը նշելու համար։

«Հայերը սեպտեմբերի 2-ին միշտ կարողացել են մեկնել Արցախի Հանրապետութիւն եւ այնտեղ նշել ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ տօնը: Այս տարի դրա յոյսը մեծ չէ, եթէ չասեմ՝ ընդհանրապէս չկայ: Բայց ՀՀ-ում կայ Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն: Կոչս հետեւեալն է. եկէք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութիւն՝ Արցախն ազատ ու անկախ պահելու մեր կամքն արտայայտելու համար: Վստահ եմ, մեզ որեւէ մէկի հրաւէրը պէտք չէ, կարող ենք պարզապէս ինչ-որ յարմար ժամի այցելել ներկայացուցչութիւն եւ այնտեղ մի քանի րոպէ անցկացնելով՝ յայտնել մեր աջակցութիւնը: Կարող էք նկարւել, ինչ-որ բան գրել, ասել, զրուցել: Վստահ եմ, որ ամբողջ աշխատակազմն այնտեղ է լինելու»,- գրել էր Թեւան Պօղոսեանը։

Յիշեցնենք նաեւ, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումեանի շրջանային Խորհրդի եւ բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման եւ նրա պետական իշխանութեան ու կառավարման ժամանակաւոր մարմինների ձեւաւորման մասին հռչակագիր: Երեք ամիս անց՝ 1991 թւականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքւէում Արցախի բնակչութեան 99.89%-ն «այո» ասաց անկախութեանը:

ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Related Articles

Back to top button