Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Հիմա հասկանո՞ւմ էք, թէ Արցախի էջը փակւած համարող իշխանութիւնն ինչո՞ւ յարձակւեց եկեղեցու վրայ»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալաստեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ եւ մարդասիրական խնդիրներ» բանաձեւում փոփոխութեան առաջարկ էի արել, որով մասնաւորապէս արձանագրում էի՝

-ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտութիւն հասկացութիւնը․

-Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան շարունակւող ոչնչացումը․

-Պահանջում, որ մինչեւ գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելութիւն ուղարկւի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների եւ պահւող այլ անձանց պահման պայմանները եւ դատական գործընթացները։

Հայաստանի պատւիրակութեան անդամ ՔՊ-ականները դեռ Երեւանից չմիացան նախաձեռնութեանս, փոխարէնը նախաձեռնութեանս միացան՝ Ֆրանսիան, Յունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամաւորներ Վալերի Բուայէն, Իրէն Չարալամբիդիսը, Կիրիակոս Հաջիանին, Քարօղլուն, Պապաթանասիսը, Սենեկիսը, Սիրիգոսը եւ Կ․ Ալիշիան։

Քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած լիտւացի պատգամաւորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են եւ եկել եզրակացութեան, որ առաջարկս պէտք է մերժել, որովհետեւ կողմերի համար զեկուցողի ներկայացւած տեքստն է ընդունելի։

Հիմա հասկանու՞մ էք, թէ Արցախի էջը փակւած համարող իշխանութիւնն ինչո՞ւ յարձակւեց եկեղեցու վրայ, այն բանից յետոյ, երբ Վեհափառ Հայրապետի առաջարկով Շւէյցարիայում Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան վերաբերեալ խորհրդաժողով կազմակերպւեց։

Այնուամենայնիւ, մի քանի երկրներից՝ Ֆրանսիա, Յունաստան, Կիպրոս, Կանադա, Բելգիա, Անդորա, Շւեդիա, կողմ քւէարկեցին իմ նախաձեռնութեանը։

Իսկ ամենացաւալին այն է, երբ այլ երկրների պատւիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատւիրակութիւնը չի միացել նախաձեռնութեանը…»:

Related Articles

Back to top button