ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նիկոլ Փաշինեանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

Քննարկւել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցւածքների զարգացմանն ուղղւած ծրագրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի տեղակալ Սէյէդ Համիդ Փուրմոհամմադիի գլխաւորած պատւիրակութեանը։

Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինեանը կարեւորել է տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան ամրապնդումը եւ վստահութիւն յայտնել, որ այն կը նպաստի ողջ տարածաշրջանում յարաբերութիւնների եւ համագործակցութեան հետեւողական զարգացմանը:

Սէյէդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինեանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջոյնները եւ շնորհակալութիւն յայտնել դժւարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարութեան ցուցաբերած դիրքորոշման եւ մարդասիրական աջակցութեան համար։

Յաջորդիւ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցւածքների զարգացմանն ուղղւած ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնաւորապէս, երկրորդ կամրջի եւ նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցութեան հետեւողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորւել է էներգակիրների ոլորտում փոխգործակցութեան զարգացումը։

Անդրադարձ է կատարւել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպէս նաեւ գիւղատնտեսութեան, հանքարդիւնաբերութեան, ենթակառուցւածքների եւ այլ ոլորտներում համագործակցութեան հետագայ զարգացմանը միտւած քայլերին։

Մտքեր են փոխանակւել նաեւ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների եւ նոր հնարաւորութիւնների շուրջ։

Հանդիպման աւարտին վարչապետ Փաշինեանն իր ջերմ ողջոյններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Related Articles

Back to top button