ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝  Գեւիկ Հայրապետեանի լուսանկարչական «Երեւան» ցուցահանդէսը «Արցախ» սրահում

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Գեւիկ Հայրապետեանի ֆոտոխցիկից՝ Երեւանը» լուսանկարների ցուցահանդէսը:

Մշակոյթի տօնի առիթով կազմակերպւած լուսանկարչական ցուցահանդէսին ցուցադրութեան էր հանւել 35×40 չափսերով 42 լուսանկար: 

Ներկայ այցելուների շարքերում աչքի էին ընկնում անւանի լուսանկարիչներ եւ արւեստի գործիչներ, ինչպիսին Արման Ստեփանեանն է, կամ լուսանկարիչ Րաֆֆի Յովհաննիսեանն է, կամ Ռոբերտ Շահբազեանը, Ռազմիկ Ամիրխանեանը, Կորիւն Սարգսեանը, Թորիկը, ինպէս նաեւ Թեհրանի սիմֆոնիկ նւագախմբի խմբավար Ռազմիկ Օհանեանը, գեղանկարիչ-համալսարանի դասախօս եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Ժորժ Հայրապետեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը, անւանի երգիչ Արազ Դարէն, ուսուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով միութենականներ:

Ծրագրի մեկնարկին բացման խօսքով հանդէս եկաւ Ալին Քեշիշեանը, ով ներկայացնելով Գեւիկ Հայրապետեանի կտրած ճանապարհը նշեց, որ նա Երեւանում աշխատակցել է Մշակոյթի նախարարութեան մամուլի եւ քարոզչութեան բաժնին, որի ընթացքում նկարել է Երեւանի փառատօնային միջոցառումները:

Գեւիկ Հայրապետեանը ծնւել է 1972 թւականին Թեհրանում: Լուսանկարչութեան հետ նրա կապը գոյացել է 13 տարեկանում, երբ հայրիկը նրան է նւիրել առաջին Զենիթ մակնիշի ֆոտոխցիկը: «Այն դարձաւ իմ կեանքի անբաժանելի մասը, որով փորձում ես պահը երկու անգամ ապրել: Մի անգամ ապրելով, երկրորդ անգամ տեսնելիս»,- ասում է լուսանկարիչը:

Գեւիկ Հայրապետեանը աշխատակցել է նաեւ Երեւանեան մամուլին: 2005 թւականին Թեհրանից տեղափոխւել է Երեւան, ուր նկարել է «Արեգ» ամսագրի եւ «Կամար» էլեկտրոնային հանդէսի համար:

Հարսանեաց հանդէսների լուսանկարչի համար դէպի քաղաքային կեանք եւ վաւերագրական աշխարհ բացւած պատուհան էր Մշակոյթի նախարարութեան կողմից նրան ուղղւած առաջարկը՝ նկարելու Երեւանի փառատօններն ու միջոցառումները, որոնցից քաղւած լուսանկարներով էլ Գեւիկը թեհրանահայութեանը ներկայացաւ Մշակոյթի տօնի առիթով կազմակերպւած ցուցահանդէսով:

Լուսանկարները հիմնականում կրում են 2016-ից 18 տարիների թւականները, որոնցում արտացոլւած են քաղաքային կեանքը, «Բանակի օրւայ» հետ կապւած անցուդարձերը, մշակութային փառատօնները, թատրոն ու համերգներ, եւ այլ միջոցառումներից լուսանկարներ:

Հանդիսատեսի աչքից կարծես թէ չէր վրիպել այն փաստը, որ լուսանկարներից մի քանիսը ներկայացւած էին սեւ-սպիտակ տեսքով: Գեւիկն այս մասին նշում է, որ դրանք նկարել էր սեւ-սպիտակ ժապաւէնով, իրադարձութիւնն առանց գոյների ազդեցութեան ներկայացնելու նպատակով: Այդ թւում աչքի էին ընկնում սիմֆոնիկ նւագախմբի ելոյթը, նեարդի խաղացող պապիկները, կամ Սարեանի արձանի մօտ աթոռին գամւած գեղանկարչի լուսանկարը, ով գիրքը ձեռքին նստած ընթերցում է սպասելով պատահական յաճախորդին, ով պատրաստ կը լինի նրանից կտաւ գնել:

