Քեասիբի ռադիոյից՝ հարուստի DJ․ անդրաւարտիքը հանելու ժամանակը
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
«Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ քեասիբի ռադիօ լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներում ելոյթ ունենում, խօսում, դուք էլ ծափ էք տալիս, ես թողնում գնում եմ»,- կառավարութեան վերջին նիստում դիմելով իր ենթականերին՝ յայտարարել է տակաւին վերջերս մորուքազերծւած Նիկոլ Փաշինեանը:
Մորուքի վերացումն ու «քեասիբի ռադիոյի» յիշատակումը, ըստ ամենայնի, պատահական չեն եւ տեղաւորւում են Փաշինեանի առաջիկայ քաղաքական ծրագրերում։
Բանն այն է, որ դէպի իշխանութիւն նրա ճանապարհը սկսւել է անմորուս կերպարանքով, մազածածկոյթը յայտնւել է միայն իշխանափոխութեան վերջին արարում։
Ահա այդ՝ մորուսազերծ ժամանակներում Փաշինեանը հանդէս է եկել հէնց «քեասիբի ռադիոյի» կարգավիճակում՝ բառի ուղիղ եւ այլաբանական իմաստներով։
Ընդդիմադիր պատգամաւորի դերում նրա գործունէութիւնն ամբողջութեամբ կառուցւած էր «աղքատների անխոնջ պաշտպանի» էժանագին դերի վրայ. խօսում էր թալանի մասին, պայքարում էր թանկացումների դէմ, կոռուպցիայի բացայայտման համար խորհրդարանում կոկորդ, տեսախցիկների վերացման համար՝ փողոցներում անդրաւարտիք էր պատռում։
Մի խօսքով, հանդէս էր գալիս՝ որպէս շարքային պոպուլիստ, որի հիմնական լսարանն ու թիրախը հէնց սոցիալապէս անապահով խաւն է՝ քեասիբները՝ իր իսկ ասոյթի հանգոյն։
Այսինքն՝ մինչեւ 2018 թ․ Նիկոլ Փաշինեանը գործում էր ճիշտ որպէս «քեասիբի ռադիօ» այնքան ժամանակ, մինչեւ նաեւ դրա շնորհիւ հասաւ իշխանութեան։
Ժամանակի հետ նրա դերը վերափոխւեց, եւ անտեսանելիօրէն Փաշինեանը «քեասիբի ռադիոյից» վերածւեց «հարուստի դիջէյի»՝ ոչ միայն նախկինից իրեն ժառանգութիւն մնացած հարուստներին մոդերացիա անելու, այլ նաեւ սեփական թիմի նախկին քեասիբների արագ հարստացման բերումով։
Անցեալի անիծեալ օլիգարխները դարձան «խոշոր գործարարներ», գործող արագաչափերը ներքնազգեստով ծածկելու փոխարէն, իշխանութիւնը հանրապետութեան ողջ տարածքը ծածկեց նոր արագաչափերով, կոռուպցիան փոխարինւեց պարգեւավճարներով ու մէկ անձից գնումներով, ընդերքը «հարստայարող նախկին թալանչիները» սկսեցին բաժնետոմսեր նւիրել կառավարութեանը, եւ այդպէս շարունակ։
Ժամանակի հետ փաշինեանական «քեասիբի ռադիոն» խլացաւ ոչ թէ բոլոր քեասիբների վիճակի բարելաւման, այլ իր հետ փոխկապակցւած քեասիբների հարստացման արդիւնքում։
Բայց առջեւում արտահերթ կամ հերթական ընտրութիւններ են, եւ իրական քեասիբների ձայնն էլի անհրաժեշտ է Նիկոլ Փաշինեանին։
Իսկ այդ ձայնը նրանց ընկալման ու ենթագիտակցութեան մէջ ասոցացւում է ոչ թէ մորուքաւոր, այլ անմորուս Նիկոլ Փաշինեանի հետ, ինչը կարող է վկայել, որ սափրումն անուղղակի վերադարձ է դէպի ընչաքաղցների խլացւած ականջ։ Քաղաքական տեխնոլոգիայի առումով դա գուցէ արդարացւած է, եւ հնարաւոր է՝ Փաշինեանը որոշել է վերադառնալ նախկին կարգավիճակին՝ եւս մէկ անգամ պոպուլիզմով իշխանութիւնը վերարտադրելու ու կրկին «հարուստի դիջէյ» դառնալու յոյսով։
Տեխնիկապէս դա եւս կարող է ստացւել։ Բայց բովանդակային առումով Նիկոլ Փաշինեանն ինչպէս եղել, այնպէս էլ շարունակելու է մնալ «քեասիբի ռադիօ», որովհետեւ նրա յենարանը կազմւած է հարուստ, բայց անյոյս քեասիբներից, որոնք աղքատ են մտքի, գաղափարի, արժէքների ու սրբութիւնների առումով։
168.am