Նահատակ Գագիկ Թումանեանի ընտանիքին են այցելել Իրանի բարձրաստիճան պետական պատասխանատուները
«ԱԼԻՔ» – Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Մկրտութեան տօների նախաշեմին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին, նահատակ Գագիկ Թումանեանի ընտանիքին էին այցելել Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մոհամմադ Մոխբերը, ընկերակցութեամբ Հանրապետութեան նախագահի օգնական եւ Նահատակների ու անձնուրացների հիմնարկի նախագահ դոկտ. Ղազիզադէի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի:
Նահատակ Գագիկ Թումանեանի մօր եւ քրոջ Յասմիկ եւ Անուշ Թումանեանների հետ հանդիպման ընթացքում նախագահի առաջին տեղակալը ընդգծեց, որ երկրի տարածքային ամբողջականութիւնը եւ անկախութիւնը պարտական ենք նահատակների, եւ նշեց. «Իրանի ժողովրդի եւ Իրանի կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների հոգեկան կապն աննախընթաց է եւ տարբեր կրօնների ու էթնիկ խմբերի պատկանող բոլոր իրանցիների միասնականութիւնը, արդիւնքն է նահատակների հեղած առաքինի արեան»: Նա կարեւորութեամբ ընդգծեց, որ կառավարութիւնը իր պարտականութիւնն է համարում վերահասու լինել նահատակների ընտանիքների վիճակին:
Հանդիպման ընթացքում, Յասմիկ Թումանեանը անդրադառնալով նահատակ Գագիկ Թումանեանի բարոյական իւրայատկութիւններին, յաջողութիւն ու առողջութիւն մաղթեց յեղափոխութեան առաջնորդի եւ երկրի պետական պաշտօնատարների եւ Իրանի համայն ժողովրդի համար:
Գագիկ Թումանեանը նահատակւել է Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ պատերազմի տարիներին Մարիւանի տարածքում: