Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է մայիսի 13-ի օրը
«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամների ու աջակիցների հետ ամփոփեց մայիսի 13-ի օրը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, նախքան օրւայ ամփոփումը, ընթերցեց այն բոլոր փողոցների անունները, որոնք փակւել էին օրւայ ընթացքում:
«171 քաղաքացի է բերման ենթարկւել այսօր, Հանրապետութեան տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդութեան ակցիաների իրականացման ժամանակ: Բռնաճնշումները ոչ մէկի վրայ չի ազդում, ինչքան բռնաճնշումներն աւելացնեն, այդքան մարդկանց թիւն աւելանալու է»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը անդրադառնալով մայիսի 13-ի առաւօտեան ստեղծագործական միութիւններ կատարած իր այցերին, ասաց. «Այսօր ջերմ ընդունելութեան ենք արժանացել Նկարիչների եւ Գրողների միութիւններում, Պատմութեան ինստիտուտում, Գիտութիւնների ազգային ակադեմիայում:
Բագրատ Սրբազանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 14-ին, ժամը 10:00-ին, այցելելու է ԵՊՀ՝ ուսանողներին ողջունելու, յետո՝ Ժուռնալիստների միութիւն՝ շնորհակալութիւն յայտնելու լրագրողներին գիշեր ու ցերեկ կատարած աշխատանքի համար, ապա՝ մետրոյով գնալու է Գարեգին Նժդեհ կայարան։
«Պայքարի ծաւալը պէտք է մեծանայ»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Հայաստանի ողջ տարածքով պէտք է խաղաղ անհնազանդութեան ակցիաներ տեղի ունենան: Երեւանում՝ ժամը 08:00-ից կը մեկնարկեն անհնազանդութեան ակցիաները:
«Իրաւապահ համակարգի նախկին աշխատակիցները մոնիտորինգ են արել ու մեզ յայտնում են, որ վերջին տարիներին այսպիսի ծաւալի գործողութիւններ տեղի չեն ունեցել Հայաստանում։ Առաւօտեան ժամը 07։30-ից, 08։00-ից մարդիկ արդէն փողոցներում են, իմ աչքերով եմ տեսնում նրանց։
Ճնշումը պէտք է աւելանայ եւ մեծանայ, հարաւից-հիւսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մէկ պէտք է շարունակւեն իրականացւել անհնազանդութեան խաղաղ, հաշտ եւ սիրով գործողութիւններ։
Հարաւում, հիւսիսում, միջանկեալ տարածքում, Երեւանում, միւս վայրերում գործողութիւններ տեղի կունենան, ճնշումը կը մեծացնենք։
Վստահաբար, Տիրոջ կամօք՝ ճշմարտութիւնը յաղթելու է։ Ինչ ճանապարհով ուզում է լինի, յաղթելու է»,- ասաց Սրբազանը։