Լոնդոնում աճուրդի են հանւել Սալւադոր Դալիի՝ աւտոտնակում յայտնաբերւած վիմատպութիւնները
Իսպանացի նկարիչ Սալւադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպութիւնները, որոնք մօտ կէս դար պահւել են Լոնդոնի կենտրոնի աւտոտնակներից մէկում, աճուրդի են հանւել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ Ինչպէս հաղորդում է The time-ը, խօսքը հին հռոմէացի բանաստեղծ Օւիդիուսի «Սիրոյ գիտութիւն» պոէմի համար նկարազարդումների շարքի մասին է։
Այդ վիմատպութիւնները, որոնք պատկերում են հին յունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թւականներին։ Դրանք աճուրդով կը վաճառւեն սեպտեմբերի 30-ին։
Hansons-ի փոխտնօրէն Քրիս Քերքեմը յայտնել է, որ այդ գործերը պատահաբար է յայտնաբերել իր յաճախորդներից մէկի տուն այցելութեան ժամանակ:
«Երբեք չգիտես, թէ ինչ կը յայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպութիւնների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպէսզի շրջանակներում դնի Բերքլի Սքւերի իր տանը, բայց գործն այդպէս էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները յայտնւել են նրա աւտոտնակում։ Դրանք կրկին յայտնաբերւել են, երբ նա հիմնաւոր մաքրութիւն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել եւ տեղափոխւել արտասահման, այնպէս որ, նրա վիմատպութիւնները վերջապէս կը յայտնւեն աճուրդում»,- նշել է Քերքեմը։