Տիեզերական ճանապարհորդութիւնները արագացնում են արեան ցողունային բջիջների ծերացումը

Կալիֆորնիայի համալսարանի Սանֆորդի ցողունային բջիջների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տիեզերական թռիչքն արագացնում է հեմատոպոէտիկ ցողունային եւ պրոգենիտոր բջիջների (HSPC) ծերացումը, որոնք կենսականօրէն կարեւոր են արիւնաստեղծման եւ իմունային համակարգի համար։
Նրանց հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell Stem Cell ամսագրում։
Օգտագործելով «SpaceX»-ի կողմից Միջազգային տիեզերական կայան իրականացրած չորս առաքելութիւնների ժամանակ արհեստական բանականութեան միջոցով ղեկավարւող նանօկենսառեակտորների աւտոմատացւած համակարգեր, գիտնականները կարողացել են իրական ժամանակում հետեւել բջիջներում տեղի ունեցող փոփոխութիւններին՝ սկսած առողջ բջիջներ ձեւաւորելու ունակութեան նւազումից մինչեւ ԴՆԹ-ի վնասման աճը եւ քրոմոսոմների ծայրերի կարճացումը, որոնք արագացւած ծերացման բնորոշ նշաններ են։
Ըստ Սանֆորդի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրէն, դոկտոր Քեթրիոնա Ջէյմիսոնի՝ «Տիեզերքը մարդու մարմնի համար ամենամեծ սթրեսային թեստն է։
Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ միկրօ եւ գալակտիկական ճառագայթումն իսկապէս արագացնում է արիւնաստեղծ ցողունային բջիջների մոլեկուլային ծերացումը, ինչը կարեւոր է ինչպէս տիեզերագնացների պաշտպանութեան, այնպէս էլ Երկրի վրայ ծերացման ու հիւանդութիւնների, օրինակ՝ քաղցկեղի, մոդելաւորման համար»։
Նախորդ ուսումնասիրութիւնները, ներառեալ յայտնի «ՆԱՍԱ-ի Երկւորեակների ուսումնասիրութիւնը», արդէն բացայայտել են փոփոխութիւններ իմունային ֆունկցիայի եւ թելոմերների երկարութեան մէջ՝ տիեզերքում երկար մնալուց յետոյ։ Սակայն նոր ուսումնասիրութիւնները լրացնում են բացը։ Դրանք կենտրոնացել են յատկապէս ցողունային բջիջների վրայ՝ բացայայտելով մեխանիզմները, այն, ինչ նախորդ դիտարկումները միայն ակնարկում էին, բայց մինչեւ վերջ չէին կարող բացատրել։
Մասնաւորապէս, տիեզերքում 32-ից 45 օր գտնւած բջիջները ցոյց են տւել չափազանց մեծ ակտիւութիւն, պահեստային ռեսուրսների սպառում եւ վերականգնւելու ունակութեան կորուստ, ինչը ցողունային բջիջների հիմնական յատկանիշն է։ ԴՆԹ-ի վնասումը եւ թելոմերների կարճացումն աւելի ու աւելի են արտայայտւել։ Նկատւել է նաեւ բորբոքային սթրես միտոքոնդրիումներում եւ գենոմի «քնած» հատւածների ակտիւացում, ինչը կարող է թուլացնել իմունային ֆունկցիան եւ մեծացնել հիւանդութիւնների ռիսկը։
Ոգեշնչող փաստն այն է, որ վնասւածքների մի մասը հնարաւոր է շրջել. երբ տիեզերքում գտնւած բջիջները վերադարձւել են երիտասարդ առողջ միջավայր, որոշ բնութագրեր զգալիօրէն բարելաււել են, ինչը նշանակում է, որ արդիւնաւէտ միջոցներով հնարաւոր է վերականգնել դրանց գործառոյթները։
Այս բացայայտումները կարեւոր են ոչ միայն ապագայ տիեզերագնացների անվտանգութեան, այլեւ Երկրի վրայ տարիքային գործընթացները հասկանալու համար։ Տիեզերքը դառնում է ծերացման արագացւած լաբորատորիա՝ թոյլ տալով գիտնականներին շատ աւելի արագ ուսումնասիրել հիւանդութիւնները եւ փորձարկել հնարաւոր հակազդումները։
News.am