ԹեհրանՀարցազրոյց

Դոկտ. Կարէն Խանլարեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Խորհրդարանի յաջորդ պատգամաւորները անհրաժեշտ է ուշադրութեան առանցքում պահեն Սիւնիքի անվտանգութեան կարեւորութիւնը»

Մի դասական ասոյթ կայ, որ անհրաժեշտ է մասնակցել խորհրդարանական ընտրութիւններին, որպէսզի պաշտպանենք մեր իրաւունքները եւ ինչքան աւելի շատ լինի մասնակցութեան պատկերը, պատգամաւորները աւելի արդիւնաւէտ կը պաշտպանեն մեր իրաւունքներն ու պահանջները: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հարցին՝ թէ ինչո՞ւ պէտք է մասնակցել խորհրդարանական ընտրութիւններին, պատասխանեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան 10-րդ գումարման Իսլամական խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Մասնակցութեան հարցը մեր նորօրեայ պայմաններում խօսում է նաեւ այն իրողութեան մասին, որ ինչքան հզօր է մեր համայնքը, ինչքան աւելի հզօր լինենք, այնքան էլ մասնակցութեան թիւը բարձր կը լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, որ Իրանում հասարակական եւ քաղաքական իրավիճակը հաշւի առնելով, ինչպիսին են ակնկալիքները խորհրդարանական ընտրութիւններին համայնքի ներգրաււածութեան առումով, մասնակցութիւնը կը գերազանցի, նախորդ շրջանի 60- տոկոսի շեմը, թէ՞ ոչ, անկում կարձանագրի՞, Խանլարեանը նշեց, որ պէտք է հասկանալ, որ շրջանից շրջան մասնակցութեան ակնկալիքները տարբեր են:

«Այս տարի բաւական մեծ հակաքարոզչութիւն են տանում ընդդիմադիր խմբերը Իրանում, չմասնակցելու եւ բոյկոտելու ուղղութեամբ, բայց կարծում եմ մեծ ազդեցութիւն չպէտք է ունենան դրանք, որովհետեւ ամէն դէպքում, եթէ խնդիրներ կան հասարակական, քաղաքական, տնտեսական դրանց լուծման ելքը սահմանադրական միջոցներից օգտւելն է:

Եթէ դու հրաժարւում ես սահմանադրական կամ օրինական միջոցներից, դա նշանակում է դու հրաժարւում ես քո իրաւունքներից, ուրեմն չմասնակցելը կամ բոյկոտելը նշանակում է դու չես մասնակցում եւ ձայն չես տալիս եւ քո փոխարէն ձայն է տալիս ուրիշը, քո անունից ուրիշն է ձայն տալիս, այսինքն դու քո իրաւունքը յանձնում ես ուրիշի: Սա ընդունւած նորմ եւ ասոյթ է աշխարհում: Հետեւաբար, պէտք է մի կողմ դնել հակաքարոզչութեանը՝ տուրք տալու մտքերը եւ լծւել իրանահայութեան սահմանադրական իրաւունքը պաշտպանելուն եւ օգտւելուն, որը նաեւ քաղաքացիական պարտք եւ պարտաւորութիւն է»,- նշեց նա:

Ըստ Խանլարեանի՝ իրանահայ պատգամաւորները բազմաթիւ խնդիրներ եւ օրակարգային կէտեր ունեն, որոնք պէտք է տանեն խորհրդարան, չլուծւած հարցեր՝ լինեն դրանք օրինական եւ օրէնքների դաշտում եւ այլ ոլորտներում:

«Յիշենք, այն օրէնքները, որոնք ժամանակին հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի ջանքերով լուծւեցին, որոշ հարցեր՝ Հրանտ Խալաթեանի օրօք են լուծւել, եղել են ձեռքբերումներ նաեւ իմ շրջանում: Փորձեցինք եւ նպաստեցինք ժառանգութեան հետ կապւած օրէնքի խնդիրները լուծելուն, որն այս շրջանում Արա Շահվերդեանի եւ միւս պատգամաւորների ջանքերով հանգուցալուծւեց»,- նշեց նա:

Խանլարեանի դիտարկմամբ՝ կան մի շարք նիւթական եւ ֆինանսական հարցեր, որոնք եւս անհրաժեշտ է լուծել, որովհետեւ, ընդհանրապէս Իրանում սոցիալ տնտեսական կեանքը բարւոք իրավիճակում չէ, եւ դրանից անմասն չի մնացել հայ անհատը եւ համայնքը ու քաղաքացին, հետեւաբար անհրաժեշտ է շարունակել այդ ջանքերը: Դպրոցներին եւ միութիւններին, հայկական կենտրոններին աջակցութիւն ցուցաբերելու ուղղութեամբ հարկաւոր է այդ ջանքերը շարունակել, հարցեր կան որոնք երկարատեւ աշխատանք եւ ջանք են պահանջում:

Խանլարեանի խօսքով՝ այսօրւայ ամենաառօրեայ սպառնալիքներից մէկը Սիւնիքի այսպէս կոչւած միջանցքի խնդիրն է, որ ըստ նրա՝ այդ ուղղութեամբ Իրանը շատ կոշտ դիրքորոշում է կիրառել եւ իր կարմիր գծերն է սահմանել: Այն տեղ է գտել Իրանի արտաքին քաղաքականութեան մի քանի շերտերում եւ մի քանի անգամներ արտացոլում է գտել: Այս ուղղութեամբ, յատկապէս, եւ իհարկէ հայ պատգամաւորները անելիքներ ունեն՝ յայտարարութեան տեսքով, գործնական քայլերով, եւ այդ սպառնալիքների մասին բարձրաձայնելու եւ քայլեր ձեռնարկելու առնչութեամբ:

Ինչ վերաբերում է Արցախի հարցը չմոռանալու կարեւորութեանը, ապա Խանլարեանը նշեց, որ անհրաժեշտ է յիշել այաթ. Խամենէիի այն տեսակէտը, որ հարկաւոր է հաշւի առնել եւ յարգել արցախահայութեան ոչ միայն անվտանգութեան, այլ նաեւ իրաւունքների խնդիրը. «Ես կարծում եմ երկրի առաջնորդի այս տեսակէտը հայ պատգամաւորները տարածելու, եւ երկրի պետական մարմինների զանազան շերտերում գաղափարը ամրագրելու պարտականութիւն պէտք է ունենան: Այսինքն անհրաժեշտ է ասել, որ այաթ. Խամենէին այդ կարծիքն է յայտնել եւ դուք ինչ էք ձեռնարկել այդ ուղղութեամբ, սկսած Արտաքին գործերի նախարարութիւնից անհրաժեշտ է երկրի առաջնորդի դիտարկումները եւ Սիւնիքի անվտանգութեան կարեւորութեան հարցը շրջանառութեան մէջ դնել եւ համապատասխան քայլեր կատարել՝ շեշտելով Սիւնիքի միջանցք բացելը Իրանի ազգային շահերին մեծ հարւած է լինելու»,- ասաց դոկտ. Խանլարեանը:

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Related Articles

Back to top button