Քաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Երեւանը չկայ, անլեզու, անդէմ, անիմաստ մի միաւոր է»

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

«Անմտութիւնը դառնում է մտաւոր գործունէութիւն

Ադրբեջանի  քաղաքագիտական, պետական շրջանակներում կայ ձեւակերպում. «Խաղաղովկիանոսեան նաւատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառօտ՝ սա Ադրբեջանի սառը հաշւարկւած արտաքին քաղաքականութիւնն է, որի շնորհիւ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արեւմուտքի ու Ռուսաստանի համար, եւ նրա ազգային շահերն ու նոյնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։

Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձէն ասում է. «Մենք չտրւեցինք հսկայական համակարգւած ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ (Ռուսաստանի դէմ), չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել պատերազմի եւ տնտեսական աղէտի»։

Լուրջ պետութիւնները սիրողականներից տարբերւում են առաջին հերթին բովանդակութեամբ, մտածողութեան առկայութեամբ։ Այս ադրբեջանական,  վրացական ձեւակերպումների տակ կոնկրետ նպատակներ են դրւած՝ ազգային խնդիրներ, ենթակառուցւածքային լուրջ նախագծեր, անհաւանական թւացող լուծումներ, մեծ փողեր, կոմունիկացիաների տարբերակներ՝ նոր ճանապարհներ, երթուղիներ եւ այլն։

Ինչ ունենք Հայաստանում. աշխարհի մասին գաւառական պատկերացումներով մի իշխանութիւն, որը բոլորի հետ փչացնելով յարաբերութիւնները՝ աղէտ բերեց մեր երկիր, եւ մենք այսօր գտնւում ենք ԶՐՕ դաշնակից վիճակում։

Անմիտ պետութիւնները պատժւում են դաժանօրէն, եւ նրանց անմիտ վերնախաւերը կրում են ուղղակի պատասխանատւութիւն։

Ինչ է իրենից ներկայացնում այսoրւայ հայաստանեան քաղաքական միտքը.  արեւմտամէտների ու ռուսամէտների բաժանւած ճամբարներ, որոնք քաղաքական գնչուների պէս «դաբրոներ» են ակնկալում մոսկւաներում, բրիւսէլներում, վաշինգտոններում։ Մեր հաւաքական միտքը՝ անկախ որեւէ ճամբարից, չի փորձում Հայաստանի յետպատերազմեան վերականգնման տեսլականը մշակել ու որեւէ ռացիոնալ բան առաջարկել սեփական ժողովորդին ու արտաքին աշխարհին։ Հատուկենտ գործիչների բացառութեամբ։

Բոլոր մտածող երկրները դնում են կարճաժամկէտ եւ ստրատեգիական նպատակներ։ Ի՞նչ է անում Երեւանը. Երեւանը չկայ, անլեզու, անդէմ, անիմաստ մի միաւոր է, որին արդէն առանց դիւանագիտական կոռեկտութեան ասում են «այսպէս շարունակեք` մորթւելու էք», ու Երեւանը, միեւնոյն է, դա էլ չի հասկանում։

Մեզանում անմտութիւնը գրաւել է բոլոր կենսական ոլորտները։ Մեր քաղաքական միտքը ազգային-ապազգային արխայիկ բարիկադաւորման մէջ է։ Մենք ոչ մի ռացիոնալ նպատակ չենք դնում. սա սարսափելի իրողութիւն է։ Մենք այլեւս չենք էլ հասկանում՝ դրսից մեզ ինչ են ասում, ուր է տանում պրոցեսը։ Մենք նոյնիսկ մեր երկրով անցնելիք մի ճանապարհի կամ մի խողովակի ճիշտ տարբերակը մեզ համար չենք կարողանում հաշւարկել ու առաջ տանել։

Պետութիւնները եւ ժողովուրդները երբեք չեն հասնում իրենց նպատակներին, եթէ չեն ձեւակերպում այդ նպատակները։

Հարցը մեր մարդկային, քաղաքական ռեսուրսի մէջ է. պիտի կարողանանք ձեւաւորել նոր բովանդակութեամբ ու նոր խաղի կանոններով վերնախաւ, որը խիզախօրէն կը խօսի սեփական ժողովրդի հետ ու կը վերցնի պատասխանատւութիւն, ոչ թէ շարունակենք կա´մ սպասարկել «մեծարգոյին» կամ էլ կառչել դիզած հարստութիւնից ու սպասել հրաշքի։ Մի տարի առաջ արդէն սպասել ենք հրաշքի եւ ունենք կորսւած Արցախ։

Կատարւած ու հաւանական աղէտի ծաւալներն այնքան սահմռկեցուցիչ են, որ հանրային կեանքում անխուսափելի է դառնում բարդ-ցաւոտ հարցերի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածւելու է լուրջ ռազբորկայի»։ 

Panorama.am

Related Articles

Back to top button