ԻրանՔաղաքական

Հանրապետութեան նախագահ. «Իրանը ձգտում է խաղաղութեան»

«ԱԼԻՔ» – Պաշտօնական այցով Կատարում գտնւող Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ հոկտեմբերի 2-ին հանդիպել է այդ երկրի էմիրի՝ Շէյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ:

Հանդիպման աւարտից յետոյ, կողմերը հանդէս են եկել համատեղ մամլոյ ասուլիսով, որի ընթացքում նախագահն անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, ընդգծել է, որ Իրանը երբեւէ պատերազմի չի ձգտում. «Նախագահ ընտրւելուց ի վեր, իմ բոլոր ելոյթներում փորձել եմ ասել, որ մենք ձգտում ենք խաղաղութեան, քանի որ պատերազմով ոչ ի երկիր կամ տարածաշրջան չի կարող զարգանալ: Իրանը պատերազմի չի ձգտում, այդ Իսրայէլն է, որ ստիպում է մեզ արձագանգել»:

Նշելով, որ այդ Իսրայէլն էր, որ Թեհրանում սպանեց Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական հիւրին՝ Իսմայիլ Հանիէին, Փեզեշքիանն ասել է. «Մեզ ասացին սպասէ՛ք, ուզում ենք խաղաղութիւն հաստատել: Եթէ արձագանգէք չի ստացւելու: Մենք եւս համբերում էինք յանուն խաղաղութեան, բայց սպանդը դադարեցնելու փոխարէն, նրանք (սիոնիստները) աւելի անբարտաւան դարձան ե՛ւ Գազայում, ե՛ւ Լիբանանում»:

Նախագահն ասել է, որ Իսրայէլն անպիսի յանցագործութիւններ է գործել, որոնց նմանը պատմութեան ընթացքում ոչ մի յանցագործ չի գործել, ինչն էլ Իրանին ստիպել է դիմել պատասխան գործողութեան:

Նա զգուշացրել է, որ եթէ Իսրայէլը ցանկանայ դիմել որեւէ սադրանքի, ապա Իրանի պատասխանը շատ աւելի կոշտ է լինելու:

Նշենք, որ նախագահը Դոհայում հանդիպել է պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պատւիրակութեան հետ: Հանդիպման ընթացքում նա կրկին անգամ ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած արկածախնդրութիւնը կը հանդիպի Իրանի աւելի կոշտ եւ ջախջախիչ պատասխանի:

Related Articles

Back to top button