Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 9-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկն է, ընդորում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:
Այս տօնի առիթով, հինգշաբթի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Պատարագ մատուցեց Սրբազան Հօր հրաւէրով քաղաքում գտնւող՝ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Հայր Սուրբը իր քարոզի սկզբում, անդրադառնալով Համբարձման տօնի խորհրդին ասաց, որ Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40 օրերի ընթացքին ինչպէս Աւետարանն է վկայում անգամներ յայտնւեց իր առաքեալներին, ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ քանի անգամ սեղան նստելով, հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեալներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝ եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը, որով պիտի զօրանային եւ դառնային Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։ Նա յաւելեց, որ առաքեալներին իր խաչի ճամբով անցկացնելով Բեթանիա հասցրեց եւ ապա Ձիթենեաց լեռ, որտեղից նա երկինք համբարձաւ, որպէսզի նրանց ապացուցի թէ Նա նոյն այն Յիսուսն է, որ տառապանքների ճամբից ու խաչելութիւնից յետոյ յաղթել է մահւան ու կրկին վերադառնում է իր փառքին որ ունէր աշխարհի ստեղծագործութիւնից առաջ ու այսպէս փարատելով նրանց վախն ու յուսահատութիւնը յոյսի եւ ուրախութեան վերածեց։
Հայր Սուրբն իր քարոզի միւս բաժնում ասաց, որ Քրիստոսը իր Համբարձմամբ հաստատեց իր Աստւածութիւնն ու ամէնուրէքութիւնը եւ փարատեց տարածութեան սահմանափակումները, լինելով բոլոր նրանց հետ, որոնք Իր անունով են աղօթում եւ հաւաքւում։ Նա նաեւ յաւելեց, որ Քրիստոսը երկինք համբարձւեց ու երկնային խորան մտաւ, որպէսզի իր մարմինն ու արիւնը, որպէս կատարեալ զոհ մատուցելով Հայր Աստծուն լինի քաւութիւն եւ թողութիւն մեղաց ու նաեւ արագահաս բոլոր նրանց համար, որ Նրա անուն են կանչում ու փրկութիւն եւ բժշկութիւն են հայցում Նրանից։ Հայր Սուրբը ակնարկեց այն իրողութեան, որ երկնաքաղաքացին այն է, որ կատարում է Քրիստոսի կամքը ու իրեն պիտի զգայ Աստծու մշտնջենական ներկայութեան մէջ։
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան աւարտին տեղի ունեցաւ համահաւաք ի զօրակցութիւն Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանի եւ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման երթին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ
(Նիւթը տպագրւում է յապաւումներով)