Այլ

Թեհրանի Նահանգապետի այցելութիւնը Ս. Աստւածածին եկեղեցի

Հինգշաբթի, հոկտեմբերի 9-ին, Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամէդեանը Թեհրանի շաբաթւայ առիթով Սիէ թիր պողոտայ կատարած առաջին շրջագայութեան ընթացքում, այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի: Նահանգապետին ընկերակցում էր Թեհրանի մշակութային ժառանգութեան գլխաւոր տնօրէն Ալի Թոլուին (مدیر کل میراث فرهنگی استان تهران):

Հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը, Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետ Հերմիկ Արշակեանը եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը:

Այցելուները նախ մուտք գործեցին Ս. Աստւածածին եկեղեցի, ապա «Արտակ Մանուկեան» ազգային թանգարան, որտեղ հակիրճ բացատրութեամբ ներկայացւեց իրանահայութեան պատմական անցեալը եւ անդրադարձ կատարւեց մշակոյթի ու արւեստի տարբեր բնագաւառներում իրանահայութեան ներդրած աւանդին ու գործօն դերակատարութեանը: Առիթ եղաւ նաեւ ներկայացնելու 1945 թւականին կառուցւած Ս. Աստւածածին եկեղեցու հնագոյն անցեալը նշելով, որ մինչեւ 1970 թւականը եղել է առաջնորդանիստ եկեղեցի:

Նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամէդեանը իր արտայայտութիւններում նշեց, որ Պատմական ժառանգութիւններից բացի, Թեհրանը կրօնների եւ էթնիկ խմբերի համակեցութեան խորհրդանիշ է. այնպէս որ Սի է թիր փողոցը դէպի Միրզա Քուչակ խան, որտեղ մզկիթները, եկեղեցիները, սինագոգները եւ մեհեանները գտնւում են կարճ հեռաւորութեան վրայ, համարւում է կրօնների միջեւ խաղաղ համակեցութեան եզակի օրինակ եւ իւրօրինակ խորհրդանիշ: Բացի այդ, մայրաքաղաքում տարբեր էթնիկ խմբերի ներկայութիւնը ստեղծել է մշակութային բազմազանութիւնը՝ Թեհրանում:

Այցելութեան ընթացքում մատնանշւեց թեմի եկեղեցիների պահպանման եւ նորոգութիւնների համար անհրաժեշտ բիւջէների յատկացման անհրաժեշտութեանը, եւ այս ուղղութեամբ որոշւեց հանդիպում ունենալ պատկան պատասխանատուների հետ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button