
Երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցաւ կլոր սեղան-սեմինար՝ «Իրանի դէմ պատերազմը եւ նրա դասերը կովկասեան երկրների համար» թեմայով: Միջոցառումը կազմակերպւել էր Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի եւ Իրանի Ազգային եւ Մշակութային միութեան (ԻԱՄՄ) համատեղ նախաձեռնութեամբ: Սեմինարի բանախօսն էր համալսարանի դասախօս, միջազգային յարաբերութիւնների եւ Կովկասի հարցերի մասնագէտ ու գիտահետազօտող դոկտ. Էհսան Մովահեդիանը:
Միջոցառման բացումը կատարեց համալիրի նախագահ դոկտ. Ռուբիկ Սարդարեանը: Նա բարի գալուստի խօսքերից յետոյ նշեց, որ իրանահայ համայնքը, ինչպէս միշտ, չի կարող անտարբեր մնալ Ամերիկայի ու Իսրայէլի ագրեսիային՝ Իրանի նկատմամբ մղւող անօրինական պատերազմին: Նա նշեց, որ նման նիստերը կարող են որոշակիօրէն պարզաբանումներ տալ իրանահայութեան համար եւ յոյս յայտնեց, որ նման նախաձեռնութիւնները կը շարունակւեն:
Այնուհետեւ հանդէս եկաւ ԻԱՄՄ-ի հիմնադիր անդամ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, ով կարեւորեց Իրանի իւրաքանչիւր քաղաքացու դերը՝ նշելով, որ նրանք պէտք է լինեն պետութեան ուշադրութեան կենտրոնում: Նա անդրադարձաւ պատերազմի եւ իսրայէլա-ամերիկեան հրթիռային յարձակման հետեւանքով իրենց միութեան շէնքի փլուզմանը, որն աշխատանքների դադարեցման պատճառ է դարձել: Սակայն նրանք սկսել են ելքեր գտնել շէնքը վերակառուցելու համար, եւ այդ հարցում անհրաժեշտ է պետական ու համայնքային հոգատարութիւն:

Բանախօս դոկտ. Մովահեդիանը սկսեց իր ելոյթը՝ պարզաբանելով, թէ Իսրայէլն ու Ամերիկան ինչ նպատակներ են հետապնդում այս պատերազմը սկսելով: Նա բացատրեց, որ նրանք ցանկանում են տեսնել թուլացած եւ մասնատւած Իրան: «Նրանց թւում էր, թէ, եթէ կարողանան վերացնել երկրի հոգեւոր եւ ռազմական առաջնորդներին, ապա երկրում անախորժութիւններ կառաջացնեն եւ երկիրը կը վերցնեն իրենց ուղղակի կամ անուղղակի հսկողութեան տակ»:
Նա անդրադարձաւ Իրանի բանակի եւ Պահապանների կորպուսի խիզախ դիմադրութեանը, որոնք կարողացան անսպասելի հակահարւածներ հասցնել ագրեսորներին: Մինչ այժմ էլ կարողացել են լաւ օգտագործել Հորմոզի նեղուցը՝ որպէս հզօր զսպող գործօն:
Վերջում նա ներկայացրեց իր տեսակէտները այն մասին, թէ կովկասեան երկրները եւ յատկապէս Հայաստանը ինչպիսի դասեր պէտք է քաղեն այս պատերազմից: Նա իր մտահոգութիւնները յայտնեց Հայաստանի իշխանութեան սխալ հաշւարկների վերաբերեալ՝ Ամերիկայի մօտեցումների ու խոստումների առնչութեամբ: Նշեց, որ Թրամփի ուղին արդէն ամբողջութեամբ հարցականի տակ է ընկել այս պատերազմի պատճառով: Ամերիկան երբեք չի ցանկացել եւ չի կարող որեւէ երկրի համար հանդէս գալ որպէս երաշխիք կամ զսպող ուժ: Թուրքիան ու Ադրբեջանը մնում են որպէս սպառնալիք՝ Հայաստանի դէմ պատերազմ հրահրելու համար, յատկապէս Ադրբեջանը, որտեղ կառուցւել են իսրայէլական ռազմաբազաներ, որոնք մեծ ազդեցութիւն ունեն Ադրբեջանի վրայ:
Այնուհետեւ տեղի ունեցաւ հարց ու պատասխան՝ ուղղւած յարգելի բանախօս դոկտ. Մովահեդիանին:
Ծրագրի վերջում ելոյթ ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա իր ելոյթում անդրադարձաւ իրանահայութեան մասնակցութեանը Իրանի կարեւոր իրադարձութիւններում: Նշեց, որ Իրանն իր տնտեսական ներդրումներով կարող է աւելի մեծ դերակատարութիւն ունենալ Հայաստանում: Իր գնահատանքի խօսքն ասաց նման միջոցառումների կազմակերպման համար:
Ծրագիրն աւարտւեց համեստ հիւրասիրութեամբ: Բոլորը ցանկութիւն յայտնեցին, որ նման բացատրական եւ ակադեմիական սեմինարներ աւելի շատ կազմակերպւեն իրանահայ համայնքի համար:
Հ. Մ Մ. «Րաֆֆի» համալիրի վարչութիւն



