Արման Թաթոյեան. «Ադրբեջանական յօրինւած ծրագրի համաձայն՝ մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինաւուրց Ադրբեջանին»»

Ադրբեջանական յօրինւած ծրագրի համաձայն՝ մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինաւուրց Ադրբեջանին»։
Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը։
«Հայաստանի զաւթման ադրբեջանական իշխանութեան ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պօղոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին եւ Ախթալայի Սուրբ Աստւածածին վանքը պատկանում են «հինաւուրց Ադրբեջանին»։
Ըստ այդ ծրագրի կեղծ տւեալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանութեան տարածքում, եւ հայերը մեղադրւում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մէջ։
Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնւելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերւել» են Իրանից եւ Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից յետոյ էլ նրանք իւրացրել են տաճարը։
Հայաստանի զաւթման ծրագրի կեղծիքների համաձայն՝ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պօղոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին։ Իբր դա «հին թուրքական» տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում, իսկ հայերն առաջին անգամ Ապարան են բերւել եւ բնակեցւել Թուրքիայից 1829-1830 թթ։
Ըստ ադրբեջանական յօրինւած ծրագրի՝ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստւածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչեւ 20-րդ դարի կէսերը հայեր իբր չեն ապրել»,- գրել է Թաթոյեանը։
Tert.am