
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թեհրանի պատգամաւորների ֆրակցիայի նախագահ դոկտ. Եազդիխահի ընկերակցութեամբ, այցելել է Թեհրանի հրշէջ ծառայութեան կազմակերպութեան կենտրոն եւ հանդիպել կազմակերպութեան գործադիր տնօրէն դոկտ. Մոհամմադիի հետ։ Այս մասին է տեղեկացնում պատգամաւորի գրասենեակը:
Աղբիւրի համաձայն հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հրշէջ ծառայութեան անձնակազմի պատասխանատու եւ վտանգաւոր առաքելութեանը։ Պատգամաւորները բարձր են գնահատել հրշէջների անձնւէր ծառայութիւնը՝ առանձնապէս ընդգծելով նրանց գործունէութիւնը «Երրորդ պարտադրւած պատերազմի» օրերին, երբ նրանք անմիջական մասնակցութիւն են ունեցել քաղաքացիների անվտանգութեան ապահովման եւ արտակարգ իրավիճակների յաղթահարման աշխատանքներին։
Հանդիպման աւարտին տեղի է ունեցել նաեւ խորհրդանշական գնահատանքի արարողութիւն։ Պատգամաւորների եւ կազմակերպութեան ղեկավարութեան կողմից յատուկ գնահատանքի է արժանացել հրշէջ ծառայութեան իրանահայ երիտասարդ հրշէջ Ադդէ Կրասկեանը, որն իր հետեւողական ներկայութեամբ եւ գործուն մասնակցութեամբ նշանակալի ներդրում է ունեցել ծառայութեան աշխատանքներում։



