Երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հանգուցեալի դամբարանում:
Այդ առիթով Թեհրանի հայոց թեմից, իրենց մասնակցութիւնն էին բերել Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Տ․ Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեան եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները:
Ծրագրի ընթացքում Կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, առանձին հանդիպում ունեցան Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ եւ իրենց համայնքի անունից խօսք փոխանցեցին:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անունից, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը խօսքը փոխանցեց ըստ հետեւեալի՝
Այս տարի լրանում է Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցը:
Իմամ Խոմէյնին, որպէս խոնարհ հոգեւորական, խոհեմ եւ իր հաստատակամ բնաւորութեամբ՝ Իրանի ազնւական ժողովրդի սրտերը նւաճած, եւ որպէս աչալուրջ կրօնական առաջնորդ, բողոքելով ժամանակի քաղաքական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի արժանապատւութիւնն ու իրաւունքները ոտնահարած կապիտուլացիայի օրէնքի դէմ, արդար պայքարն սկսեց իր յայտնի «Ով Իրան, ես սգում եմ քեզ» ելույթով։ Կոչն ընդունւեց Իրանի արդար ժողովրդի կողմից եւ սկսեց Իսլամական յեղափոխական շարժումը, որը փորձեցին ճնշել, սակայն ոչ ուժը, ոչ բանտարկութիւնը եւ ոչ էլ աքսորը չկարողացան յաղթահարել այն եւ ազնւական ժողովրդի օգնութեամբ խարխլւեց հին ռեժիմի թոյլ հիմքերը։
Իմամը յաղթեց, քանի որ նրա շարժման հիմքը ժողովուրդն էր: Նա յաղթահարեց ժամանակի ռեժիմը եւ այն տիրող գաղափարախօսութիւնը, քանի որ Նրա գաղափարախօսութիւնն ու աշխարհայացքը հիմնւած էին կրօնական ճշմարտութիւնների եւ անհերքելի մարդկային ու բարոյական արժէքների վրայ։
Այսօր լուսահոգի Իմամի ուղին է շարունակում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Ալի Խամենէին, ով իմաստուն, խիզախ ու յեղափոխական առաջնորդ է, որն իր իմաստնութեամբ ու անվերապահ յանձնառութեամբ առաջնորդում է Իրանի ժողովրդին ու հայրենիքը։
Նա նաեւ անդրադարձաւ հայ ժողովրդի ու միւս կրօնների նկատմամբ ունեցած բարիացակամ բնաւորութեանը։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