«ԱԼԻՔ»- Ի զօրակցութիւն Տաւուշի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանեանի եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման հինգշաբթի՝ մայիսի 9-ին Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք:
Հոգեւոր ու ազգային իշխանութեան ներկայացուցիչների կողքին եւ նրանց խօսքերի հետ միասին, իրենց ձայնը բարձրացրեցին եւ խօսք փոխանցեցին նաեւ պատանիները եւ երիտասարդները:
Եկեղեցում, պատանու խօսքը փոխանցեց Դաւիթ Շահնազարեանը:
Խօսքը ներկայացնում ենք ամբողջութեամբ:
***
«Այսօր վտանգւած է մեր հայրենիքը: Վերջին տարիների ընթացքում մենք կորցրել ենք մեր շատ նւիրական սրբութիւններ: Մենք կորցրել ենք մեր հայրենի Արցախը, Արցախի ազատութեան համար պայքար մղած մեր հերոս ու քաջ զինւորներին:
Այսօր վերստին կորցրած մեր Շուշիի ազատագրման տարեդարձի օրն է, բայց այսօր կրկին թշնամիները սպառնում են Մայր Հայաստանը եւ մասնատելով ուզում են մեզնից խլել:
Մենք, մեր պարտքն ենք համարում միանալու մեր հայրենիքի պաշտպանութեան համար ձեւաւորւած շարժմանը:
Սարդարապատեան յաղթանակի տարեդարձը մօտ է եւ մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի այս պայքարը նոյնպէս յաղթելու է:
Ուստի յայտնում ենք, որ կանգնած ենք մեր շատ սիրելի Բագրատ Սրբազան Հօր եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման կողքին:
Քանի որ ինչպէս Բագրատ Սրբազանն է ասում ի վերջոյ ճշմարտութիւնը պէտք է յաղթի, իսկ ճշմարտութեան Հայրը Տէր Աստւածն է:
Կեցցէ հայը, Հայրենիքն ու Հայաստանը»: