Պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանը քարոզարշաւի 5-րդ օրն անցկացրեց չորս հանդիպումներով
Երկուշաբթի՝ փետրւարի 26-ի առաւօտեան ժամը 10:30-ին, իսկ երեկոյեան 16:30-ին, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Գեղարդ Մանսուրեանը հերթաբար այցելելով Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան (հայոց ազգային ծերանոց) կենտրոններ, հանդիպեց պատկան անդամուհիներին, ուր հիմնականում զրոյց ծաւալւեց ապագայ փոխհամագործակցութիւնների շուրջ:
Այնուհետեւ երեկոյեան ժամը 18:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում թեկնածուն հանդիպեց թեմի հայոց ազգային դպրոցների նախկին եւ ներկայ աշխատողներին, իր ժամանակի ուսուցիչներին եւ այժմեան գործընկերներին: Նա ելնելով այն հանգամանքից, որ վերջին չորս տարիներին լինելով հայոց ազգային «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի տնօրէն, մեծ փորձառութիւն է կուտակել այս բնագաւառում, մտքեր փոխանակեց առկայ խնդիրների եւ դրանց վերացման հնարաւոր միջոցների շուրջ: Պրն. Մանսուրեանն իր տեսակէտները յայտնեց նաեւ Սպահանի Պետական համալսարանում Հայագիտական ամբիոնի աշխատանքների աշխուժացման եւ դպրոցների հայերէն դասագրքերի վերանայման կապակցութեամբ:
Գեղարդ Մանսուրեանի 5-րդ օրւայ վերջին հանդիպումը կայացաւ իր ընտրական շտաբում՝ համայնքի երիտասարդների հետ: Նա ներկաների հետ զրոյց ունեցաւ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ, ինչպիսին են՝ աշխատանք, զինւորական ծառայութիւն, համալսարանական կրթութիւն եւ դրա հետ կապւած փոքրամասնութիւնների խնդիրներ, հայկական թաղամասերի ապահովութեան բարձրացում եւ խցանման վերացում, արտագաղթ եւ այլն:
Վերոնշեալ բոլոր ծրագրերը վարեց Թովմա Գալստանեանը: Հանդիպումների աւարտին ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան թեկնածուից եւ տեսակէտներ փոխանակեցին նրա հետ:
Նշելի է, որ անցնող օրերի ընթացքում խիստ մարդաշատ են եղել թեկնածուի Նոր Ջուղայի եւ Շահինշահրի շտաբները:
Գեղարդ Մանսուրեանն այսօր՝ երեքշաբթի՝ փետրւարի 27-ի երեկոյեան ժամը 19:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում, ժողովրդական հանդիպում է ունենալու տեղի հայ համայնքի անդամների հետ:
Գեղարդ Մանսուրեանի Ընտրական շտաբ