ԹեհրանՀամայնք

Հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Մինասի տօնի առիթով

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի, Երմոգինէսի, Յովահաննէսի եւ Ալեքսիանոսի յիշատակի օրն է:

Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով, օրհնութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, երկուշաբթի, 8 դեկտեմբեր 2025 թւականին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ եւ տօնակատարւեց Ս. Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Հայր Սուրբը յընթացս քարոզի փառք եւ գոհութիւն յայտնեց Աստծուն, որ այսօր եւս այս գեղեցիկ տօնը պարգեւեց, իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար: Օրւայ խորհուրդը ներկաներին ուղղեց Հայր Սուրբը, լուսարձակի տակ առնելով սուրբերի մաքրակենցաղ վարքը եւ հոգեւոր աճումի ճամբով աշխարհիկ հաճոյքներից նրանց հեռացումը, որի պայծառ օրինակն է Ս. Մինասը: Նա դիտել տւաւ, որ սուրբերի ողջ կեանքը նւիրւած էր աղօթքի եւ քրիստոնէական այն հաստատուն հաւատքով, որ Տէրը կը լսի եւ նրանց Իր սիրոյն արժանի կը դարձնի:

Հայր Սուրբը խօսեց Ս. Մինասի կեանքի ու մարտիրոսութեան մասին, եւ նրա կեանքի միջից անդրադարձաւ հաւատքի վկայութեան եւ ամրութեան կարեւորութեանը: Նա յաւելեց, որ բացայայտւելով նրա ծածուկ հաւատքը, նա ենթարկւեց չարչարանքների բայց իր աննկուն հաւատքով դարձի բերեց նաեւ իր չարչարող իրեն պաշտօնակից Երմոգինեսը եւ ապա երկուսը միասին, աստւածատուր զօրութեամբ բազում չարչարանքներ դիմագրաւելուց յետոյ կայսրի կողմից նահատակւեցին ու իրենց մահով փառաւորեցին Քրիստոսին:

Հայր Սուրբը նշեց. «Հակառակ այն իրողութեան, թէ Ս. Մինասը ազգութեամբ հայ չէ, սակայն մեր ժողովուրդը յատուկ սէր, յարգանք եւ հաւատք ունի իր նկատմամբ: Թէ՛ Հայաստանում եւ թէ՛ սփիւռքում Ս. Մինասի անունով մկրտւած հարիւրաւոր հայկական եկեղեցիներ կան: Առաւել, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ սփիւռքում բազմաթիւ հայ հոգեւորականներ եւ աշխարհականներ կան, որոնք կրում են Ս. Մինասի անունը: Այս բոլորը ցոյց կտան, թէ մեր ժողովուրդը գիտէ սրբերին արժեւորել եւ յարգել»: Նա յաւելեց. «Հայ եկեղեցու ուսմունքի համաձայն, սրբերի պատարագը ուղղւած է Յիսուս Քրիստոսին, որի ընթացքում յիշատակւում են նրանք, ովքեր հասել են Աստծոյ շնորհի կատարեալ գործադրութեանը: Եւ մենք այդ պատարագին մասնակցելով, միաւորւում ենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի զոհաբերութեանը եւ սրբերի խորհրդի հետ: Այսպիսով, մենք ժառանգում ենք ա՛յն շնորհներն ու օրհնութիւնները, որոնք Աստւած տւել էր սրբերին իրենց կեանքի ընթացքում»:

Հայր Սուրբը հաւատացեալներին յորդորեց, որ Ս. Մինասի կեանքի օրինակին հետեւելով զօրացնեն իրենց հաւատքը: Նա բարեխօսութիւն խնդրեց Սուրբերից, որպէսզի մեզ պահպանի ամէն չարից եւ չարիքից, մեզ տայ Տիրոջ իմաստութիւնը եւ տայ այն զգաստութիւնը, որ կարողանանք ընտրել եւ զանազանել թէ որն է կարեւորը եւ որն է անկարեւորը, որովհետեւ Յիսուս Քրիստոսին եւ Աստծուն եւ Ս. Երրորդութեան կը վերապահւեն՝ ամէն զօրութիւն, ամէն հարստութիւն եւ ամէն իշխանութիւն:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, յանուն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի շնորհակալութիւն ու գնահատանք յայտնեց Ս. Մինաս եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանին եւ նրա երէցկնոջ, ինչպէս նաեւ եկեղեցու դպրաց դասին, երգեցիկ խմբին, եկեղեցական խորհրդին եւ բոլոր հաւատացեալներին:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների հոգիների հանգստեան համար ապա տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Արարողութեանը ներկայ էին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Քահանայ հայրեր, ազգ. մարմինների, եկեղեցական խորհուրդների եւ միութիւնների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button