Գեւիկ Հայրապետեանն իր լուսանկարների մասին նշեց, որ լուսանկարներով փորձել է պատմել  քաղաքային կեանքի այն դրւագների մասին, որը տեսնելու առիթը գուցէ շատերը չեն ունեցել: Դրանք փառատօնները կամ մշակութային միջոցառումներն են, որոնց միշտ չէ, որ փողոցում կարելի է հանդիպես, կամ տեսնես ցանկացած պահի:

Բացման միջոցառման պաշտօնական բաժնի աւարտին ելոյթ ունեցաւ «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Նա միութեան անունից շնորհաւրելով Մշակոյթի օրւայ կապակցութեամբ շնորհակալութիւն յայտնեց միութեան Արւեստից բաժանմունքի պատասխանատուններին՝ նման ցուցահանդէսի կազմակերպմանն աջակցելու համար:

Պրն. Օհանեանը թւարկելով իրանահայ լուսանկարիչներից քանիսի անունները պատմեց Նիկոլ Ֆարիդանիi հետ իր յուշերից մէկը, որտեղ անւանի լուսանկարիչն իր կարմիր բլէյզերով երեք օր էր անցկացրել անապատում՝ ընդամէնը մէկ կադր մայրամուտից ունենալու համար: «Դա առաջին օրը հնարաւոր չի եղել նկարել տարբեր պատճառներով, իսկ երկրորդ օրն ամպամած երկնքի, իսկ երրորդ օրը լուսանկարիչը հազիւ առիթ է ունեցել պատկերը ժապաւէնին փոխանցելու համար»:

Բացման միջոցառմանը ասմունքային եւ երգային կատարումներով հանդէս եկան Հերմինէ Օրուջեանը (Պարոյր Սեւակի ստեղծագործութիւններից) ասմունքով եւ Էրիկա Դաւթեանը (Էրեբունի) երգային կատարմամբ:

Արժէ նշել, որ անկախ լուսանկարների տեխնիկական բնութագրերից կամ ցուցահանդէսի տեսակից, ողջունելի քայլ է Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան այս նախաձեռնութիւնը,  քանի որ երկար տարիներ դադարից ու սառեցւած վիճակից յետոյ տեղի է ունենում լուսանկարչական ցուցահանդէս: Փաստ է, որ համայնքում լուսանկարիչների պակաս չկայ, յատկապէս հանրայայտ լուսանկարիչների, սակայն նրանք կարող են իրենց անտեսւած զգալ, յատկապէս, երբ մշակութային կարեւոր փառատօններում ներկայանալու առիթներ չեն ունենում:

Մեծ հետաքրքրութիւն կարող է առաջացնել լուսանկարչական ցուցահանդէսը, երբ այն օրւայ շունչին ու չափորոշիչներին համապատասխան է իրականացւած լինում: Ո՛ր չես կազմակերպում՝ այդ շունչն էլ է պակասելու, չափորոշիչներից էլ ես հեռու ընկնելու, եւ երկու ձեռքով՝ արւեստագէտին էլ, նրա արւեստն էլ ես օտար դարձնում քեզանից:

