Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեանն անում է հնարաւոր ամէն ինչ՝ խոչընդոտելու օտարերկրեայ ներդրումները Հայաստանում

Յարութ Սասունեան
www.TheCaliforniaCourier.com

Այս յօդւածը վերլուծում է Ստոկհոլմի առեւտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետեւանքները՝ կապւած Հայաստանի կառավարութեան կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնաւոր ընկերութեան ազգայնացման հետ։

Յիշեցի այս ասացւածքը՝ «Հայերին թշնամիներ պէտք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղայ, թէ ինչպէս է վարչապետ Նիկոլ Փաշինեանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգութեանն ու տարածքային ամբողջականութեանը, այլեւ տնտեսութեանը։

Վերջին ֆինանսական ձախողումը սկսւեց յունիսի 17-ին, երբ յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանը, որն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի երկքաղաքացիութիւն, քննադատեց Հայաստանի կառավարութեանը՝ եկեղեցու դէմ արշաւ իրականացնելու համար՝ յայտարարելով, որ ինքը «իր ձեւով» կը միջամտի՝ վերջ տալով այդ բանավէճին: Վարչապետը, չափազանցւած կերպով արձագանքելով Կարապետեանի խօսքերին, գործի դրեց իր բռնապետական իշխանութիւնը՝ չնայած ժողովրդավարութեանը հաւատարիմ լինելու իր յայտարարութիւններին, եւ հրամայեց Կարապետեանի ձերբակալութիւնն ու նախնական կալանքը։

Այնուհետեւ Փաշինեանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը, որի մէջ Կարապետեանը եւ նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թւականին այն գնելու ժամանակ։

Փաշինեանի գործողութիւնները մի շարք բացասական հետեւանքներ ունեն Հայաստանի համար.

– Նա խախտել է Հայաստանի օրէնքները՝ միջամտելով դատական համակարգին, ինչը դուրս է իր իրաւասութեան շրջանակներից։

– Յունիսի 18-ին նա կոչ արեց իր խորհրդարանական մեծամասնութեանը ընդունել օրէնք, որը թոյլ կը տայ ՀԷՑ-ի բռնագրաւումը։

– Փաշինեանի հրահանգով ոստիկանութիւնը մուտք գործեց Կարապետեանի երեւանեան տուն՝ առգրաւելով անորոշ իրեր: Սակայն դատաւորը որոշեց, որ խուզարկութիւնը եղել է անօրինական։

– Նա կարգադրեց ՀԷՑ-ի մի քանի ղեկավարների ձերբակալութիւնը՝ շինծու մեղադրանքներով, ինչպէս նաեւ Կարապետեանների ընտանիքի անդամներից մէկի կալանաւորումը։

– Յուլիսի 18-ին նա ՀԷՑ-ի ժամանակաւոր կառավարիչ նշանակեց անփորձ մի անձի՝ ստեղծելով ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների եւ սպառողների համար սակագների բարձրացման լուրջ վտանգներ։

– Կարապետեանները (Սամուէլ, Էթերի, Սարգիս եւ Կարէն) եւ նրանց կիպրոսեան գործընկեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդը» դիմեցին SCC-ին՝ համաձայն Հայաստանի կառավարութեան հետ նախկինում կնքւած պայմանագրի։ Սակայն Փաշինեանն այժմ անտեսում է այդ համաձայնագիրը։

SCC-ի արտակարգ իրաւարարը յուլիսի 22-ին կայացրեց հետեւեալ միջանկեալ որոշումները.

«ՀՐԱՄԱՅՈՒՄ է Պատասխանողին [ՀՀ կառավարութեանը] ձեռնպահ մնալ բռնագրաւման մասին օրէնքների կիրառումից (այսինքն՝ «ՀՀ էներգետիկայի մասին» օրէնքում  եւ «Հանրային ծառայութիւնները կարգաւորող մարմնի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին ՀՀ օրէնքներից) եւ ՀԷՑ-ի բռնագրաւմանը ուղղւած հետեւեալ քայլերից որեւէ մէկի իրականացումից.

– չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխութիւն,

– չփոխել ՀԷՑ-ի կանոնադրութիւնը,

– չնշանակել ՀԷՑ-ի ժամանակաւոր կառավարիչ, կամ եթէ նշանակւել է՝ նրան չլիազօրել գործել որպէս ՀԷՑ-ի գործադիր մարմին,

– չեղեալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

– չյայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

– չբռնագրաւել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիւները,

– որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնաւոր գործունէութիւնը:

Թէեւ արտակարգ որոշումը պարտադիր է, ՀԷՑ-ի սեփականատէրերը 30 օրւայ ընթացքում կը պահանջեն SCC-ից վերջնական որոշում կայացնել: Եթէ Հայաստանը պարտւի վերջնական արբիտրաժում եւ հաստատւի բռնագրաւումը, կառավարութիւնը ստիպւած կը լինի ՀԷՑ-ի սեփականատէրերին վճարել մօտ մէկ միլիարդ դոլար՝ պարտաւորութիւն, որը, ինչպէս յայտարարել է Հայաստանի արդարադատութեան նախարարը, կառավարութիւնը կը կատարի: Ցաւօք, այդ գումարը կը վճարեն Հայաստանի հարկատուները, այլ ոչ թէ Փաշինեանը:

– Բացի այդ, Հայաստանի արդարադատութեան նախարարը, հակառակ SCC-ի որոշմանը, սխալմամբ պնդեց, որ կառավարութիւնը պարտաւոր չէ ենթարկւել ՀԷՑ-ի ղեկավարութեան փոփոխման արգելքին՝ յայտարարեով, թէ դա «դուրս է» SCC-ի որոշման շրջանակներից…

– Այնուհետեւ կառավարութիւնը յայտարարեց, որ արբիտրաժային որոշումը ուժի մէջ կը լինի միայն այն դէպքում, եթէ այն հաստատւի Հայաստանի դատարանի կողմից՝ պնդում, որը հակասում է նախկին համաձայնութեանը, ըստ որի արբիտրաժային վճիռը վերջնական է եւ պարտադիր։ Հայաստանի դատարանների նկատմամբ վստահութիւնը խաթարւում է, երբ դատաւորները կատարում են Փաշինեանի հրամանները:

– Փաշինեանի արշաւը Կարապետեանի դէմ բխում է ոչ թէ տնտեսական մտահոգութիւններից, այլ քաղաքական վրէժխնդրութիւնից։ Կարապետեանը, որն այժմ բանտից ձեւաւորում է հակափաշինեանական քաղաքական շարժում, վայելում է աճող հանրային աջակցութիւն՝ 2026 թւականի յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից առաջ։

– Փաշինեանի անօրինական եւ անխոհեմ գործողութիւնների արդիւնքում ոչ մի օտարերկրեայ ընկերութիւն ռիսկի չի դիմի ներդրում կատարել Հայաստանում՝ գիտակցելով, որ կառավարութիւնը կարող է ազգայնացնել իր ակտիւները եւ անտեսել արբիտրաժային վճիռները: Քանի որ ՀԷՑ-ն ունի կիպրոսեան գործընկեր, դրա բռնագրաւումը խախտում է Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանութեան երկկողմ համաձայնագիրը, ինչը կսրի Հայաստանի յարաբերութիւնները Կիպրոսի կառավարութեան հետ:

Եթէ Հայաստանի կառավարութիւնը չկատարի SCC-ի վերջնական վճիռը, ապա կարող են սառեցւել Հայաստանի արտասահմանեան ակտիւները։

Բացի նոր ներդրողներին յետ կանգնեցնելուց, Հայաստանը չի կարող թոյլ տալ իրեն կորցնել միլիարդաւոր դոլարներ հետեւեալ ընթացիկ արբիտրաժային գործերում.

– Կիպրոսում գրանցւած «Walnort Finance Limited» ընկերութիւնը պահանջում է 1.2 միլիարդ դոլար փոխհատուցում Հայաստանից՝ հանքարդիւնաբերութեան ոլորտում ծագած վէճի կապակցութեամբ։

– Լիբանանեան «Սանիտեք» ընկերութիւնը պահանջում է 25 միլիոն դոլար՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է իր ներդրումային իրաւունքները աղբահանութեան ոլորտում։

– Արաբական Միացեալ Էմիրութիւնների Air Arabia աւիաընկերութիւնը պնդում է, որ Հայաստանի կառավարութիւնը վատ է կառավարել իր բազմամիլիոնանոց դոլարային ներդրումը։

– ԱՄՆ-ում գտնւող «Lydian International Limited» ընկերութեան նախկին բաժնետէրերը, ըստ որոշ տեղեկութիւնների, մինչեւ 2 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում ոսկու արդիւնահանման ոլորտում կրած ֆինանսական զգալի կորուստների համար։

Հայաստանի կառավարութիւնը չի կարող շարունակել գործել ֆինանսական առումով այսպիսի անխոհեմ ու անօրինական ձեւով։ Սփիւռքահայերի շրջանում կան բազմաթիւ փորձառու մասնագէտներ, որոնք պատրաստ են տրամադրել ռազմավարական խորհրդատւութիւն եւ աջակցութիւն։ Հայաստանի ղեկավարներին մնում է պարզապէս հարցնել եւ լսել։

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button