ԹեհրանՀամայնք

Բազմադարեայ հայ ժողովրդի բազմաբովանդակ մշակոյթը ներկայացւեց Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում

Սրբոց Թարգմանչաց տօնը, Հայ մշակոյթի, հայ լինելիութեան եւ գրերի ստեղծման տօնն է: Ուրբաթ, հոկտեմբերի 10-ին, բիբլիական «Արարատ» լեռան պէս անսասան եւ անմահանուն Կոմիտասի անւանը վայել յայտագրով մշակութային միջոցառում էր կազմակերպւել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: Մշակութային հարուստ եւ ուսուցանող բովանդակութեամբ գեղարւեստական յայտագիր, որը նախաձեռնել էր՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութիւնը:

Իր տեսակի մէջ իւրայատուկ ծրագիրը մեկնարկեց հայ հեթանոսական եւ նախաքրիստոնէական շրջանի գրերի եւ հայ երգարւեստի մասին համապարփակ բացատրութիւններով, որը ներկայացնում էր Անի Յովհաննիսեանը: Սահիկներով եւ համապատասխան բացատրութիւններով հանդիսատեսը հետեւեց հայոց պատմութեանը եւ հայկական բազմաոլորտ մշակոյթի զարգացման ընթացքին սկսած դպրութեան Աստւած Տիրի ժամանակաշրջանից, 387 թւականին, Հայաստանի առաջին մասնատումից մինչեւ՝ Մեսրոպեան գրերի գիւտը, միչեւ մեր օրերը:

Եւ ահա, պատմական իւրաքանչիւր ժամանակահատւած ներկայացւում էր համապատասխան երգչախմբային կատարումներով, որը իրականացնում էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախումբը, խմբավարութեամբ դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի եւ Արեգ Մարգարեանի դաշնամուրային կատարումներով: Ծրագիրը յագեցած էր նաեւ «Արարատ» պարախմբի սաների ներկայացումներով, որոնք պատմական ժամանակահատւածին յարիր, կատարում էին ելոյթներ եւ այդ ամէնը ներկայացւում էր համադրաբար կերտելով՝ Հայ մշակոյթը:

Երբ հաղորդավարը իր ելոյթի ընթացքում եւ պատմական անցում կատարելով հասաւ Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակւելուն, երգչախումբը հնչեցրեց Տէրունական աղօթքը, իսկ երբ անդրադարձաւ Ս. Մեսրոպ Մաշտոցի միջոցով հայոց գրերի գիւտին, ցուցադրւեց «Մատենադարան» ֆիլմից մի հատւած, որի ընթացքում հայրենի վաստակաւոր դերասան, քաղաքական գործիչ, ուսուցիչ եւ հասարակական գործիչ, հանգուցեալ Սօս Սարգսեանը ներակայացրեց Մեսրոպ Մաշտոցի աշակերտ՝ Կորիւնի նկարագրութիւնը Մաշոտցեան գրերի գիւտի մասին եւ նրա վերադարձը Հայաստան:

Իր ելոյթի ընթացքում հաղորդավարը ընդգծեց. «Մաշտոցեան տառերի գիւտից յետոյ բացւեցին նոր գրերի ուսուցման բազմաթիւ դպրոցներ, Մեսրոպ Մաշտոցը Արցախի Ամարասի վանքում բացեց Արցախի առաջին դպրոցը ու այսպէս ծաղկեց Հայ մշակոյթը եւ ամրապնդւեց ժողովրդի ինգնագիտակցութիւնը»: Այս բաժնում «Արարատ» պարախմբի սաները համապատասխան կատարումով վեր բարձրացրին Մաշտոց անունը:

Նիւթի այլ հատւածում հաղորդավարը ներկայացրեց հայ հոգեւոր երաժշտութեան սկիզբը եւ համապարփակ բացատրութիւնների շրջագծում երգչախումբը ներկայացնում էր համապատասխան երգեր: Կատարումների ընթացքում զուգերգով ելոյթ ունեցան Մեղեդի Եղնազարեանը եւ Նանոր Նազարեանը:

Ողջ ծրագրի ընթացքում տեքստի տարբեր գլուխներին յարիր ներկայացւում էին ասմունքային կատարումներ, թեհրանահայ բեմին ծանօթ ասմունքող, եւ ժամանակի տեսչուհի Անետ Բաղդասարեանի միջոցով:

Տեքստը երբ հասաւ Էրեբունի-Երեւանի 2750-ամեակի օրերին, նշւեց, որ 1968 թւականին երգահան Էդգար Յովհաննիսեանը Պարոյր Սեւակի խօսքերի հիման վրայ մշակել էր «Երեւան-Էրեբունի» երգը եւ առաջին անգամ 1968 թւականին այդ առիթով երգը հնչեց Երեւանում՝ Մայր Հայաստան յուշահամալիրի մօտ 2750 հոգուց բաղկացած երգչախմբով, Թաթուլ Ալթունեանի խմբավարութեամբ եւ սրահում պատկերասփռւեց այդ կատարումից մի հատւած, որից անմիջապէս յետոյ երգը շարունակեց «Արարատ» եւ «Տաւիղ» համտեղ երգչախումբը, որի կատարումը մեծ խանդավառութիւն ստեղծեց դահլիճում: Յատկանշական է, որ այս տարի Երեւանի տօնը համընկնում էր Թարգմանչաց տօնի յաջորդ օրւան հոկտեմբերի 12-ին:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Ժորժ Հայրապետեանը, Ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը եւ վարչականներ, Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, արւեստագէտներ եւ հայրենակիցներ:

Գեղարւեստական յայտագրի աւարտին հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը շնորհաւորեց Հայ մշակոյթի տօնը եւ շաբաթը հայ ուսուցիչներին, մտաւորականներին եւ բոլոր նրանց, որոնց համար կարեւոր է առնչւել հայկական մշակոյթով: Նա ընդգծեց. «Մշակոյթը մեր ինքնութիւնն է եւ մեզ համար անհրաժեշտութիւն է պահպանել մեր մշակութային արժէքները: Մեր մշակոյթի պահպանման եւ այն մեր նոր սերնդին փոխանցելու առումով կարեւոր դեր է վերապահւած միութիւնների համար»: Նա գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան վարչութիւններին, որոնց համատեղ երգչախումբը, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեանի հանդէս եկաւ միջոցառմանը, նաեւ իր գնահատանքը յայտնեց «Արարատ» պարախմբին եւ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ կազմակերպւել էր նմանօրինակ գեղարւեստական երեկոյ:

Նշենք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի աւագ ուսուցիչն է՝ Լինէթ Սարգսեանը, ուսուցիչ Ալմարա Շամիրեանը, օգնականներ՝ Նարէ Մնացականեանը եւ Նարէ Տէր-Մկրտչեանը: Նիւթերի եւ յայտարարութիւնների պատրաստման մէջ օժանդակել էին Անահիտ Աբրահամեանը եւ Անի Թաշճեանը, տեսաերիզների պատրաստման եւ համադրման աշխատանքը իրականացրել էր Կարէն Մնացականեանը, իսկ ձայնագրութեամբ հնչող խօսքերը կատարել էր Արտոյտ Զոհրաբեանը, ծրագրի գեղարւեստական ղեկավար՝ Արփի Սիմրոջեանը: Նախասրահում տեղադրւած էին մշակոյթի շաբաթւան յարիր պատկերներ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Լուսանկարները՝ ԳԷՈՐԳ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button