Այնուամենայնիւ, խօսքի թելը շարունակելով կարելի է արձանագրել, որ Գեւիկ Հայրապետեանի լուսանկարների ցուցահանդէսը կարեւոր իրադարձութիւն էր նախ այն բանի համար, որ 52-ամեայ լուսանկարիչը վերջապէս փորձել է ցուցահանդէսով երեւալ: Իսկ «տաշած քարը գետնին չի մնայ»-ի ժամանակակից տարբերակը կայ նաեւ: «Այն գետնին կը մնայ, եթէ չեն վերցնում ու շպրտում դէմքիդ»: Չար կատակը մի կողմ թողնենք եւ նշենք, որ ցուցահանդէսով ներկայացւած լուսանկարները կրում էին «վաթըրմարք» լուսանկարչի անունով: Ճիշտ է՝ չկա՛յ նման բան արգելող կէտ, սակայն չգրւած օրէնքի պէս ոլորտով զբաղւողների համար պարզ է, որ ցուցահանդէսով ներկայացւող կադրերը պէտք է այդ առումով լինեն մաքուր:

Երկրորդ՝ եթէ պատմած պատմութիւնը «ֆայն-արթ» չէ, կամ ինչպէս կասեն՝ «անանուն» գործեր չեն դրանք, կամ «Արցախ» սրահում տեղի ունեցած ցուցահանդէսի պէս անցնում են փաստավաւերագրական լուսանկարչութեան տարածութեան մէջ, ապա անհրաժեշտ է համապատասխան ստանդարտներով ներկայացնել պատմութիւնը: Այդ դէպքում ցուցահանդէսին պէտք է ունենալ յայտարարութիւն (սթէյթմենթ, որով լուսանկարիչը պատմում է պատումի հիմնական շարժառիթների կամ նպատակի մասին): Իսկ լուսանկարների դէպքում անհրաժեշտ է իւրաքանչիւր կադրի համար ներկայացնել «նկարագրութիւն» կամ քափշըն, ինչը համարւում է վաւերագրական լուսանկարի անձնագիր:

Հասկանալի կը լինի, եթէ ի պատասխան ասւի, որ  նման իրադարձութիւնների առաջին քայլերը կարող է եւ թռիչքին պատրաստ ամրութիւն չունենան, սակայն պէտք է կրկնեմ, որ ողջունելի է քայլը, ինչպէս նաեւ Գեւիկ Հայրապետեանի համարձակութիւնը: Սակայն եթէ ամէն մէկը ժամանակին իր դերում լինի, այդ դէպքում նշածս նկատառումները ժամանակից առաջ ընկնելու տեսք ու միտում չեն ներշնչելու:

Եւս մէկ կարեւոր իրականութիւն, որը պէտք է համարել «Երեւան» ցուցահանդէսի ձեռքբերում, իրանահայ լուսանկարիչների հանդիպումն էր միմեանց հետ, որը բազմաթիւ պատճառներով երկար ժամանակ է ինչ չի ստացւում: Ռոբերտ Շահբազեանն այս մասին նշելով յաւելում է, որ ցուցահանդէսների կազմակերպումը մեծ ծախսերի նայող աշխատանք է: Տպագրութեան ծախսերի ծանրութիւնը մի կողմից, իսկ ցուցասրահների ներկայացրած պահանջները միւս կողմից, պատճառ են դառնում՝ ինքդ քեզ համար աշխատես: Իսկ, եթէ որեւէ մէկն իր տան պատին արւեստի գործ կախելու ցանկութիւն է ունենում, ապա նա եւս հնարաւորութիւն չի ունենում իրանահայ լուսանկարչի գործերը տեսնել՝ գնելու համար,- նշում է Ռոբերտ Շահբազեանը:

Ցուցադրութեան հանւած լուսանկարների կողքին, դահլիճում տեղադրւած սեղանի վրայ, հին ֆոտոխցիկների տեսականին էր շարւած կողք-կողքի, որոնք ժամանակի մեքենայի պէս կարող էին այցելուներին տեղափոխել անալոգ ժամանակաշրջան, երբ լուսանկարիչը ստիպւած էր լինում մտքում պահել նկարած կադրերի հաշիւը, կամ այն՝ որ դեռ  քանի նկարի հնարաւորութիւն կայ:

Related Articles

Back to top button